Այս թիմը բարոյական բոլոր օրենքներից զուրկ է. փորձում են ընկերոջը դավաճանելը, շանտաժով ապրելը դարձնել նորմ. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, վերջին օրերում իշխանության ներսում կատարվող իրադարձություններից տեղյակ եք, ՔՊ-ական պատգամավորները պնդում են, թե Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին միջամտություն չի եղել, որ ոչ մի իրավունք ու օրենք չեն խախտել։ Ձեր գնահատմամբ՝ կա՞ այստեղ անձնական կյանքի գաղտնիության, առհասարակ իրավունքների խախտում։

– Հաստատապես կարելի է ասել, որ կա խախտում, որովհետև այն «կռուտիտները», որոնք իրենք են բերում, չեն անցնում ու ընդունելի չեն։ Այո՛, քննիչը կարող է հասանելիություն ունենալ որոշակի նյութերի, այո՛, ինչ-որ նյութեր նա կարող է արտատպել ու օգտագործել քրեական գործի նյութերում՝ որպես ուղղակի և անուղղակի ապացույցներ, բայց երրորդ անձանց դա փոխանցելը կոչվում է հանցագործություն։ 

Այս պատմության մեջ հանցակից են և՛ քննիչը, և՛ վերահսկող դատախազը, եթե տեղեկացված է եղել այդ մասին, և՛ քննիչի վերադասը, և՛ վարչապետին կից այն կառույցները, որոնք փոխանցել են վարչապետին, և՛ վարչապետն է հանցակից, որ կուսակցության  վարչության նիստի ժամանակ քննիչից ստացած նյութերը հրապարակային է դարձրել։ Ու դրանք բացատրել այն հիմքով, թե դրանցում եղել են պետական գաղտնիքին առնչվող հարցերի արտահոսքեր, որևէ արդարացում չունի:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ուղղակի հակասահմանադրական գործողություններ են իրականացրել, ու դա արվել է գիտակցված, թիմային, ու այդ թիմի մեջ ներգրավված են եղել քննիչը, դատախազը, եթե տեղյակ է եղել, քննչական կառույցի ղեկավարությունը, որի միջոցով դա փոխանցվել է, վարչապետի աշխատակազմը, վարչապետը, պատգամավորները ներառյալ։ 

Եթե կար պետական դավաճանության մոտիվ կամ պետական գաղտնիքի արտահոսք, ապա դրա դեպքում անհապաղ քրեական գործ է հարուցվում, տեղեկությունը փոխանցում են գլխավոր դատախազին, գլխավոր դատախազը մտնում է պառլամենտ, որից ստանում է թույլտվություն կալանավորելու տվյալ անձին, որին էլ արդեն հետևելու են օրենքով սահմանված այլ գործողություններ։ Իրավական պետությունում այս գործողություններն են ընթանում, իսկ խուժանապետությունում, որն այսօր ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, արվում է այնպես, ինչպես տեսնում ենք։ 

Երբ իր թիմակիցներն են արդարացումներ գտնում այս ամենին, դա միանգամայն հասկանալի է, բայց երբ կողքից գտնվում են մարդիկ, որոնք ներկայանում են որպես վերլուծաբաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք արդարացումներ են գտնում այս գործողություններին, նրանք նույնքան հանցակից են դառնում, որովհետև այսկերպ պետությունը տանում են դեպի Նիկոլ Փաշինյանի երազած դիկտատուրա, որը կա մեր հարևանությամբ. Թուրքիան, որտեղ Էրդողանը երջանիկ ապրում է, Ալիևն է երջանիկ ապրում, Իրանն է պարբերաբար կոտորվելով, բայց, միևնույն է, երջանիկ ապրում, Ռուսաստանն է այդպես, բոլորը, որոնց հետ Փաշինյանը հարաբերվում է, դիկտատորներ են, ու իր բոլոր գործողությունները Հայաստանը տանում են դեպի շատ կոշտ դիկտատուրա։ Այս վարքագծով մենք շատ արագ տեմպերով ենք հասնելու ավելի կոշտ դիկտատորական պետության։

– Երբ իշխանության ներկայացուցիչները բարձր ամբիոնից ակնարկում են իրենց թիմակցի սիրուհի ունենալու մասին, խորհրդարանի նախագահն ասում է՝ նամակներն այնպիսի բովանդակություն ունեին, որ հիմա կամաչի կրկնել, Հովիկ Աղազարյանն էլ հակադարձում է՝ «սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է»։ Այս ամենը երբ հանրությունը լսում ու տեսնում է, որ իր երկրի օրենսդիր մարմինը նման հարցեր է քննարկում, ի՞նչ բարոյական չափանիշներ պետք է սովորի նրանցից։ Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ բարոյական նորմերի կրողներ են այսօրվա իշխանության ներկայացուցիչները։

