Աննա Հակոբյանը սադրում է, ուզում է ասել, որ իր դեմ խաղ չկա, իրենք ամեն ինչ անում են, որ ատելությունն ափերից դուրս գա. Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

– Տիկի՛ն Զոհրաբյան, Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան վերջին օրերի գրառումները լայն քննարկումների ու քննադատության տեղիք են տվել: Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը, ինչպես ինքն է նշում, որոշել այսուհետ հրապարակային ձևով մարդկանց բնորոշել, ո՞րն է նրա մոտեցման պատճառն ըստ ձեզ:

– Աննա Հակոբյանն ու ամուսինը, որ կրթության ու դաստիարակության խնդիր ունեն, կարողանում էին այս յոթ տարվա ընթացքում դա թաքցնել՝ «սիրում ենք ձեզ, խոնարհվում ենք ձեր առաջ» ֆեյք լոզունգների տակ: Հիմա, երբ իրենք տևական ժամանակ ուղղակիորեն հայտնվել են հանրային ատելության թիրախում, փորձում են դա սուբլիմացնել ատելությամբ: 

Երբ բացում եք ամենապրիմիտիվ հոգեբանության դասագրքերը, այնտեղ տեսնում եք, որ մարդիկ, որոնք իզգոյ են, որոնք հանրային պարսավանքի թիրախ են, հատկապես նրանք, որոնք ունեն ինտելեկտի պակաս, փորձում են դրան պատասխանել մի քանի անգամ ավելի մեծ ատելությամբ ու անցնում են վիրավորանքների: 

Ես չեմ հիշում Հայաստանի անկախ պատմության մեջ որևէ դեպք, որ որևէ ղեկավարի կին իրեն այսքան սանձարձակ, այսքան հակաէսթետիկ պահեր: Երբ կարդում ենք նրա գրառումը՝ ուղղված Տաթև Վիրաբյանին՝ երկու երեխայի մոր, որի եղբայրը զոհվել է Արցախյան պատերազմում, այդ նախադասության մեջ տեսնում ենք այս ընտանիքի ողջ իրական պատկերը, երբ գրում է. «Մինչև հիմա մենք մեր ընտանիքում էինք ձեզ ասում ոջիլ, հիմա դա ասելու ենք հրապարակավ»: Սա ամենաեղկելի խոստովանությունն է, որ այս զույգը, որ սիրո ու համերաշխության կեղծ լոզունգով զավթեց իշխանությունը, իրականում ՀՀ քաղաքացու մասին իրենց ընտանեկան պատերի ներսում խոսում է «ոջիլ, համբալ, տխմար, տգետ» որակումներով: 

Իրենք այդ ատելությունից էներգիա են ստանում, պետք չէ տրվել նրա սադրանքներին: Աննա Հակոբյանը սադրում է, ուզում է ասել, որ իր դեմ խաղ չկա, ինչպես ասում են, կրկնում եմ, ուղղակի պետք չէ տրվել այդ սադրանքներին: 

– Իսկ Աննա Հակոբյանը, ըստ ձեզ, չի՞ պատկերացնում, որ այդկերպ ավելի է սրելու իրենց հանդեպ եղած բացասական վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը:

– Իրենք արդեն այնպիսի թակարդի մեջ են հայտնվել, որ շատ լավ գիտեն՝ ինչ էլ անեն, այլևս չեն կարող բարձրացնել իրենց ընկած վարկանիշը: Հիմա ուղղակիորեն բացում են իրենց իրական դեմքը: Պետք է հանգիստ հետևել, թե իրենք է՛լ ինչ են ասելու ժողովրդին, երբ պարզվի, որ իրենց վերարտադրության շանսերը զրոյական են, մենք կլսենք այս զույգի կողմից, թե իրականում ինչպես է ատում ժողովրդին:

– Տիկի՛ն Զոհրաբյան, ի՞նչ ազդեցություն կարող է այս ամենը թողնել հանրության վրա՝ հաշվի առնելով երկրում առկա լարված մթնոլորտը։ 

– Մարդիկ զարհուրած են: Միգուցե իրենց ուզածն այն է, որ քաղաքացիական բախումներ հրահրվեն: Ես ասացի, որ տարբեր խնդիրներ է լուծում իր այդ ատելության խոսքով ժողովրդի հանդեպ: Մենք դա պետք է թույլ չտանք, իրենք ամեն ինչ անում են, որ այդ ատելությունը դուրս գա ափերից: Աննա Հակոբյանն ամեն ինչ անում է նպատակաուղղված, սա միանշանակ է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am