«Հասկացա՝ եթե մտածեմ անցյալի մասին, ոտքի չեմ կանգնի, իսկ ես ուժեղ եմ, ես չեմ հանձնվում». Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ցավից՝ հաղթանակ

Հռիփսիմե Խուրշուդյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, www.DaphneArmenia.com)

«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Հռիփսիմե Խուրշուդյանի մասին է։ «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

Հայաստանի երբեմնի լավագույն կին ծանրամարտիկներից մեկը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, որակազրկման 6 տարիների ընդմիջումից հետո վերադարձավ մեծ սպորտ՝ իր իսկ ձևակերպմամբ՝ բարի համբավը վերականգնելու: 

Հունիսին Ալբանիայի մայրաքաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում 35-ամյա Հռիփսիմեն ուժեղագույնների պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը: Ավելի քան 20 տարվա մարզական կարիերայից և շուրջ 90 մեդալներից հետո այս մասնակցությունն առանձնահատուկ կարևորություն ուներ Հռիփսիմեի համար․ եկել էր իրեն ու մյուսներին ապացուցելու՝ ինքը չի հանձնվում:

«Իմ որոշումը մեկն էր՝ ես հետ չեմ նայելու։ Երբեք։ Միայն առաջ։ Այո՛, հետևում ես այնքան բան ունեի թողած՝ արժեքավոր, կարևոր, բայց ես հասկացա՝ եթե մտածեմ միայն անցյալի մասին, ոտքի չեմ կանգնի։ Իսկ ես նույն Հռիփսիմեն եմ՝ ուժեղ, չկոտրվող, ես չեմ հանձնվում»,- ասում է ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։

Առաջին անգամ Հռիփսիմեն մարզադահլիճ մտավ 11 տարեկանում, ծնողներից թաքուն՝ պարապմունքներին հետևելու։ Մարզիչը՝ Սարմեն Եսայանը, միանգամից նկատեց կիսաբաց դռան արանքից նայող փոքրիկ աղջկան, ստուգեց արմունկներն ու միանգամից ասաց՝ սա քոնն է, դու չեմպիոն ես դառնալու։ 

Առաջին անգամ միջազգային մրցման մասնակցեց 14 տարեկանում։ Առաջին աղջիկ ծանրամարտիկն էր, որ ներկայացնելու էր Հայաստանը։ Ինքը 38 կգ էր, բարձրացրած ծանրաձողը՝ 40։ Հռիփսիմեի առաջին մեդալն էր և անրակների վրա առաջին կոշտուկները։ Հռիփսիմեն հիշում է ծանրաձողը բարձրացնելիս պարանոցի պրկված, կապույտ երակը ու կրծքավանդակից դուրս թռչող սիրտը․ վախենում էր չարդարացնել իր նկատմամբ եղած վստահությունը։ Վախն անցավ, երբ պարանոցից կախվեց առաջին մեդալը:

«Մինչև առաջին հաղթանակս՝ շուրջբոլորը մարդիկ անընդհատ զարմանում էին, թե աղջիկն ի՞նչ գործ ունի ծանրամարտում։ Ինչի՞ համար։ Ասում էին՝ մարմինդ մկանոտ կլինի, չես ամուսնանա, երեխա չես ունենա։ Բայց մարդիկ սիրում են հաջողակներին։ Առաջին մեդալից հետո ամեն ինչ փոխվեց․ նույն այդ մարդիկ շարունակ հպարտանում էին ինձնով ու իմ հաղթանակներով, գոնե՝ առերես»,- ասում է Հռիփսիմեն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: