«Ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը Ամուլսարի հարցով սթափ և ճիշտ որոշում կկայացնի՝ հօգուտ երկրի և հօգուտ իր ժողովրդի». Լալա Մնացականյան

«Ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը Ամուլսարի հարցով սթափ և ճիշտ որոշում կկայացնի՝ հօգուտ երկրի և հօգուտ իր ժողովրդի». Լալա Մնացականյան
«Ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը Ամուլսարի հարցով սթափ և ճիշտ որոշում կկայացնի՝ հօգուտ երկրի և հօգուտ իր ժողովրդի». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասանուհի Լալա Մնացականյանը

– Տիկի՛ն Մնացականյան, այս փուլում Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը բուռն քննարկման է ենթարկվում։ Ի՞նչ կարծիք ունեք այս խնդրի մասին։

– Ես դեռևս 2017 թվականին եմ Ամուլսարի մասին իմ կարծիքը հայտնել։ Դեռ այն ժամանակից ես կտրականապես դեմ եմ այդ հանքավայրի շահագործմանը, որովհետև գտնում եմ, որ այն չի կարելի շահագործել։ Ասում են՝ բա մյուս հանքերն աշխատում են։ Հասկացանք, եթե մյուս հանքերն աշխատում են, նշանակում է՝ այս հա՞նքն էլ պետք է աշխատի։ Ես ուսումնասիրել եմ, դեռ այն ժամանակ բոլոր նյութերը նայել եմ, կտրականապես դեմ եմ, քանի որ այդ հանքավայրի շահագործումը վտանգ է ներկայացնում։

– Այո, դուք ճիշտ նկատեցիք, որ բարձրացվում է նաև մյուս հանքերի հարցը։ Չե՞ք կարծում, որ հանքարդյունաբերության ոլորտի առկա խնդիրներին գլոբալ լուծում պետք է տալ։

– Ճիշտ է, մենք ունենք շատ հարուստ հանքեր։ Եթե դրանք լավ տեխնոլոգիաներով աշխատեցնեն… բայց բացառվում է, որ այդ տեխնոլոգիաներով աշխատեցնեն։ Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խնդիրը լուծել, որ հետագայում հանքերի աշխատանքը կարգավորվի։ Այն ժամանակ այնպիսի ղեկավարություն էր, որ մտածում էր քամել, երկրից վերջին ռեսուրսն էլ հանել, թքած, թե երկիրը չի լինի։ Նրանք այդպիսի մտածողությամբ մարդիկ էին, դրա համար էլ մեր երկրի հարցերը լուծեցին։

Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ վիճակում է հայտնվելու այս Կառավարությունը, բայց որ նրա համար շատ դժվար է լինելու, հաստատ է։ Ամեն դեպքում կարծում եմ՝ Ամուլսարը Կառավարության փորձաքարերից մեկն է լինելու։ Սա շատ լուրջ հարց է, Կառավարությունը պետք լսի ժողովրդի ձայնը։ Եվ բավական է մեզ վախեցնեն, թե ներդրումներ չեն լինի։ Ներդրումներն այդ հարցի հետ կապ չունեն, չի կարելի շահարկել, սա մանիպուլյացիա է։ Եթե ներդրումներ լինելու են, կլինեն, եթե չեն լինելու, առանց Ամուլսարի էլ չեն լինի։ Ի՛նչ լուրջ ներդրումների մասին է խոսքը, «Լիդիանը» ե՛րբ է լուրջ եղել։

Ես նայել եմ տվյալները, և՛ Կոսովոն, և՛ Վրաստանը, և՛ Թուրքիան մերժել են այդ ընկերության գործունեությունն իրենց երկրում։ Այդ ինչ հրեշ մեծացրեցինք այս մի քանի տարվա ընթացքում։ Իհարկե, այստեղ նաև խոշոր պետություններն են «խաղում»։

