Չկա որևէ բան, որը կարող է ակնհայտորեն հուշել, թե Ռուսաստանը պատրաստ է փոխելու իր քաղաքականությունը. Նարեկ Սուքիասյան

Լուսանկարը՝ aua.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը 

– Պարո՛ն Սուքիասյան, Նիկոլ Փաշինյանի ծավալուն ասուլիսի ընթացքում, արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչած պատասխաններից ելնելով, կասեք, թե ի՛նչ մեսիջներ կային, ու ո՞ւմ էին ուղղված դրանք։ Ռուսաստանից հեռանալու որոշում ունի՞ Հայաստանը, եթե նկատի ունենանք ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի պատասխանը։

– Վարչապետի ասուլիսից արտաքին քաղաքականության նոր ուղղություններ դժվար է դուրս բերել, ավելի շատ՝ հին, գոյություն ունեցող միտումների սրացում կամ մակարդակի բարձրացում, մասնավորապես Ռուսաստանի ուղղությամբ։ Կարծես թե, պաշտոնական ամենաբարձր մակարդակով առաջին անգամ հնչեցվեց ՀԱՊԿ-ը լքելու իրական հեռանկարի մասին: Իհարկե, Անվտանգության խորհրդի քարտուղարն ամիսներ առաջ ասել էր, որ ժամանակին նման հարց քննարկվել է, բայց Փաշինյանի շուրթերից լսվեց կարծես թե վերջնագրային տեքստ, որի պատասխանն ինքն էլ գիտեր, որովհետև ՀԱՊԿ-ը այն ձևով, ինչպես ուզում է Հայաստանի իշխանությունը, վերջին 2-3 տարիների ընթացքում չի սահմանել իր պատասխանատվության գոտին։ 

Չեմ էլ կարծում, թե իշխանական շրջանակներն ունեն որևէ այլ ակնկալիք Ռուսաստանից, քան տեսնում են այսօր։ Սա ուղղակի ինչ-որ արդարացնող հիմքերի ամրապնդումն է՝ հետագա որոշումները կայացնելուց առաջ, երբ ժամանակը կգա ՀԱՊԿ-ում մնալու կամ այն լքելու։ 

Նիկոլ Փաշինյանը դեռ վաղ է համարում արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հաջողությունների մասին խոսելը ։ Ըստ ձեզ՝ կհաջողի՞ Հայաստանն այս հարցում։

– Ցավոք, այդ հարցի պատասխանը չունեմ։ Դիվերսիֆիկացում ասելով՝ հանրային ու իշխանական ընկալումների մեջ կարծես թե առաջին հերթին նկատի ունեն հեռացում Ռուսաստանից կամ Ռուսաստանից կախվածության նվազեցում ու ավելի մերձեցում Արևմուտքի հետ, ինչը բնավ դասական-քաղաքագիտական դիվերսիֆիկացում չէ, որը կբխեր բոլորի շահերից: 

Իհարկե, այստեղ հաճախ նաև ներմուծում են Հնդկաստանի գործոնը, որը լուրջ դերակատարություն ունի Հայաստանի սպառազինության թարմացման մեջ: Կարելի է ասել, որ Հնդկաստանը այն բոլոր դիվերսիֆիկացված գործընկերներից, որոնց ձեռք է բերել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում, լրջագույնն է՝ ռազմատեխնիկական առումով։ Բայց, թվում է, դիվերսիֆիկացման համատեքստում չի արժանանում այն ուշադրությանը, ինչին արժանի է, մինչդեռ արևմտյան դիվերսիֆիկացումը քաղաքական ավելի բարձր արժևորում է ստանում, որի գինն էլ, ցավոք, ավելի բարձր է:

Արևմուտքի շնորհիվ դիվերսիֆիկացումը Ռուսաստանի կողմից, գիտենք, ավանդաբար բացասական ռեակցիայի է արժանանում, ու դրանից կարող են որոշ բացասական հետևանքներ լինել Հայաստանի համար: Մինչդեռ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, կարծես թե, բնավ նման արձագանքի չի արժանանում, ավելին՝ Հայաստանի ու Հնդկաստանի միջոցով գործարկվող նոր ավիամիջանցքը, որը հենց ռազմատեխնիկական մատակարարումների լոգիստիկան պարզեցնելու համար է, սպասարկվում է ռուսական կազմակերպության կողմից՝ ըստ բաց ու հասանելի տվյալների։ Այսինքն՝ ոչ միայն բացասական վերաբերմունք չկա, այլ նաև ինչ-որ համագործակցության եզրեր կարող են լինել։ 

Դիվերսիֆիկացումը լավ կլինի անել ոչ թե փոխարինելով մի բևեռը մյուսով, հատկապես՝ մարտնչող, միմյանց էքզիստենցիալ 

վտանգ համարող բևեռներով, այլ գնալ հենց բազմավեկտոր քաղաքականության, երբ ամեն մի հարցում կարող ես ունենալ տարբեր գործընկերներ կամ նույն հարցի շրջանակներում ունենալ բազմաթիվ գործընկերներ։ 

– «Իհարկե, մենք լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտ է, որ հիմա մեծ աշխատանքներ են սպասվում, մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Կհստակեցնենք և կխոսենք՝ համապատասխան այն հայտարարությունների, որոնք արել է պարոն վարչապետը»,- սա ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Փաշինյանի այդ հայտարարությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը, ու արդյոք այդ քննարկումներից հետո Հայաստանը կմնա՞ ՀԱՊԿ-ում, պարո՛ն Սուքիասյան։

– Պեսկովի արձագանքը շատ կանխատեսելի էր, որովհետ Ռուսաստանը հաճախ նման հայտարարություններին նույն կերպ է պատասխանում։ Ենթադրում եմ, որ կողմերն այդ շփումների հետ հույսեր են կապում ու դրանց մոտենում են կառուցողական նախատրամադրվածությամբ ու հավատում են դրանց հնարավոր դրական ելքին։ 

Հայաստանի իշխանությունների մոտ, առնվազն վերջին կես տարվա ընթացքում, բացակայում է նման տրամադրվածությունը, որ հնարավոր է Ռուսաստանի հետ հարցերը լուծել երկխոսության միջոցով, որ հնարավոր է Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխել կամ մոտարկել Հայաստանի դիրքորոշմանը։ 

Ըստ իշխանությունների՝ կա նախատրամադրվածություն, որ Ռուսաստանը ոչ բարեկամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ ու բնավ շահագրգռված չէ հարցերի փոխընդունելի ու փոխշահավետ լուծմամբ։ Ռուսաստանի կանխամտածվածության մասին դժվար է խոսել առանց կոնսպիրացիաների մեջ ընկնելու, որովհետև դա շատ ավելի փակ համակարգ է ու ավելի դժվար է հայտարարություններից անդին ընթերցումները: Ըստ իշխանության՝ չկա որևէ բան, որը կարող է ակնհայտորեն հուշել, թե Ռուսաստանը պատրաստ է փոխելու իր քաղաքականությունը, որ վարում է վերջին 2-3 տարիներին։ 

Հայաստանի կողմից այս հայտարարությունը կարելի է ընդունել որպես վերջնագիր՝ մինիմալ հույսով, որ նման տոնով խոսելը կարող է փոխել Ռուսաստանի քաղաքականությունը, բայց դրա հավանականությունը փոքր է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am