Գյումրիում քաղաքացիները ցուցակից ընտրել են մի մարդու, որն ամենաքիչն է ասոցացվում ՔՊ-ի հետ. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, ինչի՞ մասին է վկայում այն փաստը, որ Գյումրու փրայմերիզում՝ նախնական ընտրություններում, հաղթեց անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Իշխանությունն անհանգստանալու պատճառ չունի՞, ըստ ձեզ, որովհետև կատարվածը իրենք չեն համարում պարտություն։

– Սա խոսում է այն մասին, որ Գյումրիում ՔՊ-ն չափազանց ցածր վարկանիշ ունի։ Քաղաքացիները ցուցակից ընտրել են մի մարդու, որն ամենաքիչն է ասոցացվում ՔՊ-ի հետ, չնայած պարզ է, որ Սարիկ Մինասյանը իրենց թիմի ներկայացուցիչ է, բայց, այնուամենայնիվ, հատկանշական է, չէ՞, որ վեց կուսակցականներին չեն ընտրում ու ընտրում են անկուսակցական մեկին, ընդ որում՝ այդ անկուսակցական մեկն էլ ավելի շատ ասոցացվում է այլ կուսակցության հետ, որովհետև նախորդ գումարման խորհրդարանում եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։ 

Երկրորդ՝ Գյումրու կյանքին քաջածանոթ մարդիկ կհասկանան, թե ինչ եմ հիմա ասում․ Սարիկ Մինասյանը գտնվում է մի գործարարի մերձավոր շրջապատում, որի դեմ ես իհարկե ոչինչ չունեմ: Խոսքս Արման Սահակյանի մասին է՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, որը հին համակարգի օրոք շատ բարեհաջող բիզնես գործունեություն ծավալած անձնավորություն է, էլի վատ նկատառումով չեմ ասում, որն ադապտացվել է նոր իրողություններին։ Այսինքն՝ սա նաև ՔՊ-ի մեսիջն է առ այն, որ իրենք, փաստորեն, հասկացել են, որ սեփական ռեսուրսներով որևէ հաջողության շանս չունեն ու փորձում են գործարարի միջոցով հավելյալ բոնուս ստանալ։ 

Երրորդ՝ փրայմերիզը դասական իմաստով վարկաբեկվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև այն ամերիկյան քաղաքական մշակույթի բաղադրիչ է՝ նախնական ընտրություններ, որով ամերիկյան առաջատար երկու կուսակցություն նախագահի ընտրությունների իրենց ֆավորիտին են որոշում, բայց դա տեղի է ունենում բացառապես այդ երկու կուսակցությունների համակիրների անդամների շրջանակում անցկացված քվեարկությամբ։ Այս դեպքում իրենք են գնացել մարդկանց դռները, ընդ որում՝ խտրություն չդնելով՝ այդ մարդը համակիր է, թե՞ ոչ։ 

Իմ ունեցած ինֆորմացիայով՝ քաղաքացիների 60 տոկոսը դուռ չի բացել, իսկ 1000-ից մի քիչ ավելի մասնակցությունն էլ շատ փոքր թիվ է, եթե նույնիսկ Գյումրու ամենացածր մասնակցությունը ընդունենք 26 հազար, որը վերջին ընտրութուններին գրանցվել է։ 

Չորրորդ՝ չգիտեմ, թե ո՛վ էր հուշել այս փրայմերիզի գաղափարը Փաշինյանին, իհարկե հասկանում եմ, թե ինչու սա արեց՝ հերթական ՏԻՄ-ը ուզուրպացնելու փափուկ տեխնոլոգիաներից մեկն էր, բայց, մեծ հաշվով, դա միայն խորացրեց հակասությունները ՔՊ Գյումրու կառույցում, մեկը մյուսից նեղացավ՝ չգիտեմ, թե ո՛նց է այդ թիմը մոբիլիզացնելու նախընտրական տրամաբանության ծիրում։ 

– Հաշվի առնելով սա՝ կարո՞ղ ենք ասել, որ իշխող ուժն իսկապես խնդիր ունի, որովհետև սա առաջին դեպքը չէ, որ ՔՊ թեկնածուն պարտվում է այլ թեկնածուների։ 

– Խոշոր քաղաքներում հատկապես, դե, Երևանում հրաշքով հաղթեց, գիտեք կատարվածը, հիմա չմանրամասնեմ, դա ավելի շուտ հաղթանակի նման էլ չէր։ Վանաձորում մարդուն տարան ազատազրկման, էլի անհասկանալի վիճակ ունեն, Գյումրիում էլ այս վիճակն է։ Եթե նայեք խոշոր քաղաքները, կտեսնեք, որ խոշոր քաղաքներում իրենք ամենուր պարտվում են, այլ բան է, որ հետո որոշ տեղերում մանդատագողություն են անում, որոշ տեղերում՝ ռեպրեսիվ մեքենա են գործի դնում։ 

