Համոզված եմ՝ այս ռեպրեսիաների կարիքը չէր լինի,  եթե Փաշինյանը կարողանար Ադրբեջանից ստանալ խաղաղության պայմանագիր. Խաժակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը

– Պարո՛ն Խաժակյան, Նիկոլ Փաշինյանը պատրաստվելու կոչ է արել հանրությանը, Մայր Աթոռի բակում հավաք է նախատեսում, որպեսզի Վեհարանն ազատեն Վեհափառից: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը անցնում է գործնական քայլերի:

– Կարծում եմ, որ Փաշինյանը իրականացնում է հավանական գրոհի մեդիապատրաստություն, դա կլինի իրավապահների՞ միջոցով, թե՞ իբրև քաղաքացիական նախաձեռնություն, էական չէ, ամեն դեպքում, ակնհայտ է, որ նա դրանով իրականացնում է ՀՀ Սահմանադրությունից չբխող քայլ, որովհետև որքան էլ ասի, թե գործում է որպես Եկեղեցու հետևորդ ու ոչ որպես վարչապետ, ակնհայտ է, որ քաղաքական իշխանության դիրքերից նա իրականացնում է բռնաճնշումներ Եկեղեցու ու Եկեղեցու աջակիցների նկատմամբ: 

Այս իմաստով ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ Փաշինյանը դիմելու է որևէ գործողության, ու դա, բնականաբար, լինելու է մեր հերթական ամոթալի տեսարաններից մեկը:

– Այդ գործողությունը լինելու է նո՞ւյն կարգի, ինչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու պարագայում էր:

– Դա իրավապահ համակարգի միջոցով միջամտելու սցենարը կլինի, բայց իր վերջին մի քանի գրառումներում նա կարծես ակնարկում է, որ անձամբ է դա անելու՝ քաղաքացիական նախաձեռնության միջոցով: Նա կփորձի հնարավորինս սուր եզրերը հարթել, որովհետև Մայր Աթոռի տարածքում իրավապահների միջամտությունը շատ բուռն ընկալվեց հասարակության կողմից, ինչը և հասկանալի է: 

Նա հիմա կփորձի անել այլ տեսքով, այլ մեթոդաբանությամբ, որը չեմ կարծում թե ընկալում կգտնի հասարակության մեջ, բայց, բնականաբար, այդ ամենն առանց ուժայինների աջակցության դժվար կլինի իրականացնել:

– Այս ամենով Նիկոլ Փաշինյանն ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Քաղաքական խոշոր ծրագիրը հետևյալն է. 2026-ին ընդառաջ, չունենալով կնքված խաղաղության պայմանագիր, լռեցնել, վերացնել հնարավոր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին: Հասկանալի է, որ իր վարկանիշի մաշեցման մեջ նաև ներդրում են ունեցել մի խումբ արքեպիսկոպոսներ, այդ թվում՝ նույն Միքայել Սրբազանը, որոնք իրենց արդար խոսքն են ասել ընդդեմ իշխանությունների: Միքայել Սրբազանն իր խոսքով մաշեցրել է իշխանության վարկանիշը, ու երբ Փաշինյանը նկատել է բոլոր այն անձանց, որոնք կարող են իրենից ձայներ խլել, այդ թվում նաև Սամվել Կարապետյանը, որոշել է դիմել ավանդական ավտորիտար մեթոդների: 

Համոզված եմ, որ եթե Փաշինյանը կարողանար Ադրբեջանից ստանալ խաղաղության պայմանագիր, ապա այս ռեպրեսիաներից որևէ մեկի կարիքը չէր լինի, քանի որ, ըստ իրեն, դա գոնե կբավարարեր վերընտրվելու համար: Բայց քանի որ դա չկա, ապա 2026-ին ընդառաջ իր բոլոր ընդդիմախոսներին ու կառույցներին պետք է լռեցնի, որոնց մեջ նա դիտարկում է Եկեղեցուն ու նաև Վեհափառին, ու դիմում է նման գործողությունների:

– Կհաջողի՞:

