«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, վաշինգտոնյան հանդիպումից, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո իշխանության ներկայացուցիչները համոզմունք են հայտնում, որ Հայաստանում այլևս խաղաղություն է, ելնելով այդ հանգամանքից նաև ասում են, որ պետք չէ ռազմական բյուջեն ավելացնել: Դուք և՞ս կարծում եք, որ մենք արդեն խաղաղ պայմաններում ենք ապրում:
– Չեմ կարծում, թե մենք խաղաղության պայմաններում ենք ապրում: Այնպես չէ, որ պատերազմի ժամանակ առավոտից երեկո հրետակոծություններ են, ու զոհեր կան: Պատերազմը միշտ երկու կողմի համար էլ ունենում է նպատակ՝ կողմերը ցանկանում են ստանալ ինչ-որ բան, հիմա, եթե կողմերից մեկն այդ ինչ-որ բանը ստանում է առանց նվազագույն իսկ զոհ տալու, էլ ի՞նչ իմաստ ունի զոհ տալու, ինչո՞ւ պետք է առավոտից երեկո կրակի, սա պայմանական եմ ասում: Հետևաբար ես չեմ գտնում, որ մենք խաղաղության մեջ ենք, մենք պատերազմի մեջ ենք կորուստների իմաստով՝ քաղաքական և այլ բնույթի կորուստներ:
Ինչ վերաբերում է նրան, որ պետք չէ պաշտպանական բյուջեն ավելացնել, ապա դա շատ վտանգավոր թեզ է, որովհետև դու պետք է միշտ պատրաստ լինես: Այսօր Ադրբեջանի ղեկավարը խաղաղատենչ Ալիևն է, Հայաստանինն էլ՝ նույնքան խաղաղատենչ Նիկոլ Փաշինյանը, բայց կարող է պատահի, որ վաղը երկու երկրում էլ ղեկավար դառնա ոչ խաղաղասեր մեկը, հետևաբար մենք պետք է միշտ պատրաստ լինենք:
– Իսկ Ադրբեջանի նախագահն իսկապե՞ս խաղաղություն է ուզում Հայաստանի հետ:
– Ադրբեջանա-թուրքական տանդեմն ուզում է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն, իսկ Նիկոլ Փաշինյանի ու իմ խաղաղության մոդելն այնքան էլ կայուն չէ: Եթե իմ ու Փաշինյանի մոդելն այն է, որ մենք պետք է մեր հարևանների հետ կարողանանք խաղաղ ապրել ու հնարավորինս բարեկամություն ու համագործակցություն անել, ապա Թուրքիան ու Ադրբեջանը վախենում են մեզանից, ասում են՝ մի օր դուք հանկարծ կհարձակվեք ու կկոտորեք մեզ, հետևաբար իրենք առաջ են քաշում խաղաղության իրենց մոդելը՝ տարածաշրջանում չլինի հայոց պետականություն, հայերը կարող են լինել կամ չլինել, դա երկրորդական հարց է, ու այդ մոդելը կլինի կայուն խաղաղության հաստատում: Ես մի քիչ հեգնանքով եմ ասում, բայց, կարծում եմ, հասկանալի եմ ասում:
– Պարո՛ն Աղազարյան, ձեր գնահատմամբ՝ համաձայնագրի նախաստորագրումից հետո մենք ավելի՞ մոտեցանք պայմանագրի կնքմանը, թե՞ չէ:
– Ինչպես ասում են՝ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը, իսկ դա մի քայլ էր, որն արվեց, թե դրանից հետո ի՛նչ կլինի, շատ բան կախված է ընթացքից: Եթե հաջորդ քայլը պետք է լինի այն, որ այսպես կոչված ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Հայաստան, ու նոր միայն կնքվի պայմանագիրը, ապա դա կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի խաղաղության մոդելի կիրառումը:
– Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ պայմանագրի կնքման համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը:
– Դե, Սահմանադրության փոփոխությունը բոլոր մարտահրավերներից ամենաանմեղն է, որտեղ մենք՝ որպես ազգ ու ժողովուրդ, պետք է մեզ մի փոքր նսեմացված զգանք ու վերջ, բայց, ցավոք սրտի, դա վերջը չէ: Համոզված եմ, որ Ադրբեջանի պահանջները շատ-շատ են:
– Իսկ Հայաստանի ղեկավարությունը պատրա՞ստ է կատարելու այդ պահանջները:
– Դեպքերի զարգացումը բերում է նրան, որ մի պայմանը բավարարելուց հետո անհնար է հաջորդը չբավարարել, իսկ այդ ամենը կամաց-կամաց բերում է նրան, որ վերջնարդյունքում ունենալու ես ամենաանցանկալին:
– Պարո՛ն Աղազարյան, ձեր կարծիքով՝ մինչև հաջորդ տարվա հերթական ընտրությունները պայմանագիրը կկնքվի՞:
– Իհարկե ո՛չ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այդ կարգախոսով գնա ընտրության՝ ընտրեք ինձ, որ խաղաղություն բերեմ: Սա է լինելու հիմնականը, թե չէ այն հին կապիկություններն այլևս չեն աշխատելու:
– Մարդիկ կտա՞ն իրենց քվեն այդ խաղաղությանը:
– Շատ դժվար է դրան հակառակվել, բայց առաջիկայում կերևա վաշինգտոնյան պայմանավորվածությունների մերկությունը, հետևաբար մենք պետք է հետևություններ անենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, ընդդիմությունը ևս պետք է անի այդ հետևությունը, որպեսզի հնարավոր լինի հակազդել այս իշխանությանը:
– Ճի՞շտ եմ հասկանում ձեզ, որ վաշինգտոնյան համաձայնություններին լուրջ չեք վերաբերվում:
– Այնպես չէ, որ լուրջ չեմ վերաբերվում, բայց համաձայն չեմ իշխանական քարոզչամեքենայի տեսակետներին, որոնք ներկայացնում են: Սխալվում եմ, թե չէ՝ կերևա առաջիկայում: Իմ անհանգստությունն այն է, որ այս իշխանությունը չի կարող կառավարել ռիսկերը, ու մենք կունենանք ինքնիշխանության լուրջ կորուստ իր բոլոր հետևանքներով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