Նրանք չեն ուզում առերեսվել իրականության հետ, որ ինչքան էլ տեխնոլոգիա կիրառեն, օրենք փոխեն, որպեսզի կարողանան վարչական ռեսուրս կոնսոլիդացնել, միևնույն է, իրենց չեն փրկելու։ Իրենք իրենց անընդհատ մխիթարում են, որ ընդդիմության վարկանիշն էլ է ցածր, հասկացանք, բայց դա փրկությո՞ւն է, հետո, իրենք ըստ էության վախենում են, որ նոր ընտրական գործընթացում ի հայտ կգան նոր խաղացողներ, ու իրենք չեն կարող անընդհատ շահարկել տիտղոսակիր ընդդիմության գործոնը։

– Այսինքն՝ ակնհա՞յտ է, որ գործող իշխանությունը ցածր վարկանիշ ունի։

– Ես գործի բերումով, քանի որ մեր կուսակցությունն էլ է առաջադրվում Գյումրիում, վերջին ամսվա ընթացքում երևի մի երեք-չորս անգամ Գյումրիում եմ եղել, ու ինձ սոցիոլոգիական հարցում պետք չէ, որովհետև մարդկանց հետ զրույցի եմ բռնվել, ու Գյումրու հասարակական կարծիքն ինձ համար ակնհայտ է։

– Պարո՛ն Սուրենյանց, մարդկանց դժգոհությունը ո՞րն է, ինչո՞ւ են դժգոհ գործող իշխանությունից։

– Որևէ նախընտրական խոստում իրականություն չի դարձել։ Ես այն միամիտներից չեմ, որ կարծեմ, թե մարդկանց անվտանգային խնդիրներն են առաջին հերթին հուզում: Ցավոք սրտի, մեր հասարակության տրամադրություններում այլ խնդիրներն են առաջին տեղում՝ անարդարությունը, սոցիալական վիճակը, տեսնում են, թե ինչպես են հղփացել գործող իշխանության ներկայացուցիչները, դա սրում է արդարության դեֆիցիտը։ 

Այս բոլորը, որոնք ևս շատ կարևոր խնդիրներ են, Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հասարակության աչքում նույնացրել է այն մարդկանց հետ, որոնց այդ նույն հասարակությունը վեց տարի առաջ մերժել է։ Հիմա էլ իմիտացնել, թե իր էջի դիտումներն այնքան են մեծացել, որ նույնիսկ հեղափոխության օրերին նման պատկեր չկար, ողբերգություն է, ծիծաղելու էլ չի արդեն։ 

Բոլորս ենք տիրապետում սոցիալական ցանցերի տեխնոլոգիաներին, բոլորս ենք հասկանում՝ դիտումն ինչպե՛ս բարձրացնենք, ինչպե՛ս իջեցնենք։ Նա մնացել է ֆեյքային Հայաստանի լիդեր, բայց ամենավատն այն է, որ ինքը պատմություն էլ չգիտի, չգիտի, որ երբ մի քանի Հայաստաններ՝ իր ֆեյքային Հայաստանն ու իրական Հայաստանը, բայց ոչ իր ասած իրականը, բախվեն, դրա արդյունքում ինչ է ստացվելու, թող ապրի իր վիրտուալ իրականության մեջ։ 

– Ըստ ձեզ՝ հիմա Նիկոլ Փաշինյանը իսկապե՞ս գիտակցում է, որ իր վարկանիշն անկում է գրանցել, թե՞ ձեր ասած ֆեյքային Հայաստանում է, ու իրեն թվում է՝ լավ էլ աջակցություն ունի։

– Բա Քարդաշյան ռեալիթի շոու բեմականացնելու իմաստը ո՞րն է, եթե չի հասկանում։ Հասկանալը հասկանում է, բայց եթե իրեն թվում է, որ ամբողջ ընտանիքով անճաշակ բլոգեր դառնալով կհաղթահարի եղած վիճակը՝ չարաչար սխալվում է։ 

– ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ Սարիկ Մինասյանը կանդամակցի իրենց կուսակցությանը։ Որքանո՞վ եք այս սցենարը հավանական համարում ու այդ պարագայում արդեն ավագանու արտահերթ ընտրություններին ՔՊ-ի հաղթանակի հավանականությունը որքա՞ն եք գնահատում։

– Այսպես թե այնպես, արդեն պարզ էր, որ Սարիկը կուսակցական թրի տակով անցել է, այսինքն՝ շատ մեծ գաղտնիք չեն բացահայտել, որ կանդամակցի ՔՊ-ին։ Բայց այնպես չէ, որ Սարիկ Մինասյանի անձով իրավիճակ կփրկվի։ Գյումրիում այս իշխանության մաքսիմումը 20-25 տոկոս է՝ նույնիսկ լավ թեկնածուի պարագայում, հեռու եմ իհարկե այն մտքից, որ Սարիկ Մինասյանն իդեալական թեկնածու է։ 

Նրանք ուրիշ ռեբրենդինգ էլ են արել, մյուս հինգշաբթի Շիրակի մարզպետ կնշանակեն Դավիթ Առուշանյանին, որը երեկ մանդատից հրաժարվել է։ Այսինքն՝ փորձում են Կարեն Սարուխանյանի թիմին ամբողջովին դուրս բերել ու նոր թիմով հանդես գալ։ Ես էլ պատկերավոր ասեմ՝ ինչքան սափրվելը Նիկոլ Փաշինյանին օգնեց նոր կերպար դառնալու, այնքան էլ այդ ռեբրենդինգը կօգնի ՔՊ-ին Գյումրիում հաղթանակ տանելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am