Եթե խուլիգանության հոդվածով մեղադրանք են առաջադրել՝ թող Ալեն Սիմոնյանին էլ այդ հոդվածով մեղադրանք առաջադրեն. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանության համար. նոյեմբերի 10-ի փոդքասթի թողարկմանը Սամսոնյանն ու Սաղաթելյանը քննադատական անդրադարձ են կատարել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Արդյոք տեղի ունեցածը համաչա՞փ է: Որտե՞ղ է սկսվում ու ավարտվում խոսքի ազատության սահմանը, ինչպե՞ս եք գնահատում կատարվողը:

– Ամիսներով լսում էինք Նիկոլ Փաշինյանի սեռական բնույթի հայհոյանքները, Ալեն Սիմոնյանի կողմից մարդու վրա թքելը տեսանք, մյուս գրառումների ու հայտարարությունների մասին էլ չասեմ: Ստեղծվել է հայհոյանքի մի անբարո մթնոլորտ ՔՊ առաջնորդների ու մյուս ՔՊ-ականների գործուն մասնակցությամբ, և ուզում են բոլորին ինչ ասես ասեն, բայց պատասխան չստանան: Բայց մյուսներն ինչո՞ւ չպետք է ձեզ պատասխանեն, եթե դուք եք ստեղծել այդ մթնոլորտը, որ ձեզ համար ոչ ցանկալի անձանց հետ խոսում եք հայհոյանքներով, վիրավորանքներով: 

Առաջինը վիրավորել է այդ տղաներին Ալեն Սիմոնյանը՝ նրանց անվանելով շան լակոտներ, մեղադրելով ինչ-որ մարդկանցից փողեր վերցնելու մեջ: Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, ի՞նչ է իրենից ներկայացնում, որ մարդկանց վիրավորում է, ի՞նչ առավելություն ունի Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ: Ես նաև լսել եմ այդ տղաների խոսքը, ես չեմ ողջունում նրանց, որ նման բան են ասել, բայց ի՞նչ անեն այդ մարդիկ, եթե հայտնվել են անիրավ երկրի մեջ, երբ դատախազը մարդու վրա թքելու արարքի մեջ հանցակազմ չի նկատում, այդ տղաներն էլ պատասխանում են ու ենթարկվում նման վայրի հարձակման: 

– Կարծիքներ են հնչում, որ նման վարքագծի դեմ, այո՛, պետք է օրենքով պայքարել, որ այն, ինչ արվում է, օրինաչափ է ու ճիշտ:

– Նման դատողությունները միակողմանի են, իսկ այդ դատողությունների հեղինակները չե՞ն ասում, թե մինչ այդ տղաների վարքն ի՛նչ է եղել: Իսկ անդրադարձե՞լ են, թե ինչո՛ւ է Նիկոլ Փաշինյանը դոմփելով խոսում, ինչո՛ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում իր առնանդամը ցույց տալ ամբողջ հանրությանը, այս մասին խոսե՞լ են, սա խուլիգանությո՞ւն չէ: 

– Այսինքն՝ միակողմանի կամ ընտրովի՞ եք համարում արդարադատությունը:

– Իհարկե, եթե խուլիգանության հոդվածով մեղադրանք են առաջադրել, ես չեմ համարում, որ այդտեղ խուլիգանություն կա, ապա թող երկու կողմին էլ մեղադրեն, Ալեն Սիմոնյանին էլ այդ հոդվածով մեղադրանք առաջադրեն:

– Տիկի՛ն Ալեքսանյան, իսկ այդ ընտրովի կամ միակողմանի արդարադատությունը, ինչպես ասում եք, ինչի՞ կարող է հանգեցնել:

– Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս բռնապետ Ալիևի դափնիները, ուզում է ինքն էլ նման մի կարգավիճակ ունենալ, որ ոչ ցանկալի անձանց մտցնեն բանտեր, իսկ իրենց համակիրների հայհոյանքները, սպառնալիքները մնան անպատիժ: Ինչքա՞ն կարող է սա շարունակվել: Կարծում եմ, որ իրենք այս տղաներին լռեցնելու, փակելու հեռահար նպատակներ ունեն, քանի որ առջևում նախընտրական տարի է: Անօրինականությունն այս երկրում սկսվում է վարչապետից, որն ինչ ուզում անում է՝ ոտնահարելով օրենք ու Սահմանադրություն, և իր շրջապատից:

– Անպատժելի՞ են իրենք:

– Իհարկե, Ալեն Սիմոնյանը թքելու համար պատժվե՞լ է, Նիկոլ Փաշինյանը, որ իր առնանդամն էր ուզում ցույց տալ կաթողիկոսին, պատժվե՞լ է դրա համար: Այս լկտի մթնոլորտը ստեղծել են հենց իրենք և ուզում են, որ իրենց պատասխանող չլինի, բայց այդպես չի լինում: Իհարկե, իրենք սեփական օգտագործման ԱԱԾ, Ոստիկանություն ունեն, բայց մի օր այս ամենի վերջը գալու է, մարդկանց բերման ենթարկելու իրենց ձևը, շատ խղճուկ են մեր երկրի ղեկավարները, շատ խղճուկ ու փոքրիկ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am