«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան, փաստաբան «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը
– Այս տարվա 11 ամսվա ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է 20 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն։ Տիկի՛ն Հովհաննիսյան, այս թվերի մասին ի՞նչ կասեք, մտահոգի՞չ են։
– Այո՛, այդ թվերը խիստ մտահոգիչ են, երբ դեռ տարին չավարտված՝ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվում է 20 մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Դա ոչ միայն վիճակագրական ցուցանիշ է, այլև ազդակ՝ համակարգային խնդիրների առկայության վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է մարդու կյանքի իրավունքին, որը պետությունը պարտավոր է պաշտպանել անգամ ամենախիստ պայմաններում։ Այս դեպքերը վկայում են ինչպես պահման պայմանների, առողջապահական և հոգեբանական ծառայությունների անբավարարության, այնպես էլ մարդու արժանապատվությանը հարգանքով չվերաբերվելու, մշակութային և կառավարման բացերին։
Եթե խոսենք թվերով, ապա 2025 թ. մայիսին 10 քրեակատարողական հիմնարկներում արդեն պահվել է 2789 մարդ, որոնցից 1465-ը՝ կալանավորված, 1324-ը՝ դատապարտյալ։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականին անազատության մեջ գտնվող անձանց ընդհանուր թիվը 2686 էր, 2023-ին՝ 2469, իսկ 2022-ին՝ 2265։ Այսինքն՝ կայուն կերպով մեծանում է անազատության մեջ գտնվող անձանց թիվը, և նրանց գերակշիռ մասը կալանավորված անձինք են։ Ցավալիորեն, Հայաստանում կալանքը՝ որպես խափանման միջոց, դեռևս շարունակում է բավականին լայն կիրառվել, թեև այլընտրանքային միջոցների հնարավորությունները ընդլայնվել են։ Սակայն դատարանները, որպես կանոն, բավարարում են քննչական մարմինների կալանավորման միջնորդությունները։ Դա ուղիղ ազդեցություն ունի քրեակատարողական համակարգի վրա՝ թե՛ ծանրաբեռնվածության, թե՛ ռեսուրսների բաշխման տեսանկյունից։
– Ինչի՞ հետևանք են այս դեպքերը։
– Պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ սկսած ընդհանուր կառավարման խնդիրներից, որոնց մեջ փոքր դեր չի խաղում նաև քրեական ենթամշակույթը, մինչև պահման պայմանները, հոգեկան առողջության հետ կապված համընդհանուր իրավիճակն ու առողջական խնդիրները։ Փակ (անբավարար) պայմաններում մարդկանց ֆիզիկական և հոգեկան, առողջական խնդիրները սրվում են։ Բացի այդ, առաջանում է առաջնահերթությունների հարց փակ միջավայրում, և համակարգը սովորաբար արձագանքում է ըստ այդ առաջնահերթությունների։
Նշեմ նաև քրեական ենթամշակույթով պայմանավորված բանտային հիերարխիայի ազդեցությունը, որն իր ցանցի մեջ է ներքաշում անազատության մեջ հայտնված յուրաքանչյուրին՝ դրանից բխող բացասական հետևանքներով, որոնք կարող են հանգեցնել ինքնավնասման կամ ինքնասպանության։
Նորից շեշտեմ պահման անբավարար պայմանները՝ հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ նույնիսկ աշխատողների համար է վնասակար գտնվելը։ Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են լրջագույն մարտահրավերներով ծանրաբեռնված համակարգ, որը դատական մարմինները նույնպես նկատի չեն առնում՝ չպակասեցնելով կալանքի կիրառման ծավալները։
– Պետությունը ի՞նչ քայլեր պետք է աներ այս մահերը կանխելու համար և ի՞նչ պետք է անի, որ նոր դեպքեր չգրանցվեն։
– Մահվան յուրաքանչյուր դեպքի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր, և նախաձեռնվում է քրեական վարույթ՝ մահվան պատճառները պարզելու նպատակով։ Թեև քրեական վարույթի շրջանակում քննություն է տարվում, սակայն գործերը, որպես կանոն, հետագայում կարճվում են, իսկ ինքնասպանության իրական պատճառները այդպես էլ չեն բացահայտվում։ Եթե քրեական վարույթները մշտապես կարճվում են, դա ձևավորում է անպատժելիության մթնոլորտ։
Պետք է ապահովվի արդյունավետ և անկախ քննություն՝ պատասխանատվության ենթարկելով այն պաշտոնյաներին, որոնք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները կամ անգործությամբ նպաստել են ողբերգական հետևանքներին։ Յուրաքանչյուր մահվան դեպքի քննությունը պետք է լինի հրապարակային, հաշվետու, իսկ արդյունքները՝ մատչելի հանրության համար։
Բացի անպատժելիության խնդրից, պետությունը պետք է ձևավորի մարդակենտրոն քրեակատարողական համակարգ, որտեղ ազատազրկված անձը կորցնում է միայն ազատությունը, բայց ոչ՝ արժանապատվությունը, կյանքի իմաստը և, ի վերջո՝ կյանքը։
Քրիստինե Աղաբեկյան
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
MediaLab.am


















