Լուռ պայքար. «Տղաս գոռալով եկավ, թե՝ դռները փակեք, թուրքերն էլի կրակում են». երեխաները և պատերազմը

8-ամյա Ալեքսը տեղահանվելուց հետո ինքնամփոփ է դարձել, մեկուսացել է շրջապատից ու դպրոցում չի շփվում և չի խոսում ոչ մեկի հետ։ Որևէ բառ չի արտաբերում։ Նրա եղբոր՝ 9-ամյա Հայկի մոտ ևս խնդիրներ են ի հայտ եկել: Երեխաների մայրը՝ Ռոզա Մովսիսյանը, նշում է՝ Արցախից տեղահանվելուց հետո որդին խոսքի խնդիրներ ունի։ 

Գիշերային մղձավանջներ, վախեր, խոսքի զարգացման հապաղում՝ երեխաների մոտ նկատվող տարբեր հոգեբանական խնդիրները մտահոգվելու լուրջ պատճառ են դարձել Մովսիսյանների ընտանիքի համար: 

«Երեխաներս գիշերը արթնանում ու լացում են, վախը մեջներն ա։ Որ մի ուժեղ ձայն են լսում՝ անձրևի, քամու, միանգամից վախեցած դեմքիս են նայում, որ տեսնեն, ես էլի ասո՞ւմ եմ՝ արագ թաքնվեք, թե՞ ոչ։ Մեր տան կողքը զորամաս կա, որտեղ երկու օր առաջ էլ զինվորները վարժվում էին, տղաս գոռալով ահաբեկված եկավ, թե՝ դռները փակեք, թուրքերն էլի կրակում են»,- պատմում է Ռոզան՝ երեխաների մայրը։ 

Արցախի Ճանկաթաղ գյուղից բռնի տեղահանված Մովսիսյանների ընտանիքում հինգ անչափահաս երեխա է մեծանում: Ծնողներն ասում են, որ երեխաներից երեքի մոտ ակնհայտորեն տարբեր խնդիրներ են նկատել, որոնք հաջորդել են պատերազմական գործողություններին, տեղահանությանը: Տեղահանվելուց հետո հոգեբանական աջակցություն, կարելի է ասել, չեն ստացել, միայն երեխաներից մեկի հետ մեկ անգամ հոգեբան է աշխատել, արձանագրել, որ կան խնդիրներ, և մասնագետի հետ երկարատև աշխատանքի կարիք կա, սակայն հետագայում, նշում են, որ սպասված հոգեբանական աջակցությունն այդպես էլ չեն ստացել: 

Ոչ ապահով միջավայր, տևական սովի զգացում, ռազմական գործողություններ, տան ու սիրելի միջավայրի կորուստ… Մասնագետների հավաստմամբ՝ Արցախից տեղահանված հատկապես երեխաների համար այս դժվարությունները կարող են հոգեբանական ու ֆիզիկական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: 

«Երեխաների դեպքում հոգեբաններից առավել քան ուշադիր, յուրահատուկ մոտեցում է պահանջվում, մասնագետը պետք է օգնի երեխային անցում կատարել»,- ասում է «Այգ» հոգեբանական կենտրոնի մանկական հոգեբան Անի Սարգսյանը, որը նաև Արցախից տեղահանված երեխաների հետ աշխատանքի փորձ ունի: 

2020-ի Արցախյան պատերազմին հաջորդած բլոկադան, ապա բռնի տեղահանությունը ավելի քան 100 000 արցախցիների անտուն թողեց: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ 100 000 բռնի տեղահանվածների առնվազն մեկ երրորդը՝ 30 000-ը երեխաներ են:

«Առաջին օրերին երեխաներն ավելի հանգիստ էին, բայց շփոթված՝ չգիտեին՝ որտե՞ղ են հայտնվել, ի՞նչ է իրենց սպասում։ Վախերն ավելի ուշ ի հայտ եկան»,- ասում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ հոգեբան Արփինե Հովհաննիսյանը։ Կազմակերպությունը հենց առաջին օրերից աշխատել է Արցախից Գորիս տեղափոխված ընտանիքների հետ։ 

Հոգեբանը նկատում է, որ երեխաների վրա մեծ ազդեցություն էր թողնում նաև ծնողների հոգեբանական ծանր վիճակը։ Եթե սկզբնական շրջանում երեխաները իրենց տեսածն ու ապրածը հեքիաթի պես էին պատմում, արդեն ավելի ուշ պարզ էր դառնում, որ այդ ամենը նրանց հոգեբանության վրա խոր հետք է թողել։

