Երբ կին պատգամավորը խոսում է կանանց և երեխաների շահերի դեմ, խնդիրը միայն անհաջող ձևակերպումը չէ, այլ լրջագույն արժեքային ձևախեղումը։ Դա այն պահն է, երբ քաղաքական ներկայացվածությունը կորցնում է իր իմաստը, որովհետև բարձր դիրքերից հնչեցված խոսքը նսեմացնում է մայրությունը և անտեսում այն իրավունքները, որոնց պաշտպանության համար կանայք տարիներ պայքարել են, ամրագրել իրավական կառուցակարգերում՝ որպես պետության սոցիալական պատասխանատվության կարևորագույն մաս։
Հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի արտահայտությունը, որն արվել է լրագրողի հետ զրույցում։ Անդրադառնալով կրծքով կերակրող մորը բերման ենթարկելու փաստին՝ պատգամավորը նշել է, որ «կրծքերի զբաղվածությունը չի կարող ինդուլգենցիա լինել», այդպիսով «պաշտպանված մայրություն» հասկացությունը փոխարինելով «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ։
Այս արտահայտությունը, անկախ նրանից, թե ինչ նպատակով է հնչեցվել, բացահայտում է մի քանի լուրջ խնդիր՝ խոսույթի մակարդակից մինչև իրավական ընկալումների աղավաղում։
Մասնավորապես, Հայաստանի իրավապահ համակարգում գործում է մայրության և մանկության հատուկ պաշտպանություն՝ որպես սոցիալական պետության կարևոր բաղադրիչ։ Պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որոնք թույլ են տալիս համատեղել մայրությունն ու աշխատանքը, մայրությունը դիտվում է ոչ միայն անձնական, այլ նաև հանրային արժեք, և հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրելը՝ որպես երեխայի առողջ զարգացման հիմք։
Դա նշանակում է, որ մայրության պաշտպանությունը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ իրավական պարտավորություն։ Այն ամրագրված է տարբեր մակարդակներում՝ սահմանադրական սկզբունքներից մինչև ոլորտային օրենսդրություն։
Կրծքով կերակրող մայրը, իհարկե, չի ազատվում օրենքի առաջ պատասխանատվությունից, սակայն դա չի նշանակում, թե նրա կարգավիճակն անտեսվում է իրավական գործընթացներում։ Հակառակը՝ իրավապահ համակարգը նախատեսում է մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս համատեղել օրենքի կիրառումը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Օրինակ՝ հղիության և մանկահասակ երեխայի առկայության պարագայում ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում են մեղմացնող դրույթներ, նույնիսկ պատժի հետաձգում՝ վերոնշյալ հիմքով։ Դատարանը կարող է և իրավասու է որոշել, որ ազատությունից զրկումը կիրառվի ավելի ուշ՝ երեխայի լավագույն շահից ելնելով, որը միջազգային և ներպետական օրենսդրության հիմնարար սկզբունքներից է։
Այդ սկզբունքի ամրագրումը նշանակում է, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է երեխայի խնամքն իրականացնող անձին, պետք է գնահատվի նաև երեխայի վրա դրա ազդեցության տեսանկյունից։ Կրծքով կերակրելը միայն մոր ընտրությունը չէ, այլև երեխայի առողջ զարգացման կարևոր բաղադրիչ է։ Հետևաբար մոր նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն կարող դիտարկվել առանց երեխայի վրա այդ որոշումների ազդեցության հանգամանքը հաշվի առնելու։
Եվ երբ կին պատգամավորն իր խոսույթում նսեմացնում է մայրությունը, նույնիսկ չդիտարկելով երեխայի լավագույն շահը որպես պետության կողմից երաշխավորված իրավունք, սա ուղղակի նախընտրական քաղաքական փոխադարձ կսմիթներից անդին է։
Սա դիրքորոշում է, որը հակասում է թե՛ իրավական պետության սկզբունքներին, թե՛ կանանց իրավունքների պաշտպանության գաղափարին։ Կանայք, որոնք իրենց տասնամյակներ տևած պայքարում մշտապես փորձել են կնոջ մարմնի օբյեկտայնացման, ֆրագմենտավորման դեմ պայքարել, այսօր դարձյալ հայտնվում են ամենանվաստացուցիչ վիճակում, որտեղ չի հարգվում նույնիսկ մայրությունը։ «Կրծքեր» բառի նման կիրառումը կենսաբանական պարզեցման ու արժեզրկման ձև է, որտեղ անտեսվում է մայրության սոցիալական և իրավական բովանդակությունը։
Ի վերջո սա արժեքների խեղաթյուրում է, որը վտանգավոր է ոչ միայն խոսույթի, այլ նաև քաղաքական մշակույթի համար։ Այդպիսի դիրքավորումը քանդում է այն հիմքերը, որոնց վրա կառուցվում է սոցիալական պետությունը՝ մարդու արժանապատվության, մայրության պաշտպանության և երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքների միասնության համակցությամբ։
Եվ եթե հանրային խոսքը չի հարգում մայրությունը, վաղ թե ուշ նույն վերաբերմունքը տեղափոխվում է նաև քաղաքական որոշումների մակարդակ։ Իսկ դա արդեն հարված է ոչ միայն կանանց և երեխաների իրավունքներին, այլև ամբողջ հասարակության արժեքային ողնաշարին։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am














