«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար: Հայաստանից պաշտոնական արձագանք այս հայտարարությանը դեռ չկա, իշխանական պատգամավորներն էլ ասում են, թե Ալիևի հայտարարություններին չեն պատասխանում։ Ինչո՞ւ հայկական կողմը չի պատասխանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին։
– Ես կարծում եմ, որ առաջին հերթին հասարակությունը պետք է սկսի բացատրություններ պահանջել իշխանություններից, ի՞նչ է նշանակում լռել ու չպատասխանել, ինչպե՞ս է դա օգնում խաղաղության հասնել։ Լռության տեսքով այս դեմագոգիան ահավոր բան է, որովհետև Ալիևը նենգափոխել է ամբողջ խնդիրը հենց այդ սկզբունքի հիման վրա, որ ինքն ասելու է, այստեղ լռելու են: Ես կարծում եմ՝ ինքն անգամ դա թելադրում է, ու Հայաստանը պարտավորություն է վերցրել, բոլորն են այդ մասին խոսում, դա պարզ է։
Սա գիտե՞ք՝ ինչ է, այն, որ աշխարհին Հայաստանի խնդիրները ներկայացնում է Ադրբեջանը, Հայաստան չկա, ինքն է ներկայացնում, ես չգիտեմ, թե դրա մասին համաձայնություն եղել է, թե՞ ոչ, բայց փաստը դա է, որովհետև Ադրբեջանն է ներկայացնում և՛ հակամարտությունը, և՛ ամեն ինչը, ու այս մարդիկ էլ գնում են դրան։ Պետք է հարցեր լինեն՝ ինչո՞ւ եք գնում դրան, եթե իրենք դա չեն հասկանում՝ շատ ծանր դեպք է սա, ահավոր մեծ սխալ ու կարող է շատ վատ ավարտ ունենալ, որովհետև Ադրբեջանը երբեք հենց այնպես չի խոսում։
Միջազգային քաղաքականության մեջ տարրական բան կա, որ յուրաքանչյուր քաղաքականություն վարող պետք է հասկանա, դա մեղքի զգացումն է, մեղքի զգացումն ո՞ւմ վրա եք գցել, սա շատ էական բան է՝ ո՞վ է մեղավոր, Ադրբեջանը միայն դրանով է զբաղվում ու երեսուն տարի շարունակ փորձում էր Հայաստանին մեղավոր պետություն սարքել:
Հիմա էլ ասում է, թե Հայաստանն ընդհանրապես պետություն չէ, տեռորիստական կազմակերպություն է, բոլոր մակարդակներով ասում են՝ օկուպանտ պետություն է, որին չի կարելի անգամ զինել, որովհետև վտանգ է ներկայացնում, Սահմանադրությունն էլ պետք է փոխի, Սահմանադրությունն էլ փոխելուց հետո՝ կասեն, որ իրենք այդպիսի պետություն չեն տեսել։
Սա է, որ Հայաստանում մարդիկ չեն հասկանում, որ եթե մեղքը դու վերցրել ես քեզ վրա, իսկ լռելն արդեն իսկ նշանակում է մեղքը վերցնել քեզ վրա, եթե քեզ մեղադրել են, դու չես պատասխանել, ուրեմն դու դա ընդունել ես, եթե ընդունել ես՝ իրավունք ես տվել, որ քեզ պատժեն։ Սա տարրական բան է, որ մարդիկ չեն հասկանում, ընդհանրապես Հայաստանում իրավունքի խնդիրն այսօր գոյություն չունի։
– Ըստ ձեզ՝ ՀՀ գործող իշխանությունը չհասկանալո՞վ է դա անում, թե՞, ինչպես ձեր խոսքում ասացիք, կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ Ադրբեջանից ինչ ասեն, այստեղ արձագանք չի լինելու։
– Ես կարծում եմ, որ շատ բաներում պարտավորություն են վերցրել, պարզ բան է, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի մասին երբևէ չխոսել, սա շատ պարզ է երևում, ուրիշ բաներ էլ շատ կան։