«Նշում էին, որ բարձր ձայներ ու բղավոցներ լսելիս վախենում են։ Երեխաների մոտ նկատվում էին ագրեսիվություն, ինքնամեկուսացում, չէին ուզում նոր ընկերներ ձեռք բերել, ուզում էին շփվել միայն արցախցիների հետ, անընդհատ փորձում էին պաշտպանվել անգամ իրենց հասակակիցներից, անընդհատ վերադառնալու ցանկություն ունեին, ու արդեն պայմանականորեն երրորդ փուլում խոր հոգեբանական աշխատանք տանելու անհրաժեշտության կարիք եղավ»,- ասում է հոգեբանը։ 

«Սեյվ դը չիլդրեն» (Save the Children) միջազգային կազմակերպության «Դադարեցրեք երեխաների դեմ պատերազմը. պաշտպանելով երեխաներին 21-րդ դարի հակամարտությունում» զեկույցում նշվում է, որ պատերազմը, զինված հակամարտությունները, բռնությունն ու անապահովությունը կարող են երեխաների հոգեկան առողջությանը երկարատև վնաս հասցնել, եթե երեխաներին համապատասխան մասնագիտական աջակցություն չտրամադրվի: 

«Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մեջ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, առանց անհապաղ աջակցության, նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ»,- արձանագրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: 

«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետևանքները, եթե շարունակական աջակցություն չստանան»,- նշել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հոգեբան Արփի Հովհաննիսյանը, որը կենտրոնի ևս երկու հոգեբանի հետ 2023 թ. սեպտեմբերից մինչև 2024-ի փետրվար հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 500 հոգու, այդ թվում երեխաների, ևս արձանագրում է. եթե ի հայտ եկած հոգեբանական խնդիրները սկզբնական փուլերում անտեսվում են, հետագայում ավելի լուրջ ու բարդ խնդիրների ու բարդույթների կարող են հանգեցնել՝ առողջական խնդիրներից՝ դող, ջերմություն, գիշերամիզությունից մինչև նևրոզներ։ 

«Սկզբնական շրջանում ծնողները վախենում էին այդքան մարդկանց մեջ կորցնել երեխաներին ու հրաժարվում էին կենտրոն բերել երեխաներին հոգեբանական աջակցություն ստանալու։ Ավելի ուշ, շնորհիվ մեծ թվով սոցիալական աշխատողների, ծնողներն արդեն իրազեկված էին և դիմում էին հոգեբաններին անհրաժեշտության դեպքում»,- նշում է հոգեբանը։ 

Երեխաների վարքագծում պատերազմի առաջացրած հնարավոր բացասական հետևանքներին է անդրադարձել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ վարքագծում կարող են առաջանալ մի շարք փոփոխություններ, ինչպիսիք են

սննդի ընդունման խանգարումներ, ախորժակի կորուստ, ֆիզիկական ցավեր, քնի խնդիրներ, գիշերային մղձավանջներ, բարկության կամ զայրույթի պոռթկումներ, ագրեսիվ վարք, հույզերի կառավարման դժվարություններ, վախեր՝ մթությունից, հարձակումից, մահանալուց, ձայներից, ռեգրեսիվ վարք, երբ երեխան վերադառնում է զարգացման ավելի վաղ փուլին բնորոշ վարքի, օրինակ՝ մատ ծծել, ուշադրության կենտրոնացման դժվարություններ, հիշողության վատացում և հաղորդակցման դժվարություններ։ 

ՄԻՊ-ը հրապարակել է նաև պատկերազարդ հրապարակումներ՝ «Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները» վերտառությամբ։ 

Սոցիալական աշխատողները, որոնք աշխատել են Արցախից տեղահանված երեխաների հետ, արձանագրել են, որ երեխաներն ունեն անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել էին բոլորից, դարձել են չշփվող և չէին կարողանում արտահայտել իրենց զգացմունքները։ 

Հոգեբանները կարևորում են նաև ժամանակին հոգեբանին դիմելու փաստը։ Երեխայի մոտ սթրեսի նախանշաններ՝ ուշադրության կենտրոնացման պակաս, ագրեսիա, ֆիզիկական ցավեր, ինքնամփոփություն, մղձավանջային երազներ, ամեն ինչ վերահսկողության տակ պահելու ցանկություն հայտնաբերելու դեպքում լավ կլինի դիմել հոգեբանին, քանի որ ուշ դիմելու պարագայում խնդիրը խորանում է, ու ավելի է բարդանում ու երկարում ցանկալի արդյունքի հասնելու ընթացքը։

«Երբ երեխայի մոտ ֆիզիոլոգիական խնդիր չկա, սակայն երեխան ամեն առավոտ ջերմում է, փսխում է, տրամադրության կտրուկ տատանումներ են նկատվում, մերժում է դպրոց գնալը, կամ առաջադիմության կտրուկ անկում է նկատվում, սա արդեն նշանակում է, որ երեխան հոգեբանական խորացած խնդիր ունի, և ցանկալի է դիմել մասնագետի օգնության»,- նշում է հոգեբան Անի Սարգսյանը։ 

Սաթենիկ Հայրապետյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am