Ո՞րն է գազալցակայաններում պայթյունների հիմնական պատճառը

Ո՞րն է գազալցակայաններում պայթյունների հիմնական պատճառը
Ո՞րն է գազալցակայաններում պայթյունների հիմնական պատճառը

Գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների 90 տոկոսը վարորդների մեղավորությամբ է, քանի որ գազաբալոնները սխալ են շահագործում, կամ չեն ներկայացնում ժամանակին փորձաքննության:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս խնդրի շուրջ իրենց մտահոգությունները հայտնեցին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության՝ փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը:

Հայաաստանում արդեն 20 տարի է, ինչ գործում են գազալցակայաններ և ավտոտրանսպորտային միջոցների 90 տոկոսը շահագործում է բնական գազ: Չնայած նրան, որ գազի օգտագործումը շահավետ է, էկոնոմ և արդյունավետ, այնուամենայնիվ երբեմն տեղի են ունենում դժբախտ պատահարներ պայմանավորված տեխնիկական կանոնների, նորմերի խախտումներով: Մայիս ամսվա ընթացքում հանրապետության տարբեր գազալցկայաններում (Արմավիրում, Գառնիում, Երևանում) գրանցվեց պայթյունի մի քանի դեպք:

«Դեպքերը հիմնականում գազաբալոնների ոչ ճիշտ շահագործման հետ են կապված:  Վարորդները կամ տեղյալ չեն լինում, որ պետք է պարբերաբար իրենց գազաբալոնները ներկայացնեն փորձաքննության, կամ ֆինանսական խնդիրներն են մեջբերում, որ եթե տանեն փորձարկման, հնարավոր է գազաբալոնը անորակ լինի ու պայթի, իրենք մնան առանց գազբալոնի: Սա նշանակում է, որ մարդը գերադասում է փող չծախսի, բայց իր առողջությանն ու կյանքին վտանգ սպառնա»,-ասում է Ռուբեն Բադեյանը:

Նա հավելում է, որ մեղավորության իրենց  բաժինն ունեն նաև գազալցակայանների աշխատակիցները, որոնք պարտավոր են պահանջել վարորդից գազաբալոնի համապատասխան փաստաթղթերը, ապա նոր կատարել լցավորում:
Գազալցակայաններում անվտանգության ապահովման տեսանկյունից դեռ 2011-ից ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանրապետության 303 ԱԳԼՃԿ-ներում սկսել է տեղադրել գազաբաշխիչ աշտարակներ, որոնց շնորհիվ երևում է, թե ինչ ջերմաստիճանի և ինչ ճնշման գազ է տրամադրվում սպառողին:

«Մեր տեսչությունը կատարում է տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ, հայտնաբերում խախտումներ, որոնց հիման վրա կասեցնում, կամ արգելում նրանց հետագա գործառույթները: 2011-2013 թթ-ին 303 ԱԳԼՃԿ-ներից 180-ի մոտ հայտնաբերել ենք, որ չեն տեղադրել բաշխիչ աշտարակներ: Որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ կասեցվել է հետագա գործառույթները, իսկ 146 սուբյեկտ ենթարկվել է  վարչական տուգանքի ընդհանուր 11 միլիոն 800 հազար դրամի չափով»,-ասում է Արծրուն Նաջարյանը:

Նա ընդգծում է, որ տեսչությունը վերահսկողություն է սահմանում նաև լիցենզիա ստացած այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք զբաղվում են գազաբալոնների սարքավորումների տեղադրմամբ և փորձարկումների իրականացմամբ:

«Խնդիրը նրանում է, որ գազաբալոնների շահագործման պայմանները խախտվում են,  գազաբալոնի տեղադրումից հետո դրանք համապատասխան փորձարկումներ չեն անցնում: Մինչդեռ փորձարկման լաբորատորիաները ապահովված են բոլոր միջոցներով և հարմարություններով»,-հավելում է Նաջարյանը:

