«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
-Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպես կգնահատեք Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքը․ արդյո՞ք այստեղ տեսնում եք իշխանության պատասխանատվության տարրեր։
– Տեղի ունեցածը շատ ծանր էր, հատկապես որ մենք հետևում էինք Փարաքարի ընտրություններին, ու Գրիգորյանը բացարձակ հեղինակություն վայելող անձ էր, ինչը ևս մեկ պատճառ էր, որ այս դեպքը հանրության վրա առավել մեծ ազդեցություն ունենար: Իշխանությունը պետք է անի հնարավորն ու անհնարինը շատ արագ բացահայտելու համար, որպեսզի խուսափեն իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներից: Իրավապահ համակարգը պետք է այնպիսի միջոցառումներ ձեռնարկի, որոնք կասկած չեն հարուցի: Բայց բոլորս էլ գիտենք, որ չունենք վստահելի իրավական համակարգ, թե ի՛նչ հրահանգ է իջեցված իրավապահ համակարգին, ես չեմ ասում, թե չեն ուզում բացահայտել, բայց մենք անցյալի փորձ ունենք, որ նման ծանր հանցագործությունները չեն բացահայտվում, գիտենք նաև, որ իրավապահ համակարգը գտնվում է մեկ անձի ազդեցության ներքո՝ կառավարության ղեկավարի, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն ասում է՝ ես եմ կառավարությունը, որևէ մեկը չի կարող դեմ գնալ ինձ:
Դեռ ոչինչ բացահայտված չէ, տեսանյութից երևում է, որ հանցագործը ամենայն հանգստությամբ է կատարում իր գործը, նման սարսափելի դաժանություն կիրառվել էր հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի նկատմամբ: Նաև վարչապետի գրառումը, որ վրեժխնդրության ակնարկ արեց, արդյոք սա չի՞ ուղղորդում քննչական մարմիններին: Ի՞նչ վրեժխնդրության մասին է խոսքը, վրեժխնդրություն ո՞ւմ կողմից, ի՞նչ նկատի ունի վարչապետը, արդյոք նա նկատի չունե՞ր կոնկրետ մեկին, որը վենդետա է իրականացրել, սրանք հարցեր են, որոնք սպասում են պատասխանների:
Մենք տեսանք նաև, որ երեկվանից քննարկումները հենց վենդետայի ուղղությամբ սկսեցին ծավալվել: Գիտեմ մի բան, որ վարչապետից է կախված այս աղմկահարույց սպանության բացահայտումը:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Այսինքն՝ ինքը պետք է խոսքով հանդես գար ու հավաստիացներ, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սպանությունը բացահայտեն, ոչ թե գրառմամբ հանդես գար: Վերլուծություններ ու որակումներ տալու ժամանակ չէ: Գլխովին պետք է ընկնեին գործի բացահայտմանը, որովհետև ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության մասին է խոսքը:
– Տիկի՛ն Ալեքսանյան, իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ իրենց մեղադրողները փորձում են իրենց հավասարեցնել նախկին իշխանությունների հետ այդպիսով, բայց իրենք նախկինների նման չեն, ու նման գործելաոճը, ըստ իշխանականների, բնորոշ է նախկին իշխանություններին: Համակարծի՞ք եք:
– Այս իշխանությունը, որը հայտարարեց, թե «Մարտի 1»-ը բացահայտված է, ոչինչ չարեց այս յոթ տարվա մեջ, որ մենք պատժվող մեղավոր տեսնենք: Հետևաբար, թող իրենք իրենց արածները նայեն, ու այդ օրինակները բոլորովին տեղին չեն: Երկու օր է անցել դեպքից, ի՞նչ են արել, որ հանրությանը թափանցիկ իրազեկում ներկայացնեն, որովհետև սա հանրային մեծ հնչեղություն ունեցող հանցագործություն է: Ինչպես գլխովին խորամուխ էին եղել իրենց նկատմամբ կազմակերպվելիք չեղած ահաբեկչությունը բացահայտելուն, թող հիմա նույնը այս պարագայում անեն: Ի՞նչ վստահություն ունենանք մենք իրավապահ համակարգից, որն ամբողջովին Նիկոլ Փաշինյանի հայեցության ներքո է, ու մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այդ իբր ահաբեկչության նախապատրաստության գործերով:
– Թերահավա՞տ եք օբյեկտիվ քննության մասով:
– Շատ կուզեմ, որ բացահայտվի, չգիտեմ, սա շատ կարևոր է: Առջևում ընտրություններ են, իրենք էլ ամբողջ օրը խոսում են թափանցիկ ընտրությունների մասին, իսկ նման դեպքերը, մեղմ ասած, ստվերում են այդ ընտրական գործընթացները: Ամեն ինչ իրենցից է կախված՝ կբացահայտվի՞, թե՞ չի բացահայտվի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















