Ժամեր առաջ ՔՊ վարչության հերթական նիստի ավարտին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը առանց ավելորդ սեթևեթանքների հայտարարեց, որ Կաթողիկոսին հեռացնելու պլանը մասամբ համարվում է ներքաղաքական հարց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևողականորեն պահանջել տեղեկություն կաթողիկոսի երեխա ունենալու և վերջինիս կուսակրոնության ուխտը խախտած վերաբերյալ, իսկ այսօր արդեն, համարելով, որ եթե Կաթողիկոսը չի հերքել, ուրեմն ակնհայտ է, որ ուխտը խախտել է, անցել է հաջորդ փուլին՝ նախաձեռնելով կաթողիկոսի հեռացման գործընթաց:
Թեև երկար տարիներ հասարակության մեջ շրջանառվում են տարբեր բարձրաստիճան հոգևորականների կողմից ընտանիք և երեխա ունենալու պատմությունները՝ ի թիվս Եկեղեցու ներսում առկա այլ անառողջ երևույթների, նյութական հարստությունների, թանկարժեք մեքենաների, շքեղ նիստուկացի, սակայն առաջին անգամ հնչեցված մեղադրանքները, ներառյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին, բարոյական և եկեղեցական հարթությունից տեղափոխվել են քաղաքական դաշտ և օգտագործվում են որպես քաղաքական շանտաժի գործիք:
Վարչապետը առաջարկում է ձևավորել «հավատացյալների համակարգող խումբ»՝ Կաթողիկոսին փոխելու նպատակով, իսկ խմբի անդամության չափորոշիչները լրջության և ողջամտության հետ աղերս չունեցող մի անտրամաբանական ցուցակ է՝ գոնե մեկ անգամ ամբողջությամբ կարդացած լինեն Աստվածաշունչը, Մեծ պահք պահած լինեն, ամեն օր աղոթեն, իսկ հոգևորական լինելու դեպքում՝ անպայման կուսակրոնությունը «մաքուր պահած» լինեն և այլն։
Երևի թե հեռու չէ այն օրը, որ ականատես կլինենք վարչապետի նորանոր նախաձեռնություններին, օրինակ՝ ֆուտբոլի ազգային հավաքականի նոր կազմ ընտրելու նպատակով ֆուտբոլասերների համակարգող խումբ, որի անդամ կարող են դառնալ նրանք, ովքեր, ի թիվս այլ պահանջների, «Բարսելոնա»–«Ռեալ» խաղի ժամանակ գոնե մեկ անգամ հոնգուր-հոնգուր լաց են եղել:
Ակնհայտ է, որ վարչապետին անկեղծորեն չեն հուզում ո՛չ Կաթողիկոսի հնարավոր զավակները, ո՛չ հոգևոր կանոնագրքի խախտումները, ո՛չ էլ Եկեղեցու բարոյական մաքրությունը։ Եթե նման մտահոգություն իսկապես գոյություն ունենար, ապա վերջին յոթ տարիներին այդ հարցերը արդեն կլինեին իշխանության ուշադրության առարկա։
Դժվար է պատկերացնել, որ ԱԱԾ-ն ընդամենը մի քանի օր առաջ է քաղաքացի «Կտրիճ Ներսիսյան-Գարեգին Բ» անվանումով թղթապանակը դրել վարչապետի սեղանին, և վարչապետը, վերջապես հասկանալով, որ մեր բոլոր դժբախտությունների արմատը թաքնված է Եկեղեցու բարձրաստիճան սպասավորների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, անմիջապես անցել է գրառումներ անելուն:
Ամեն ինչ առավել քան պարզ է՝ այստեղ բարեվարքություն չկա, բայց կա քաղաքական հաշվարկ, իսկ նպատակը առավել քան պարզ և ունի մեկ պատճառ՝ ուղիղ մեկ տարի անց՝ 2026-ին, սպասվում են ընտրություններ, իսկ Եկեղեցին ի տխրություն իշխանությունների շարունակում է մնալ ծանրակշիռ հանրային դերակատար։
