Այո՛, պատերազմի վտանգը կա, ու հասարակությունը պետք է պատրաստ լինի. ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, Ներքին Հանդում տեղի ունեցած սահմանային միջադեպով Ադրբեջանն ի՞նչ հիմնական նպատակ է հետապնդում։

– Բացարձակապես պատահականություն ու անակնկալ չէր, որ Ալիևը ընտրությունից անմիջապես հետո արեց մեկ քայլ, ու այդ քայլը որդու հետ ռազմական ամենակարևոր օբյեկտներից մեկն այցելելն էր, որտեղ «Բայրաքթարների» վարժանքներ են անցկացվում, ու այնտեղ, բնականաբար, առկա է թուրքական ռազմական ներկայացուցչություն։ 

Այն, որ նրա նախընտրական ծրագիրն ամբողջությամբ կառուցված էր Հայաստանի հետ հարաբերությունների ու փաստացի Հայաստանի ու հայերի նկատմամբ ատելության հիման վրա, այլ բան սպասել պետք էլ չէր։ 

Ալիևի արտահերթ ընտրության գնալու կարևորագույն նախապայմաններից էր այն, որ ինքը կարողանա գոնե ձևականորեն սեփական հասարակության աչքում լեգիտիմացնել հետագա հարձակումները ու նրանց պատրաստել դրան, որոնք, ցավոք սրտի, լինելու են, որովհետև թշնամին արդեն բացեիբաց խոսում է այն մասին, որ Հայաստանի ամբողջ տարածքն ընդհանրապես Արևմտյան Ադրբեջան է։ 

Այսօրվա իրադարձությունների համար նրանք արդեն երեկ պարարտ հող նախապատրաստեցին, դրանից առաջ էլ ռազմական համագործակցությունն էր ընդլայնում, զորավարժություններ անցկացնում։ Ադրբեջանը փորձելու է ամեն կերպ ցույց տալ, որ իրենց սահմաններին առկա է իբր ահաբեկչության վտանգ, ու շարունակել իրադրությունը սրել ու տանել դեպի ռազմական լայնածավալ գործողություններ ու փորձել կորզել այն, ինչ հնարավոր կլինի։

– Այդ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը մե՞ծ է։

– Այն պարագայում, երբ թշնամին սպառնում է ոչնչացնել մեր պետությունը, ոչինչ չեմ բացառում։ Ադրբեջանը միանշանակ միայն զարգացնելու է ռազմատենչ հռետորաբանությունն ու ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի, շարունակելու է ռազմական հանցագործություններ կատարել, ուղղակի ոտնահարել միջազգային իրավական նորմերը, ու սրան զուգահեռ ասել, թե պատերազմի հավանականությունը փոքր է, բնականաբար, սխալ եմ համարում։ 

Այո՛, պատերազմի վտանգը կա, ու հասարակությունը պետք է պատրաստ լինի։ 

– Ռազմական այս ագրեսիայի թիրախային նպատակը ո՞րն է, «անկլավնե՞րը», պարո՛ն Փոլադյան։

– Առաջնային նպատակն է ճնշում գործադրել բոլոր ուղղություններով ու իրենց համար կարևոր ոլորտներում հնարավորինս շատ ձեռքբերումներ ունենալ։ Երբ խոսքը տնտեսական զարգացման մասին է, ադրբեջանցիները կրակում են գործարանի վրա, երբ խոսքը ավիացիայի զարգացման մասին է, կրակում են օդանավակայանի վրա և այլն։ 

Տարածքների մասով՝ նրանք, բնականաբար, ուզում են հնարավորինս շատ ռազմավարական նշանակության բարձունքներ, ճանապարհներ վերցնել վերահսկողության ներքո, դրանով փորձել ճնշում գործադրել, որպեսզի «անկլավները» վերադարձնեն: Նրանք, բնականաբար, չեն խոսում Արծվաշենը վերադարձնելու մասին, փորձում են մոռացության մատնել Արցախի դեօկուպացիայի հարցը ու, իհարկե, ազդել հայ հանրության հոգեբանական վիճակի վրա։ 

Զուգահեռաբար չպետք է մոռանանք պանթուրքիզմի գաղափարի մասին, որովհետև դա հիմքն է, անկյունաքարն է այն բոլոր իրողությունների, որոնց մենք այսօր ականատես ենք լինում։ Թշնամին նպատակ չունի հրաժարվելու իր առջև դրված նպատակներից, մենք իրապես հրատապ քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն ունենք, ու դրան զուգահեռ հասարակությունը պետք է պատրաստ լինի վատ զարգացումների, բայց դրանցում հաջողելու պատասխանատվություն կրում ենք բոլորս։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am