Ինչու չեն սիրում ոստիկաններին. Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «վերադառնում է»

Չնայած փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը որոշ ժամանակ առաջ որոշել էր փակել Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր անձնական էջը, հետեւաբար դրանով զրկելով հասարակությանը իր հետաքրքիր գրառումներին հաղորդակից լինելուց, սակայն նա միտքը փոխել է: Այս անգամ Մելքոնյանի գրառումը ոստիկանների, հասարակական ընկալման մասին է, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Ինչու չեն սիրում ոստիկաններին…

Պատճառները շատ են՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, իրական եւ ոչ իրական, հիմնավորված եւ անհիմն: Ոստիկանները բնականաբար իրենց գործունեությամբ ազնվազարմ օրիորդաց դպրոցի դասատուներ չեն եւ մասնագիտության բերումով արգելում, պատժում, դաստիարակում, կարգի են հրավիրում: Իհարկե նաեւ պարզ է, թե որոշ դեպքերում ինչպես եւ ինչ ձեւով են դա անում: Համաձայն եմ, որ ցանկալի է հիմնականում օրինապահ, քաղաքավարի եւ կոռեկտ շփում քաղաքացիների հետ: Չեմ ուզում հիմա խորանալ, վերլուծություն կատարել, դա մի քիչ լուրջ եւ հիմնավոր խնդիր է, լուրջ վերլուծության կարիք է զգում:Հիմա ուղղակի ուզում եմ այդ պատճառներից մեկին անդրադառնալ:

Սկսած մանուկ տարիքից բոլորդ, գրեթե բոլորդ ձեր երեխաներին, թոռներին «Մեշոկ պապիների»,«Բոբոների», զանազան հրեշների հետ միասին վախեցրել եք ոստիկաններով:

Չարություն չանես…, ճաշդ կեր, թե չէ…, ձայնդ կտրիր, խելոք մնա թե չէ կասեմ ոստիկանը կգա քեզ կտանի…

Այդ տարիքից հաճախակի նման արտահայտություններ լսելուց հետո ապագա քաղաքացու մոտ սեր, հավատ, վստահություն, հարգանք կառաջանա՞, իհարկե ոչ:

Հենց այս երեւույթի հետ կապված ուզում եմ նշել, որ հիացած եմ «ՖԲ»-ի օգտատեր Նունե Բրուտյանի էջի գրառմամբ.

– Յուրաքանչյուրս մեր հերթին ենք ձեւավորում հասարակությունը, փորձում այն դարձնել ավելի լավ ու բարի: Բնական է, որ կան վատ ու անհաճո երեւույթներ, բայց դրանք էլ ավելի կխորանան, եթե ամեն անգամ մատով ցույց տանք: Ես ինձ պարտավորված եմ զգում իմ թոռների մտածելակերպն այժմվանից ձեւավորելու համար: Այ օրինակ հիմա մոդա է ոստիկաններին քարկոծելը, շատերը միաձայն պախարակում են, բայց ես կարծում եմ, որ մեր ժամանակների «միլիցեքի» ու այժմյան ոստիկանների միջեւ մեծ տարբերություն կա: Թոռներիս մեջ ներարկում եմ հավատ ու վստահություն մեր ոստիկանության հանդեպ, որ նրանք չսարսափեն համազգեստով մարդ տեսնելիս, այլ ընդհակառակը վստահ լինեն, որ ոստիկանն իրենց պաշտպանն է: Հասկանալի է, ինձ հետ հիմա շատերը համաձայն չեն լինի, նրաց միայն կարող եմ հաջողություն մաղթել ու ասել, որ իմ էջն առանց իրենց էլ կշարունակի գոյատեւել:

Իհարկե կգոյատեւի հարգելի Նունե, իհարկե հիմա ոստիկանատյացների կաստան քոփի փեսթ կանի իր մշտական, նման դեպքերի համար մշակված մեկնաբանությունները: Բայց ոստիկանության աշխատանքների բարելավմամբ մտահոգ մեծամասնությունն իրականում ճիշտ գնահատական կտա Ձեր գրառմանը: Ես ինքս հիացած եմ Ձեր քաղաքացիական կեցվածքով ու քաջությամբ…Ապրեք:

Հ.Գ. Մեր շատ-շատ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ցավոք սրտի Ձեր քաջությունը չունեն, այլապես վաղուց գրած կլինեին…»

© Medialab.am