– Շատ բան կախված է Գարեգին Վեհափառի դիրքորոշումից ու խոսքից, եթե դա լինի այնպիսին, ինչպիսին էր Միքայել Սրբազանի կալանավորման օրը, ըստ էության, եկեղեցականները Վեհափառի գլխավորությամբ Աջապահյանին ուղեկցեցին Քննչական կոմիտե, երբ կասկած չկար, որ Միքայել Սրբազանը կալանավորվելու է, այդուհանդերձ, նրան ուղեկցեցին ու, ըստ էության, Մայր Աթոռում տուրք տվեցին իշխանության քաղաքական ծրագրին: 

Հիմա, եթե գա այդ օրը, ու Գարեգին Վեհափառը գործի նույն կերպ, ապա արդյունքն էլ լինելու է նույնը, այսինքն՝ ի՞նչն է խանգարում իշխանություններին քրգործ հարուցել Վեհափառի նկատմամբ, հետևաբար շատ բան կախված է նրա դիրքորոշումից ու հորդորից՝ քաղաքական ուժերին, հասարակությանը: Մինչ այս պահը նման դիրքորոշում ու հորդոր չկան, ինչն ինձ հուշում է, որ գործիքակազմը կամ որոշումները լինելու են այնպիսին, ինչպիսին եղան Միքայել Սրբազանին կալանավորելու օրը:

– Այսինքն՝ ավելի շատ հավանական եք համարում ա՞յդ տարբերակը, պարո՛ն Խաժակյան:

– Այո՛, հիմք ընդունելով Միքայել Սրբազանի օրինակը, այդպես եմ կարծում, իսկ եթե դիրքորոշումն այլ է լինելու, թող դրա մասին հնչեցնի, մենք էլ՝ որպես Եկեղեցու հետևորդներ, կանենք մեր հետևությունները:

-Ի՞նչ պետք է անի Վեհափառը։

-Կարծում եմ, Վեհափառը պետք է հստակ կոչ հնչեցնի Եկեղեցու հետևորդներին, թե ինչ ակնկալիքներ ունի Մայր Աթոռի պաշտպանության հարցում։ Գաղտնիք չէ, որ եկեղեցականները շատ զգայուն են քաղաքական տարբեր նախաձեռնությունների նկատմամբ, և երբ Միքայել Սրբազանի կալանավորման վերաբերյալ տեսակետներ էին հնչում, թե եկեք թույլ չտանք, որ Աջապահյանին կալանավորեն, որ պաշտպանենք եկեղեցու տարածքը, Վեհափառն ու հոգևորականներն ասում էին, որ իրենք թույլ չեն տա Մայր Աթոռը վերածել բախման կետի, բայց բոլորիս համար հասկանալի էր, որ բախում հրահրողն իշխանություններն էին։ Մենք հանդես եկանք քաղաքական առաջարկով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրեցինք, ինչը հոգևորականները շատ սուր ընդունեցին։ 

Որպեսզի նման իրավիճակ չլինի, որ Եկեղեցին չկարծի, թե քաղաքական ուժերը, հասարակության այլ շերտեր հանդես են գալիս առաջարկություններով, որոնք Եկեղեցու կամ հոգևոր առաջնորդների պատկերացումների մեջ չեն տեղավորվում, հետևաբար ճիշտ կլինի, որ հենց Վեհափառը հնչեցնի, թե ինչ կոնկրետ ակնկալիքներ ունի իր հետևորդներից։ 

Վերջին հայտարարությամբ՝ Մայր աթոռն արձանագրում է, որ իշխանության ոտնձգությունը ոչ թե առանձին հոգևորականի նկատմամբ է, այլ Մայր Աթոռի, ինչի հետ համակարծիք եմ։ Հետևաբար Վեհափառը պետք է իր պատգամը հղի իր հոգևոր հոտին, քաղաքական ուժերին՝ հստակ ձևակերպելով իր ակնկալիքները։ 

Այս հայտարարությամբ չի հստակեցվում, թե ինչպես պետք է պաշտպանվել իշխանության ոտնձգություններից։ Վեհափառը պետք է կոնկրետ ու հստակ հայտարարի, թե ինչպես է պատկերացնում Մայր Աթոռի պաշտպանությունը, նախքան Փաշինյանը կհայտարարի՝ ինչպես պետք է հարձակվել Վեհարանի վրա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am