Խորհրդարանական ընտրությունների շեմին. Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսում է քիչ-քիչ հետաքրքիր երանգներ ձեռք բերել:
Աննախադեպ թվով լրագրողներ՝ հեռուստատեսությունից, թերթերից, ընդդիմադիր և իշխանական լրատվամիջոցներից, կուսակցական տոմսերով կամ անկախ, կմասնակցեն առաջիկա ընտրություններին` այս անգամ վարագույրի մյուս կողմում:
Մայիսի 6-ի ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու այս անգամ աննախադեպ թվով «քաղաքականությունից դուրս» մարդիկ են հավակնություններ ցուցաբերել:
Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով` սա կուսակցությունների կողմից փիար քայլ է, ոմանց համար էլ` 131 անդամ ունեցող և հիմնականում վարկաբեկված խորհրդարանի «կերպարը փոխելու» յուրահատուկ մոտեցում, երբ տարիներ շարունակ պատգամավորներ են օլիգարխներ, գործարարներ, գործից գլուխ չհանող և նիստերի ժամանակ քնող, հեռախոսով խաղեր խաղացող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:
«Սա միանշանակ փիար քայլ է, որով կուսակցությունները փորձում են գրավիչ դարձնել ընտրությունները,- «Մեդիալաբին» ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը,- երգիչների տեղը բեմն է, լրագրողներն էլ իրենց գործով պիտի զբաղվեն, իսկ ԱԺ-ում՝ միայն պրոֆեսիոնալներ»:
Սակայն այս կարծիքը չի կիսում ՀՀԿ կողմից իր թեկնածությունն առաջադրած երգչուհի Շուշան Պետրոսյանը, որն իր կուսակցական տոմս անցյալ շաբաթ ստացավ երկրի նախագահից:
«Ինձ ասում են, որ ես ռոմանտիկ եմ, բայց ես ուզում եմ շատ ռեալ փոխել մի բան»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է շատերի համար անակնկալ քաղաքական պայքարի մեջ մտած երգչուհին, որն իր տեղը նոր գումարման ԱԺ-ում հստակ տեսնում է:
Պետրոսյանը ՀՀԿ 253 թեկնածուների համամասնական ցուցակում զբաղեցնում է 16-րդ պատվավոր տեղը՝ հաջորդելով գեներալ Մանվել Գրիգորյանին: Շուշան Պետրոսյանից հետո ցուցակում տեղ են զբաղեցրել Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը:
«Երբ հասարակ մարդկանց շրջանում քաղաքական ուժերի հեղինակությունը նվազում է, նրանց նկատմամբ վստահությունը թուլանում է, կուսակցությունները փորձում են օգտագործել այդ վիճակը` ապաքաղաքական գործիչներ մտցնելով` մտավորականներ, երգիչներ, արվեստագետներ, որոնք իրականում վարագույրի դեր են կատարելու, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ կթվորուհիներն ու կոլխոզնիկներն էին»,-ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական ծառայության` ՀՀ բոլոր մարզերում 1650 ընտրողների շրջանում անցկացված հարցումների (2% սխալի հավանականությամբ)` կուսակցությունների վարկանիշներն այնքան էլ բարձր չեն. իշխանական ՀՀԿ-ն ունի 16,0%, ԲՀԿ-ն՝ 14,7 %, ՀԱԿ-ը 3,5%, ՀՅԴ-ն՝ 2,5%, ՕԵԿ-ը՝ 2,1%, «Ժառանգությունը»՝ 2,1%, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 0,1% վարկանիշ:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն ընդդիմադիր նախկին լրագրողից մեծ թռիչք կատարեց մեծ քաղաքականություն` դառնալով կոալիցիոն կուսակցության դեմքերից մեկը, ասում է, որ իր համար որքան շոու բիզնեսի ներկայացուցիչների հավակնություններն անընդունելի են, լրագրողների դեպքում հետաքրքրությունը «լրիվ արդարացված և ողջունելի է»:
Զոհրաբյանն ասում է, որ ԱԺ հանդեպ հետաքրքրությունը փիար ակցիա դիտարկելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ անցել են ժամանակները, երբ ցուցակի սկզբում հայտնի մտավորականներ էին, և հնարավոր էր դրանով «աչք փակել», քանի որ ընտրողը հմտացել է, և «հնարավոր չէ կեղծ արժեքներով և կեղծ իմիտացիաներով նրան խաբել»:
«Ներկայիս խորհրդարանի քաղաքական որակն ուղղակի կատաստրոֆիկ է,-«Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը,- և ես կարծում եմ, որ քաղաքական կուսակցությունները հստակ պրագմատիկ հաշվարկ են արել` հաշվի առնելով այն, որ այս խորհրդարանում սպիկերների պակաս կա, փորձ է արվում խմբակցությունները համալրել կուսակցական սպիկերներով, ինչն ինքնին վատ տենդենց չէ, և նոր խորհրդարանն անկասկած ավելի լավ որակի է տանում»:
© Medialab.am