Վեհափառի ու Եկեղեցու շուրջ օղակն այնքան է սեղմվել, որ ոչ մի լավատեսական սցենար չեմ տեսնում. Սուրեն Սուրենյանց 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, համացանցում հայտնվել է հայտարարության տեքստ, որի տակ ստորագրել են 13 եպիսկոպոսներ՝ դիմելով հանրությանը` Մայր Աթոռը «ազատագրել» Վեհափառից ու Արշակ Սրբազանից: Հայտարարության վերաբերյալ հակասական քննարկումներ են հնչում: Ի՞նչ զարգացումներ եք սպասում Եկեղեցի-իշխանություն հարաբերություններում այս ամենից հետո:

– Մեծ հաշվով՝ վստահ եմ, որ այդ 13 եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների վրա ճնշում է բանեցվել իշխանության ռեպրեսիվ մեքենայի միջոցով՝ կոմպրոմատ, գայթակղություն և այլն, հիմա ես չգիտեմ, թե յուրաքանչյուրի հետ ինչպես են աշխատել ու հասել են մի իրավիճակի, երբ իշխանության անզուսպ հակասահմանադրական կամպանիան Եկեղեցու դեմ տրանսֆորմացվել է Եկեղեցու ներսում տարբեր թևերի պայքարի, ընդ որում՝ այդ թևերից մեկի հետևում քողարկված է իշխանությունը, ակնհայտ է: 

Ցավոք սրտի, լավատեսական սցենար չկա, Նիկոլ Փաշինյանը շտապում է, հենց այսօր նրանց կանչել է հանդիպման, ու ես կարծում եմ, որ դրա տրամաբանական շարունակությունը լինելու է Վեհափառի դեմ ինչ-որ գործողություն՝ կլինի դա Եկեղեցու պառակտումը խորացնելո՞ւ ճանապարհով, թե՞ իշխանության ուղղակի միջամտությամբ, չեմ կարող ասել: 

Այս ամեն ինչում, իհարկե, կա նաև Վեհափառի պատասխանատվության բաժինը. շատ երկար ժամանակ ես պնդում էի, որ Վեհափառը պետք է ասիմետրիկ պատասխաններ տար իշխանության ռեպրեսիաներին՝ հակաեկեղեցական կամպանիային: Առաջին հերթին Վեհափառը, մեր հոգևոր բարձրաստիճան հայրերը պետք է մեծացնեին իրենց կոմունիկացիան հասարակության հետ, պետք է ժողովրդի հետ շատ ակտիվ շփվել՝ ժողովրդին գործոն դարձնելու համար՝ իշխանության քայլերի հետևանքները չեզոքացնելու համար: Ցավոք սրտի, Վեհափառ հայրապետն այս ճանապարհը չընտրեց, ու հիմա օղակն այնքան է սեղմվել նրա ու Եկեղեցու շուրջ, որ ես ոչ մի լավատեսական սցենար չեմ տեսնում:

– Ի՞նչ պետք է անի Վեհափառը:

– Ես ամեն դեպքում պնդում եմ, որ նա չպետք է հեռանա Վեհարանից, որովհետև դա շատ վատ նախադեպ կլինի, որ պետության հակասահմանադրական միջամտությամբ Վեհափառ փոխվեց: Իշխանության միջամտությամբ՝ Եկեղեցու ներսում շատ լուրջ հակասություններ են առաջացել, դա հերքելը կամ քողարկելն անիմաստ է: Այս պարագայում Վեհափառը որքան հնարավոր է շուտ պետք է նախաձեռնի բարեփոխումների ծրագիր, որպեսզի Եկեղեցու ներսում առկա խնդիրները լուծվեն՝ ինչ ճանապարհով դա կարվի, արդեն իրենք թող որոշեն, բայց ես ասում եմ, որ պետք է բացառել իշխանության միջամտությունը, բայց մյուս կողմից՝ Եկեղեցին պետք է գնա ռեֆորմի, կոմունիկացվի հասարակության հետ, ճանապարհային քարտեզ է պետք։ 

Ես կարծում եմ, որ Վեհափառը պետք է ամեն ինչ անի Եկեղեցին հակասահմանադրական միջամտությունից զերծ պահելու համար: Այդ ամենի ավարտին մենք կունենա՞նք նոր Վեհափառ՝ Եկեղեցու կողմից ընտրված, թե՞ չենք ունենա, ինչպիսի՞ ռեֆորմներ կանցկացվեն, առիթ լինի՝ կխոսեմ այդ մասին, բայց այժմ ակնկալում եմ, որ Վեհափառն ու հոգևոր բարձր դասը այդ ռեֆորմների խնդիրը լուծեն: 

– Պարո՛ն Սուրենյանց, փաստորեն լավատեսական սցենարն անհնա՞ր եք համարում:

– Շատ փոքր եմ համարում լավատեսական սցենարի հավանականությունը, որովհետև մի կողմից տեսնում ենք պաշտպանվելու առանձնապես մեծ ջանքեր չգործադրող Վեհափառ ու այլ հոգևորականներ, մյուս կողմից՝ չեկիստական մեթոդներով գործող իշխանություն, որն իր թրի տակով անցկացրել է մի շարք բարձրաստիճան հոգևորականների:

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է Վեհափառը նման կերպ գործում:

– Թույլ տվեք առայժմ չմեկնաբանել, իհարկե, ես իմ կարծիքն ունեմ: Գիտեք, երբ քեզ վրա հարձակվում են, թիմային պայքարի դուրս գալն այնքան էլ արդյունավետ չի լինում, բայց այդ ժամանակը պետք էր օգտագործել ռեֆորմներ իրականացնելու, հասարակության հետ աշխատանքն ակտիվացնելու համար, բայց դա չի արվել: Չի արվել, որովհետև, ըստ երևույթին, մեր բարձրագույն հոգևոր դասը կամ գոնե նրա մի մասը պատշաճ չի տիրապետում պահանջվող անհրաժեշտ որակներին: Իշխանությունն այս պահին հրաշալի ձևով կարողանում է Եկեղեցին պառակտել ու Վեհափառին մեկուսացնել, ու ես կարծում եմ՝ այս տակտիկան առայժմ կշարունակվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am