«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նոր ուժ» կուսակցության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը
– Պարո՛ն Երիցյան, Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով, ձեր գնահատականն եմ խնդրում նախ ուղերձի, ապա օրվա խորհրդի վերաբերյալ, որը մեր տոնացույցում ավելացվեց 2018 թվականի հեղափոխությունից հետո։
– Ուղերձը, որ այսօր հրապարակել է, կարծում եմ, ավելի շատ պետք է դիտարկել նախընտրական քարոզչության համատեքստում ու, ընդհանրապես, վերջին շրջանի բոլոր հայտարարություններն արվում են այդ համատեքստում։ Այս ուղերձում նշած կետերը իրականությունից հեռու են․ Փաշինյանը խոսում է արդարադատության մասին, պնդում, թե ստեղծվել են հակակոռուպցիոն ինստիտուտներ, պնդում է, թե իրավապահ համակարգն ավելի լավ է ապրում և այլն, բայց եթե ավելի անկեղծ լիներ՝ կարող էր նշել, որ երկրում արդարադատությունը չի աշխատում, քաղաքական ընդդիմախոսներին ճնշում են, կոռուպցիան շարունակվում է։
Նշում է, թե կոռուպցիայի նկատմամբ պետք է անհանդուրժող լինել, մինչդեռ ինքը իր շրջապատում տեղի ունեցող կոռուպցիայի նկատմամբ լավ էլ հանդուրժող է։ Խոսում է նաև քաղաքացու բարեկեցիկ կյանքի մասին, այն մասին, որ հեղափոխությունից հետո տնտեսությունը զարգացել է և այլն, մինչդեռ տեսնում ենք, որ քաղաքացին ոչ միայն բարեկեցիկ չի ապրում, այլև կքել է այս բոլոր հարկերի, թանկացումների տակ, որոնց հեղինակն ինքն ու իր թիմակիցներն են։ Ինքը՝ որպես հեղափոխության առաջնորդ, ինչ խոստում տվել էր, դրանցից ոչ մեկը չի կատարել, եթե այսօր որևէ բան պետք է նշել, ապա պետք է նշել հեղափոխության օրերին տրված խոստումների չկատարման օրը։
Երբ նա այս օրն ավելացնում էր տոնացույցում՝ նպատակ ուներ կարևորել քաղաքացուն ու տոնել այն արդյունքները, որոնք կարձանագրվեին հեղափոխությունից հետո, բայց շատ շուտ հասկացանք, որ սա ընդամենը իշխանափոխություն էր, ու այս տոնը մնացել է միայն իրենց խմբակի համար։ Սա ոչ թե քաղաքացու տոնն է, այլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ու այսօր պետական մեքենայի միջոցով տարբեր դպրոցների, նախարարությունների և այլն, ստիպում են, որպեսզի մարդիկ մասնակցեն ինչ-որ քննարկումների, միջոցառումների, բայց իրականում տոտալ անտարբերություն է այսօրվա նկատմամբ։
– Պարո՛ն Երիցյան, ի՞նչ է տեղի ունեցել «Քաղաքացու օրվա» իրական գաղափարի հետ․ ինչո՞ւ, ըստ ձեզ, ինչպես դուք նշեցիք, այն վերածվեց միայն իշխանության շրջանակում նշվող տոնի։
-Օրվա խորհուրդը լրիվ այլ էր իր փիլիսոփայության մեջ, իսկ այսօր լրիվ այլ է։ Երեք տարի առաջ նույն այս օրը՝ ապրիլի 26-ին, վարչապետի ավտոշարասյունը ՀՀ քաղաքացուն սպանեց, ինչի համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել։ Քաղաքացու օրը կարելի էր նշել, երբ քաղաքացին պաշտպանված կլիներ, մինչդեռ հեղափոխությունից հետո մեր երկրի բոլոր անվտանգային ու պաշտպանական համակարգերը խարխլվել ու վերացել են, ընդ որում՝ ոչ միայն անվտանգայինը, այլ նաև սոցիալական-պաշտպանական համակարգերը։
Մեր երկրում այսօր կան 100 հազարից ավելի տեղահանված մարդիկ, որոնք վարչապետի գրչի մեկ հարվածով դարձան փախստականներ։ Քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, ու այս կոնտեքստում վարչապետի ուղերձն ինձ համար որևէ նշանակություն, արժեք չի ներկայացնում, որովհետև այդ բոլորն անհիմն են։ Անհիմն քարոզչական թեզեր են, որոնք հասարակությունն այլևս չի մարսում, տպավորություն է, որ վարչապետն իրականությունից կտրվել է, իրականությանը չի տիրապետում, այս ուղերձն ու իրականությունը ոչ մի աղերս չունեն։
Քաղաքացու օրը պետք է վերաիմաստավորել:
-Ինչպե՞ս:
-Մեր քաղաքացիների առաջնահերթությունը պետք է լինի այս իշխանության դեմ պայքարելը, նրանք պետք է իրացնեն իրենց ընտրական իրավունքը, քաղաքացիներին պետք է կրթել, ինչը ես չեմ տեսնում, ընդհակառակը՝ այսօր քաղաքացիներին դեգրադացնելու քայլեր են արվում, մեր հասարակությունն այսօր դեգրադացվել է, ու դրա հեղինակն այսօրվա իշխանություններն են։ Դեգրադացված հասարակությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ընտրությունների չի մասնակցում ու վերարտադրում է իր նման իշխանությունների։
Քաղաքացու օր նշող այս իշխանությունը ոչ մի հարցում չի հարցնում այդ նույն քաղաքացու կարծիքը. սա է այն իրական վերաբերմունքը, որին քաղաքացուն արժանացնում են։ 2018-ից առաջ էլ քաղաքացին անտեսված էր, իր խնդիրների հետ միայնակ, սոցիալական բեռի տակ կքած ու անարդար քաղաքական-տնտեսական համակարգում ապրող։ 2018-ից յոթ տարի անց քաղաքացին նույնքան անպաշտպան է, որքան դրանից առաջ էր, դեռ մի բան էլ ավելի վատ վիճակում է՝ անվտանգային ու հայրենազրկման առումով։ Ասել, որ 2018-ից հետո ժողովուրդը դարձել է տեր, իսկ մինչ այդ ուներ տերեր, սա ևս աբսուրդի ժանրից է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