Բայց ես կարծում եմ՝ հարցը հօգուտ մեր երկրի ու մեր բնակչության առողջության պետք է լուծվի։ Թե չէ կստացվի շատ զավեշտալի իրավիճակ, մենք արգելում ենք ծխել, ինչ ծիծաղելի է, սա կարծես անեկդոտ լինի։ Ծուխը վնաս է, բայց դրա փոխարեն նման ծրագրեր ենք թույլ տալիս։

Ասում են՝ եթե մեկ տոկոս անգամ ռիսկ լինի… Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ մեկ գրամ աղտոտվե՞լ է, թե՞ ոչ։ Ո՞նց կարող է հանքը չաղտոտել միջավայրը։ Այս փոքր հողի վրա ի՞նչ ենք ուզում՝ հարյուր հանք, ատոմակայան։ Մենք այնքան ռեսուրսներ ունենք, որ 3 միլիոն ժողովրդին հաստատ կպահենք։

– Բողոքի ալիք է բարձրացել հանքավայրի շահագործման դեմ, ի՞նչ եք կարծում, եթե շահագործման որոշում կայացվի, հնարավո՞ր է հանրային լայն ընդվզում լինի, թե՞ միայն նեղ շրջանակների է այս հարցը հուզում։ 

– Նման կանխատեսումներ չեմ կարող անել, բայց կարծում եմ՝ անկանխատեսելի բաներ կարող են լինել։ Եվ ես ցավում եմ, որ այս հարցը շահարկվելու է և խարխլելու է շատ հիմքեր, եթե որոշ քայլեր չձեռնարկվեն։ Ամեն դեպքում ես ուզում եմ հավատալ, որ Փաշինյանը սթափ և ճիշտ որոշում կկայացնի՝ հօգուտ երկրի և հօգուտ իր ժողովրդի, որը իրեն ընտրել է։

– Նախկինում հարստացած պաշտոնյաների դեմ պայքարը կարծես նոր թափ է ստանում։ Օրերս նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց։ Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացին։ Կան կարծիքներ, որ նախկին պաշտոնյաների՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերած ունեցվածքը վերադարձնելու գործընթացը դանդաղում է։

– Մարդու նկատմամբ գործ հարուցելու համար պետք է ստույգ փաստեր լինեն։ Էմոցիոնալ չի կարելի ասել՝ դու գող ես, և վերջ։ Բայց կարելի է նրանց բոլորին հավաքել և ունեցվածքը հետ բերել։ Պետք չէ, որ նրանք ազատազրկվեն, թող մինչև վերջին կոպեկը բերեն ու փողերը տան և ապրեն իրենց հասանելիք արդար թոշակով։

Նրանք այս տարիներին այնքան են կեղեքել ժողովրդին, այնքան շատ են եղել այդ կեղեքողները, որ, այո՛, ժողովուրդն ակնկալում է դա, որ սրտները հովանա։ Ի վերջո, պետք է արդարություն լինի, որովհետև երբ մենք աղքատ ենք եղել, մեղավորը նրանք են։ Եվ ժողովուրդն ուզում է արդար պատիժ տեսնել։ Հետևաբար, այսօր ինչ էլ անում են իրավապահները, մարդիկ ասում են՝ դանդաղ է, քիչ է։

Ես այսպես եմ մտածել, եթե մարդը գողացել է 200 մլն դոլար, թող այդ 200 մլն դոլարը բերի, ջհանդամ, թե հետո ուր կգնա։ Այս 30 տարիների ընթացքում մեր երկրի 3 մլն ժողովուրդը կարող էր ապրել շատ լավ, իսկ մենք ապրեցինք շատ-շատ վատ։ Եթե բոլոր թալանածները հետ բերեն, կարծում եմ՝ հնարավոր է բարեկեցությունը բարձրացնել։

Ի միջի այլոց, եթե նրանց թալանածները հետ բերեն, կստացվի, որ նրանք ներդրում են արել, ներդրումների հարցը կլուծվի, և երկիրը կբարգավաճի։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am