Նամուս, գեյ, քրեական ենթամշակույթ. Ըստ քաղաքագետի՝ «ԲՀԿ-ի բարձրացրած հարցերը լիովին ռուսական պրոպագանդայի զինանոցից են»

Նամուս, գեյ, քրեական ենթամշակույթ. Ըստ քաղաքագետի՝ «ԲՀԿ-ի բարձրացրած հարցերը լիովին ռուսական պրոպագանդայի զինանոցից են»
Նամուս, գեյ, քրեական ենթամշակույթ. Ըստ քաղաքագետի՝ «ԲՀԿ-ի բարձրացրած հարցերը լիովին ռուսական պրոպագանդայի զինանոցից են»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից այս փուլում որոշ հարցերի անդրադառնալն ու դրանց շուրջ աղմուկ բարձրացնելը ռուսական պրոպագանդայի զինանոցից են և այդ շրջանակներում է տեղավորվում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նա ասում է, որ հենց Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրինագծի քննարկումների ֆոնին է ԲՀԿ-ն ակտիվացել, քանի որ այդ կուսակցության ղեկավարին հոգեհարազատ է այդ ենթամշակույթը։

«Բարգավաճ Հայաստանը», իմ տպավորությամբ, հետաքրքրություն ունի միայն երկու ուղղությամբ։ Առաջինը որոշակի բիզնես շրջանակներն ու բիզնես շահերն են, երբ դա ինչ-որ կերպ իրենց է վերաբերում։ Եթե հարցը որևէ ձևով չի շոշափում այդ շահերը, ապա նրանք խիստ անտարբեր են ամեն ինչի նկատմամբ»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նրա խոսքով՝ երկրորդ ուղղությունն այն է, որ ԲՀԿ-ն հակադարձող խաղ է խաղում՝ կապված կրիմինալ բարքերի, մշակույթի և կրիմինալ աստիճանակարգի պրոպագանդման դեմ օրենքի նախագծի հետ։ Դրան հակադարձելու համար փորձում են իրենց օրենսդրական նախաձեռնությունները ներկայացնել։

«Եվ ի հեճուկս իշխանությունների քայլերի, նրանք ներկայացնում են այդ, այսպես կոչված, գեյերի, տրանսգենդերների խնդիրը, առաջ են գցում ավանդական արժեքների հարցը։ Ըստ այդմ պետք է արձանագրենք, որ ԲՀԿ-ի բարձրացրած հարցերը լիովին ռուսական պրոպագանդայի զինանոցից են և սինխրոնիզացվում են ռուսական պրոպագանդայի հետ։ Դրան գումարվում է այն, որ նրանք փորձում են ներկայացնել, թե իրենք ամենահեղափոխականն են նոր Հայաստանում, իրենք են, որ ամենանամուսովն են Հայաստանում, ամենաավանդականն են, ամենախելացին են ու ամենամեծ վաստակ ունեցողները։ Ներկայացնում են, թե մնացածը բանի պետք չեն»,- նշեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում սրվել են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների հարաբերությունները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց իր հեղինակած Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր օրենքով արգելք սահմանել նույնասեռականների ամուսնության գրանցման և նրանց կողմից երեխա որդեգրելու դեպքերում։ ԱԺ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը դեմ արտահայտվեց այս նախագծին։

Այնուհետև Կառավարության՝ քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի մասին օրինագծի դեմ կոշտ արտահայտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ դա վտանգավոր նախաձեռնություն որակելով։ Ղուկասյանը հայտարարել էր, որ «օրենքով գողերը շատ խելոք մարդիկ են»։ 

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ նախազգուշացում տվեց ԲՀԿ-ին ու, մասնավորապես, Վարդան Ղուկասյանին։

«Եթե քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ, հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկացնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկացնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Մարդը հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա թող չմտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի հայտարարությունից հետո պարզվեց, որ Վարդան Ղուկասյանը սպառնացել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, որն այս նախագծի հարակից զեկուցողն էր։ Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ պատգամավորին սպառնալու հարցով դիմել են իրավապահ մարմիններ։

Հարցին, թե ինչո՛ւ է հենց այս փուլում ԲՀԿ-ն ակտիվացել և փորձում հակադրվել գործող իշխանությանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանում է, որ դա պայմանավորված է նրանով, որ այս փուլում է քննարկման դրվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի նախագիծը։

«Երկրորդ՝ որոշակի «մտահոգ» շրջանակների փողոցային գերակտիվությունը նրանց որոշակի թև ու թիկունք է տալիս, որ իրենց այդ կեղծ օրակարգը առաջ կընթանա»,- ասում է նա՝ հավելելով, սակայն, որ ԲՀԿ-ն հաջողության հասնելու շանսեր չունի, հասարակությունը դա չի թողնի։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած կոշտ նախազգուշացմանը՝ Ռուբեն Մեհրաբյանն նշում է․ 

«Այո՛, սա նախազգուշացում էր, որովհետև ինչպես մենք հասկացանք վարչապետի ելույթից, տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ սպառնալիք էր հնչել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հասցեին։ Եվ դրան ի պատասխան Փաշինյանը բավական սպառնալից տոնով զգուշացրեց, որ որոշ շրջանակներ հանկարծ իրենց հոտառությունը չկորցնեն և մեկ անգամ էլ իրենց հաշիվ տան, որ գործ ունեն և գործ կունենան պետության հետ»։

Այս իմաստով, ըստ Մեհրաբյանի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջունելի են։ 

«Եթե անհրաժեշտություն լինի դա արդեն գործնական հարթություն տեղափոխել, դա ևս ողջունելի է, որովհետև նման բաների հետ կատակ անել չի կարելի»,- հավելեց Մեհրաբյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am