Ներկայումս փաշինյանական, քոչարյանական և սերժսարգսյանական բևեռների վարկանիշները՝ միասին վերցրած, շատ ավելի ցածր է, քան չկողմնորոշվածների թիվը, իսկ այդ ընտրազանգվածը այս ընտրություններում կարող է խառնել և՛ իշխանության, և՛ տիտղոսակիր ընդիմության բոլոր խաղաքարտերը:
Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես բարձր վստահություն ունեցող, ինքնուրույն գործող, հատկապես մարզերում առավել մեծ ազդեցություն ունեցող ինստիտուտ, որը ըստ վերջին վիճակագրական տվյալների վայելում է ավելի քան 70% հանրային աջակցություն, ցանկացած հրապարակային դիրքորոշմամբ, նույնիսկ չեզոքության պայմաններում, կարող է ամբողջովին փոփոխել ընտրական գործընթացների արդյունքները։
Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի վերջին հայտարարությունը՝ «Կաթողիկոսը պիտի լինի նորմալ կուսակրոն»։ Ինչպե՞ս է սահմանվում այդ նորմալությունը, ո՞վ է գնահատում։ Եթե սեռական բարեվարքությունը դառնում է թեկնածուի գնահատման չափանիշ, ապա ինչի՞ հիման վրա է գնահատվելու։ Կանանց պարագայում, գուցե, կուսաթաղանթի բժշկական ձևաթուղթ պահանջվեր։ Իսկ այս դեպքում ի՞նչ մեթոդաբանությամբ ենք Կաթողիկոս ընտրելու: Վարչապետի անձնական պատկերացումնե՞րով, թե՞ պետական սանիտարահոգևոր հանձնաժողովի միջոցով։
Ի վերջո, այս ամբողջ «եկեղեցական բարեփոխումների» պատմությունը ոչ թե հավատքի, բարոյականության կամ կանոնականության մասին է, այլ իշխանության պահպանման։
Նիկոլ Փաշինյանը պարզապես լուծում է իր առաջիկա ընտրությունների հարցը՝ թուլացնելով Եկեղեցին որպես հնարավոր ռիսկային գործոն։ Նա երբեք չի խորշել իր նպատակներին հասնելու համար ոտնատակ անելու տարբեր ինստիտուտներ՝ Սահմանադրություն, դատարաններ թե ուժային կառույցներ։ Եվ հիմա էլ, աներեր հարվածում է այն հաստատությանը, որից պոտենցիալ վտանգ է զգում ընտրությունների համար, չնայած ակնհայտ հասկանում է, թե ինչ կարգի վնաս է հասցնում Հայաստանին, հայկական աշխարհին, սփյուռքի հոգևոր-ազգային կազմակերպվածությանը, ազգային դիմադրությանը։
Այս վնասը գրեթե անդառնալի է։ Սակայն առավել զարմանալի է այն լռությունը, որով ուղեկցվում են այս հարձակումները։
Երբ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղե՛րք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում՝ վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», ՔՊ պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր դրեց մանդատը։ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը դուրս եկավ թե՛ պաշտոնից, թե՛ ՔՊ-ից։ Առնվազն մեկ-երկու խոսք հնչեց ՔՊ-ից, իսկ այսօր, երբ հռետորաբանության մակարդակը իջեցվել է աննախադեպ՝ անկողնային մակարդակի, ոչ կառավարությունից, ոչ Ազգային ժողովից, ոչ իշխող թիմից ոչ մի խոսք չկա:
Ինչ խոսք, լռությունն այս դեպքում համաձայնության ամենաուժեղ ձևն է։
Կամ, ինչպես ասվում է Սաղմոս 39:2-ում «Բերանս փակեցի պապանձուելով. Բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ»:
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















