Արաբական հեղափոխությունների ստվերը. Հայաստանում խոսվում է հեղափոխական տրամադրությունների մասին

Մերձավոր Արևելքում սկիզբ առած հեղափոխությունների շարքը «դոմինոյի էֆեկտի» պես շարունակվում է տարածաշրջանի երկրներում: Այս հեղափոխական տրամադրությունները, քաղաքական որոշ գործիչների կարծիքով, հասել են նաև Հայաստան:
«Ես կարծում եմ, որ այս ալիքը հասել է նաև Հայաստան: Զգում եմ դա ժողովրդի մոտ: Դա երևում է նաև իշխանական բուրգում տիրող անցուդարձից: Սա մի կողմից ոգևորության ալիք է, մյուս կողմից` սարսափ»,- «Մեդիալաբին» ասում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Իսկ ահա Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` այսօր Հայաստանում «բունտային վիճակ չէ», այսինքն` ամբոխը չէ որոշողը: «Չեմ կարծում, որ արաբական երկրներում տեղի ունեցածը կարող է կրկնվել Հայաստանում»,- ասում է Մ. Սարգսյանը:

Ընդդիմությունը քաղաքական թեժ գարուն է խոստանում մարտի 1-ից` խորհրդանշորեն մեկնարկելով հանրահավաքների շարքը:

«Վաղվանից Հայաստանի համար սկսվում են պատմական օրեր, որոնք տարիներ անց գրվելու են «ոսկե տառերով»,- այսօր հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` չհստակեցնելով ասելիքը:

Այդ մասին օրեր առաջ խոսել է նաեւ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը` նշելով, որ երկրում աննախադեպ սրացում կա, և քաղաքական տրամադրություններն աննախադեպ կերպով արմատականացել են:

«Իրավիճակի սրացումը մենք զգում ենք նրանով, որ ամեն օր մեր շարժմանը նորանոր մարդիկ են միանում, արմատական տրամադրությունների աճ կա ուսանողների մոտ»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Նրա կարծիքով` շատ կարևոր հանգամանք է, որ ընդդիմության բողոքի ակցիաները կանցկացվեն Մերձավոր Արևելքի հեղափոխությունների ֆոնին:

«Այսօր մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունները ստեղծել են նոր միջազգային ֆոն, որում վերջին շրջանում առաջին անգամ միջազգային հանրությունն սկսում է արթնանալ ու հասկանալ, որ մարդասպաններն ու բռնապետները տեղ չունեն այսօրվա աշխարհում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Մինչդեռ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով` Արևելքի հեղափոխությունները, որոնք հիմնականում հաջողվել են սոցիալական ցանցերի շնորհիվ, Հայաստանում այնքան էլ հավանական չեն:

«Վերջին երկու տարիներին Հայաստանում մի քանի շարժում առաջացան։ Facebook-ի խմբերում 5–6 հազար մարդ ակտիվ քննարկում էր որևէ խնդիր։ Բայց փողոց էին դուրս գալիս 100–150 հոգի։ Կա Facebook-յան գործակից, որը Հայաստանում 0,5–1 տոկոս է՝ այդքանն են փողոց դուրս գալիս»,– ասել է Տիգրան Քոչարյանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, սակայն, Հայաստանի դեպքում որոշիչ դերը ոչ թե սոցիալական ցանցերինն ու ամբոխինն է, այլ հենց քաղաքական ուժերինը: Իսկ այս դեպքում դժվար է որևէ բան կանխատեսել, քանի որ հեղափոխության մասին ընդդիմության ակնարկները հակասական են:

«Առաջին հերթին պետք է փորձել ընդդիմության հետ խոսել, որովհետև նրանց լիդերների ելույթները հակասական են: Այսինքն` քաղաքական ուժի դիրքորոշումը շատ անորոշ է, ու շատ բան կախված է ՀԱԿ-ի որոշումից»,- «Մեդիալաբին» ասում է Մ. Սարգսյանը:

Ամեն դեպքում փորձագետը չի կիսում այն կարծիքը, թե ներքաղաքական անհանգիստ իրավիճակը կարող է բերել արտաքին վտանգի:

«Անմիջականորեն կապել արտաքին վտանգը ներքին խնդիրների հետ, կարծում եմ` շահարկում է»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Ինչպես էլ դեպքերը զարգանան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով` անգամ հեղափոխական տրամադրությունների դեպքում պետք է «հազար չափել, մեկ կտրել»: Պետք է հնարավորինս կազմակերպվել, նոր սկսել:

Նա նաև չի վախենում այն պնդումներից, թե Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ պետք է հնարավորինս խոսափել ներքին ընդվզումներից, հակառակ դեպքում սահմանից կարող են վատ լուրեր լսվել: «Վտանգները` թե’ արտաքին, թե’ ներքին, ամեն օր էլ կան»,- «Մեդիալաբին» ասում է Ժիրայր Սեֆիլյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am