Սիրանույշ Զաքարյանը նշում է, որ ըստ իրենց ուսումնասիրությունների, գազաբալոնները լինում են անորակ, ժամկետանց, չփորձարկված:

«Չկա մեկը, ով վերահսկի և ստիպի վարորդներին կատարել գազաբալոնների փորձաքննություն: Վարորդները հաճախ զարմանում են, որ բալոնը պետք է հանեն փորձաքննության, քանի որ ցույց են տալիս համապատասխան կտրոն և նշում են, որ 5000-6000 դրամով ինքնագործունեությամբ զբաղվող ինչ որ մեկը իր ավտոտնակում թուղթ է տվել իրենց, որ բալոնը փորձարկված է, բայց իրականում ոչ մի փորձաքննություն չի իրականացվել»,-ասում է Զաքարյանը:

Նա հավելում է, որ մեղավորության իրենց բաժինն ունեն նաև գազալցակայանի աշխատողները, ովքեր առանց նայելու և հաշվի առնելու գազաբալոնի առավելագույն ճնշումը, լցավորում են նախատեսվածից ավելի շատ գազ:

«Օրինակ՝ գազաբալոնի վրա գրված է, որ պետք է լցնել 200 խմ գազ, բայց ամեն անգամ գազալցակայանում լցավորում են 250 խմ ու այդ կերպ  անընդհատ թեսթավորում այդ գազաբալոնը, ինչը խիստ վտանգավոր է»,-նշում է Սիրանույշը:
Բադեյանը պարզաբանում է, որ գազի ավել լցավորումը պայմանավորված է գազալցակայանների միջև անիմաստ մրցակցությամբ և շահագրգռվածությամբ՝ ավել գումար աշխատելու համար: Նա կարծում է, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել կառավարական մակարդակով մի հանձնաժողով, որն ամեն օր պատահական կարող է մուտք գործել ցանկացած գազալցակայան ու կանգնեցնել վարորդի ավտոմեքենան, հարցում կատարել, տեսանկարահանել մեքենայի մանոմետրը և ողջ գործընթացը, թե ինչ ճնշման տակ է կատարվում լցավորումը:

«Ինչ վերաբերում է ավտոտնակներում ինքնագործունեությամբ զբաղվող մարդկանց, ովքեր գազաբալոնների տեղադրողներ են համարվում, կամ փորձարկողներ, ապա դրա դեմ լուծումը տեսնում եմ մեքենայի տեխնիկական զննության շրջանակում: Այսօր տեխզննության կայաններում ոչ մի անգամ, ոչ մեկը չի նայում գազաբալոնային վերասարքավորումները ու տալիս համապատասխան փաստաթուղթ դրա վերաբերյալ: Երբ որ այնտեղ համապատասխան մասնագետ կլինի, ով կնայի ու կտեսնի, որ գազաբալոնը սխալ է տեղադրված, չունի փաստաթուղթ, որ բալոնը փորձարկման է ենթարկվել, այդ դեպքում կկանխեն մեքենայի հետագա շահագործումը ու այս հարցը ինչ որ չափով լուծում կստանա»,-հավելում է Բադեյանը:

Նաջարյանը նշում է, որ այժմ Կառավարությունը օրինագիծ է պատրաստում, որը կպարտադրի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին համապատասխան գործառույթներ իրականացնել:

«Օրինակ՝ եթե գազալցակայանի աշխատակիցը կատարի խախտում և չստուգի վարորդի ավտոմեքենայի գազաբալոնի փաստաթղթերը, տվյալ տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական տուգանքի: Դա ավելի զգոն կպահի նրանց, քանի որ տնտեսվարողները կոնկրետ պատասխանատվության կենթարկվեն և դա կհարվածի նրանց գրպանին: Այժմ այդ նախագիծը քննարկման փուլում է և շուտով կմտնի ուժի մեջ»,-նշեց Նաջարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր

http://www.youtube.com/watch?v=lu1krVBAcUA