Իշխանությունը «Մարտի 1»-ը դարձրել է նախընտրական թոփ թեմաներից, ակտիվացնում է, ընտրական նպատակներով հարցը շահագործում. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից՝ Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Սեյրան Օհանյանից և Յուրի Խաչատուրովից, համապարտության կարգով բռնագանձել ՀՀ պետբյուջեից տուժածներին տրամադրված 670 միլիոն դրամը։ Նախօրեին էլ խորհրդարանում լսումներ էին «Մարտի 1»-ի գործով, ինչո՞ւ է կրկին շրջանառության մեջ դրվել այս թեման:

– Խիստ ցավալի է, որ այս իշխանությունը «Մարտի 1»-ի թեման դարձրել է նախընտրական թոփ թեմաներից, այսինքն՝ միշտ ակտիվացնում է, երբ մոտենում է նախընտրական քարոզարշավը, որպես կանոն՝ ընտրական նպատակներով այդ հարցը շահագործում է: Երեկվա լսումները հենց այդ օպերայից են, ես՝ որպես այդ գործի բացահայտմամբ խիտ շահագրգիռ անձ, որովհետև, գիտեք, 2008-ին այդ գործի շրջանակներում քաղբանտարկյալ եմ եղել, զզվանքով եմ հետևել այդ նիստին, որովհետև այնտեղ «Մարտի 1»-ի գործի մասին ոչինչ չկար: 

Սա մի իշխանություն է, որի ձեռամբ արդեն մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանը 2021-ին նույնիսկ արդարացվեց: Կոնկրետ նախաձեռնությունը կամ դրվագը, ինչի մասին դուք հիշատակեցիք, էլի պոպուլիստական շարքից է, որ, տեսեք՝ մենք մարդկանցից փոխհատուցում ենք պահանջում և այլն: Նախ պետք է գործը բացահայտվի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, այդ բացահայտումն արժանահավատ լինի հասարակության մեծամասնության համար, այլ ոչ թե վերևից զանգով լինի կամ իշխանության քաղաքական օրակարգից բխող ինչ-որ բացահայտում, նոր հետո փոխհատուցումների մասին խոսենք: 

Նմանատիպ հայտարարությունները հիմա առնվազն ծիծաղելի են, երբ այդ գործը դեռ գնում է, ընդհանրապես ակնհայտ էլ չէ՝ այդ գործը հարուցել են էլի նախընտրական բոնուս ստանալո՞ւ համար, թե՞ բացահայտելու նպատակով, ու հիմա նման բարձրագոչ ու աղմկոտ հայտարարություններ են հնչեցնում:

– Ո՞րն է նպատակը:

– Հին համակարգը դեմոնիզացնելով՝ քվեներ կորզելը: 

– Շարունակու՞ւմ է դեռ աշխատել այդ այսպես կոչված մեխանիզմը:

– Մասամբ աշխատում է, այն արդյունավետությունը, որ կար 2021-ին, իհարկե հիմա չկա, որովհետև այդ դեմոնիզացիան ստեղծում է հոգեբանական շանտաժի տպավորություն, ինչը զզվեցրել է հասարակությանը, բայց, ինչպես ասացի, մասամբ աշխատում է: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ խոստովանեց, որ Էջմիածնում Փարաքարի մոդել չի ստեղծվի, որովհետև Փարաքարում ընդդիմությունը ոչ քոչարյանական ուժերի դեմքով էր ու հաղթեց, իսկ Էջմիածնում պատկերն այլ կլինի, որովհետև ընդդիմությունն այստեղ քոչարյանական ուժերն են, ու իրենք հաղթելու են: 

Ենթադրենք, թե Խուդաթյանը ճիշտ է, ու դա հենց փաստում է այն մասին, որ եթե ընդդիմության դերում այլ ուժեր հանդես գան, ապա իշխանությունը քաղաքական մրցակցության չեն դիմանալու: Այդ ներկա-նախկինի, հիմա էլ ասում է, թե ընտրությունները կյանքի ու ապոկալիպսիսի միջև են, սրանք գռեհիկ բաժանումներ են, որոնք ժողովրդին ծայրահեղությունների են մղում, արդեն իսկ չեն աշխատում, որովհետև ապոկալիպտիկ ոչ թե ընդդիմության խոսույթն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքները: Իսկ եթե վերադառնանք «Մարտի 1»-ին, ապա հարց է առաջանում. հապա 7, իսկ ընտրությունների տարում կլինի 8 տարի, իշխանության են, ի՞նչն էր խանգարում բացահայտում անել:

– Ի՞նչն է խանգարում, պարո՛ն Սուրենյանց:

– Նախ՝ չկա բացահայտելու համար քաղաքական կամք, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի ուզում թեկուզ նախկին իշխանության նմանատիպ հանցագործության բացահայտման նախադեպ ստեղծել, որովհետև այդ նախադեպը հիմք է հանդիսանալու, որպեսզի այս իշանությունն էլ իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվի: Այսինքն՝ ինքը գիտի, որ իր իշխանությունը այնքան հանցագործությունների մեջ է թաթախված՝ պատերազմի, Արցախի կործանման հարցերում և այլն, որ քաղաքական կամք չունի նախկին որևէ բան բացահայտելու, որովհետև հակառակ դեպքում ինքն արդեն իր իշխանությանը պատասխանատվության ենթարկելու նախադեպ է ստեղծելու: 

Երկրորդ՝ այս տարիներին կատարելապես ձախողվել են դատաիրավական բարեփոխումները, իսկ առանց դրանց ինչպե՞ս եք պատկերացնում, որ հնարավոր կլինի բացահայտել «Մարտի 1» կամ «Հոկտեմբերի 27»: 

Երրորդ՝ այս իշխանությունն այլևս չունի պոտենցիալ որևէ մեկին պատժելու, որովհետև այնքան է արժեզրկվել ու այնքան է մեղքերի մեջ թաթախվել, որ հասարակության աչքում այլևս արժանահավատ չեն նրա որևէ բացահայտում, խոստում և այլն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am