«ՔԿՀ-ում կանայք խուսափում են այդ տարածքում տեսակցել իրենց երեխաներին». Զարուհի Հովհաննիսյանը՝ խնդիրների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում օրերս փախուստի փորձ է կանխվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սա վերջին մեկ ամսվա ընթացքում այս ՔՀԿ-ից փախուստի երկրորդ փորձն է, ի՞նչ է կատարվում։

– Իրականում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն այս պահին ամենահանգիստ հիմնարկներից մեկն է, որովհետև համաներումից հետո բավական քչացել է լրակազմը։ Այսօր ընդամենը 77 անձ է պահվում այնտեղ, որոնց թվում են նաև չորս անչափահաս և մեկ չափահաս տղա։

Մնացածը կանայք են։ Խնդիրներ մենք այնտեղ արձանագրում ենք սովորական ընթացակարգերով։ Հիմնականում շենքային պայմանների, ջրահեռացման հետ կապված խնդիրներ կան, և մենք միշտ բարձրաձայնում ենք, որ լավ կլինի, որ կանանց հնարավորություն ընձեռվի ավելի հաճախ լոգանք ընդունել։

– Նախորդ տարիներին նույնպե՞ս փախուստի փորձեր գրանցվել են այստեղ։

– Իրականում փախուստի փորձի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող ասել։ Իսկ ինչ վերաբերում է վերջին դեպքով հրապարակման էությանը, դա ինքնին խնդրահարույց է, որովհետև հրապարակումն արված է անձնական տվյալները բացահայտելով, ինչն առանց այն էլ խոցելի խմբի կանանց է՛լ ավելի է թիրախավորում։

Դա կարող է խանգարել թե՛ կանանց քրեական գործերը դիտարկելուն, թե՛ նրանց հանրային կերպարի տեսանկյունից։

Նրանց կարող են կրկնակի թիրախավորել, և ես այստեղ ավելի շատ տեսնում եմ լրատվամիջոցների կողմից էթիկայի խնդիրներին վերաբերող հարցեր։ Լավ կլինի, որ նմանօրինակ դեպքերում անունները ծածկված լինեն, որովհետև խոցելի վիճակում գտնվող կանանց անձնական տվյալների հրապարակումը նրանց կրկնակի խոցելի է դարձնում։

Այնտեղ քրեակատարողական հիմնարկից փախչելու փորձեր հիմնականում չեն լինում, որովհետև խնդիրներ էլ որպես այդպիսիք չկան։ Եթե դատապարտյալները խնդիրներ են ունենում, դրանք առնչվում են նրանց քրեական գործերին, որոնց լուծումն ամենևին էլ փախուստով չի կարող լինել։

Ես կուզեմ նաև շեշտել, որ «Աբովյան» ՔԿՀ-ում երեխաների հետ տեսակցության խնդիր կա։ Այնտեղ գտնվող կանանց շփումն իրենց երեխաների հետ կարևոր հարց է, պետությունը պետք է աջակցի գործընթացին։ Կանայք խուսափում են այդ տարածքում տեսակցել իրենց երեխաներին։ Հատկապես երկարատև տեսակցությունները գրեթե բացակայում են, և դա շատ վատ ցուցանիշ է, որովհետև ընտանիքները փլուզվում են, երեխաները ծնողներից հեռանում են, կապը խախտվում է։

Դա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունն է, քանի որ այդ հիմնարկում կանայք են պահվում։ Իսկ կանանց շփումն ընտանիքի հետ խոցելիության տեսանկյունից տարբերվում է տղամարդկանցից։ Կանայք իրենց երեխաների հետ չեն կարողանում այդ տարածքում հանդիպել, շատ հաճախ խաբում են, ասում են՝ գնացել ենք արտասահման աշխատելու, տեսակապով են շփվում երեխաների հետ։ 

– Ընդհանրապես ի՞նչ եք արձանագրում դիտորդական առաքելության շրջանակներում, ի՞նչ խնդիրներ կան այսօր քրեակատարողական համակարգում։

– Փոփոխություններ, իհարկե, կան, չենք կարող ասել, որ չկան։ Վերջին նորույթը բուժօգնության ծառայության փոփոխությունն է, կենտրոնացրել են ՊՈԱԿ-ի մեջ, դա նոր մոտեցում է։ Հուլիսի 1-ից այդ ՊՈԱԿ-ի գործունեությունը պետք է մեկնարկեր, բայց ձգձգվեց, նոր են սկսել աշխատել։

Դեռ չենք կարող գնահատել՝ դա լա՞վ է գործում, թե՞ ոչ։ Փոփոխություններ են կատարվում նաև կրթության հետ կապված։ Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում էինք, որ հանրակրթություն գոյություն չունի, և դրանով իսկ խախտվում են այն անձանց իրավունքները, որոնք գտնվում են կալանքի տակ, հատկապես անչափահասների մասին է խոսքը։

Եվ մենք գիտենք, որ կրթությունը ՀՀ-ում պարտադիր է մինչև 12 տարի, բայց պետությունն ինքն էր խախտում այդ տարիքի անձանց իրավունքը, երբ կալանավորում էր ու կրթություն չէր տալիս։ Հիմա այդ հարցն էլ է շտկվել։ Նաև գործում է դատապարտյալների կրթությամբ զբաղվող ՊՈԱԿ-ը, որը տարբեր հմտությունների ու կրթական ծրագրերի միջոցով փորձում է լուծել այդ խնդիրները։

– Կարո՞ղ ենք ասել, որ ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիրը լուծված է։

– Այո՛, գերբեռնվածության հարցն ընդհանրապես լուծված է, որովհետև նախ՝ համաներումը բավական թեթևացրեց իրավիճակը։ Երկրորդ՝ նաև այսօր կալանքը՝ որպես խափանման միջոց, մեծ ծավալով չի կիրառվում։ Ժամանակին կալանքը գրեթե համատարած էր կիրառվում, այսօր այլ խափանման միջոցներ են նաև կիրառվում, դրանով իսկ լուծվում է գերբեռնվածության խնդիրը։

Նաև կարևոր է, որ սոցիալական խնդիրները լուծվեն, այսինքն՝ վերաինտեգրման գործընթացն առավել ակտիվ կատարվի պետության կողմից, որովհետև եթե ՔԿՀ-ից դուրս եկած անհատը հնարավորություններ չի ունենում աշխատանք գտնել կամ կորցրած է լինում իր սեփականության իրավունքը, ընտանիքը, հետագայում մենք խնդիր ենք ունենում, առավել հավանական է դառնում, որ այդ անձը կարող է վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։

Հիմնական խնդիրը, որը պետք է լուծի պետությունը, իմ կարծիքով, դատապարտյալի վերաինտեգրման, հասարակություն վերադարձն ապահովելու խնդիրն է։ Դա մի քանի ուղղություններով հստակ ծրագրերով պետք է իրագործվի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am