– Պարո՛ն Սարգսյան, Արցախի մասը «հասկացանք», որովհետև հայտարարել են, որ Արցախը դեռ վաղուց Ադրբեջանի մասն է եղել, բայց հիմա, երբ բացահայտ թիրախում է Հայաստանի ողջ տարածքը, ինչո՞ւ են լռում։
– Ոչ մի տարբերություն չկա, ինչ-որ ժամանակ իրենք հույս ունեին, որ եթե Արցախի հարցը փակեն, լռեցնեն, արխիվները մաքրեն, ապա վիճակ կփոխվի, բայց նրանք չեն հասկացել, որ այդկերպ ստեղծում են նոր վիճակ։ Երբ դուք խնդիրը փակում եք, ամբողջ իրավական զինանոցը, որը կապված էր մեր երեսուն տարվա պետականաշինության հետ, տալիս եք Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ արդեն ինչ մեղադրանք ուզի՝ կսարքի։ Հայաստանում սա երբեք չհասկացան՝ ինչ է նշանակում մեղքը վերցնել իր վրա, նրանց համար իրավունքը ոչ մի նշանակություն չուներ։
Զարմանալի քաղաքականություն է ընդհանրապես, իրավունքները տալիս ես ուրիշին, հետո սկսում ինչ-որ բաներ անել, ինչպե՞ս կարելի է ճանաչել ինչ-որ տարածք ուրիշ պետության տարածք, հետո քո զինվորին ուղարկել այնտեղ դա պահելու, դու այդ զինվորին ուղղակի ուղարկում էիր մահվան, իսկ դա մեզ մոտ արվում էր դեռ շատ վաղուց։
– Այս քաղաքականությունն ինչի՞ է հանգեցնելու ի վերջո։
– Ինչի՞ պետք է բերի, եթե դու քո իրավունքներից հրաժարվել ես, դու վերջացել ես, սա պետք է հասկանալ։ Մարդիկ չեն հասկանում, որ 19-րդ դարից մինչ օրս հայ ազգը ինչ կորուստ տվել է, տվել է իրավունքներից հրաժարվելու պատճառով, եթե դու իրավունքից հրաժարվում ես, այդ իրավունքը չի կորչում, դու հրաժարվել ես, անցնում է ուրիշի։ Իրավունքն անցել է ուրիշի, նա էլ զենք կիրառելու իրավունք է ստանում, դրա հետ մեկտեղ՝ պաշտպանելու այդ ստացած իրավունքը։ Սա է հայկական մտածողության ողբերգությունը։
– Հիմա այս իշխանությունն իր իրավունքները տվել է Ադրբեջանին, ու Ադրբեջա՞նն է որոշում, թե ինչ պետք է լինի Հայաստանի հետ։
– Այո՛, հիմա Ադրբեջանը եկել է ամենակարևոր բանին՝ փակեք Մինսկի խումբը ու փոխեք ձեր Սահմանադրությունը, որովհետև Մինսկի խմբի, այն ժամանակ կոնֆերանս էր, այդ կոնֆերանսի որոշումով էին Ղարաբաղի իրավաքաղաքական հիմքերը դրվել: Եթե մենք ուզում ենք խոսենք, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո այս հակամարտության մասին գոյություն ունի ընդամենը մեկ փաստաթուղթ՝ ԵԱՀԿ-ի որոշումը, որում ընդունվել է որպես լեգիտիմ խնդիր ու միջազգային ատյանում պետք է լուծվեր:
Դրան համաձայնություն են տվել Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը և Թուրքիան, բոլորը ստորագրել են։ Հիմա Ալիևն ուզում է փակել դա, ասել՝ չկա նման բան, որից հետո էլ՝ փոխեք ձեր Սահմանադրությունը, այսինքն՝ Հայաստան պետության որևէ իրավական հիմք չպետք է մնա։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունները հաշտվել են դրա հետ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