– Եթե կարճ ձևակերպեմ, ապա այս թիմը զուրկ է բարոյական բոլոր օրենքներից, նրանք անում են սարսափելին՝ փորձում են անբարոյականությունը դարձնել նորմ, դավաճանությունը դարձնել նորմ, ընկերոջը դավաճանելը, շանտաժով ապրելը դարձնել նորմ։ Հասարակության գիտակցության մեջ այլասերման գործունեություն են իրականացնում՝ այն, ինչի մասին Շանթ Հարությունյանը մի քանի տարի խոսում է, ու շատ անգամ դա դառնում էր ծաղրի առարկա, այնինչ Շանթը շատ ճիշտ էր ասում: Ցավոք, շատ քչերն էին դրա մասին խոսում, բայց հիմա ես ուրախ եմ, որ ավելի շատ մարդիկ են խոսում այդ բարոյազրկման պրոցեսի մասին։ 

Այնպես չէ, որ նախկին իշխանություններն այս նույն կոմպրոմատներով իրենց թիմակիցներից չեն ձերբազատվել, բայց դրան ձև ու շնորհք կար։ Իրենցից տարիքով մեծ մարդուն կանչել ու շանտաժ անել, ասել՝ դու հարաբերություններ ես ունեցել, ու դա անում են հրապարակայնորեն, բոլոր բարոյական նորմերից վեր է, բոլոր։ 

Շանտաժ անել նրանով, որ ինչ-որ նամակագրություն է ունեցել, բա դուք ժողովրդավարության բաստիոն էիք, մարդու իրավունքների պաշտպան էիք, բա ի՞նչ եղավ։ Ձեր մեջ ախր քաղհասարակության ներկայացուցիչներ կային, մարդու իրավունքների պաշտպանությամբ ժամանակին զբաղվող լրագրողներ կան ձեր թիմում հիմա, բա հիմա ի՞նչ եք անում, բա որտե՞ղ են ձեր ժողովրդավարությունը, մարդու իրավունքները։ 

Սա է նրանց իրական պատկերը, նրանք չգիտեն ո՛չ հայրենիք, ո՛չ պետություն, ո՛չ ընկերություն, ո՛չ էլ ինստիտուցիոնալ արժեքներ։ Այսքան վնաս, ինչքան տվել են մեր պետությանը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, բոլոր նախկին երեք իշխանությունները միասին չեն տվել, որովհետև ամենավտանգավոր բանը անբարոյականությունը որպես բարոյական նորմ քարոզելն է, մարդկանց հոգեպես կոտրելը, մարդկանց դիմադրողականությունը ավերելը։ 

Ինչո՞ւ հիմա մեր հասարակությունը ոտքի չի կանգնում, որովհետև կոտրել են դիմադրողականությունը, այս վերջին չորս տարում այս ժողովրդին բառացիորեն ամենօրյա ռեժիմով նվաստացնում, ստորացնում են, ստիպում են հավատալ, որ ժողովուրդը ոչնչություն է, դիմադրողականությունը կոտրել, որ կարողանան իրենց ծրագրերը իրականացնել: Բայց ես շատ ուրախ եմ, որ սա ստանում է շատ հետաքրքիր դիմադրություն, այս պահին դեռ շատերը չեն խոսում, բայց հասարակության մեջ ամեն նման քայլ մի ալիք է առաջացնում։ 

– Տիկի՛ն Կարապետյանց, այս թիմը այդ բարոյալքումը միտումնավո՞ր է անում, թե՞ չգիտակցված են քայլերը։

– Կարծում եմ՝ այս ամենում միտում կա, որովհետև այնպես չէ, որ սա նոր գործիք է, հնագույն ժամանակներից օգտագործվող գործիք է միշտ եղել։ Խելամիտ մարդիկ արել են դա լուռ, անաղմուկ, որպեսզի չբարոյազրկեն իրենց հասարակությանը, որ պահն եկած տեղը ժողովուրդն իր պետության համար պայքարի, սրանք անում են ուղիղ հակառակը։ Ամենակեղտոտ, ամենանողկալի թեմաները դնում են շրջանառության մեջ՝ վարչապետի խոսույթից մինչև ամենավերջին Հովիկ Աղազարյանը, մտքեր, գաղափարներ, որոնք ամեն ինչը զրոյացնում ու չեղարկում են, ամեն ինչը իջեցնում են կուշտ ուտելու ու տաք տեղ քնելու մակարդակի։ Սա հաստատ ծրագրված է, մարդկանց բարոյալքելու հատուկ մշակված մեխանիզմներ կան, որոնք էլ այս իշխանությունը կիրառում է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am