Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կանդրադառնա նաև նախկին պաշտոնյաների ունեցվածքին․ Հերիքնազ Տիգրանյանը մանրամասներ է ներկայացնում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

– Տիկի՛ն Տիգրանյան, Ազգային ժողովը քննարկեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման հարցը, ընտրեց հանձնաժողովի հինգ անդամներին։ Ինչո՞վ է տարբերվում այս հանձնաժողովը նախորդ տարիներին գործած հանձնաժողովներից։

– Այս հանձնաժողովը ձևավորվում է որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և ունի ավելի լայն գործառույթներ, քան բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Սա գալիս է փոխարինելու էթիկայի հանձնաժողովին։ Նախ՝ տարբերվում է ձևավորման կարգով, թե ինչպե՛ս է ձևավորվում, և ովքեր են առաջադրում թեկնածուներ։ Տարբերվում է որոշ բազաների նկատմամբ հասանելիությամբ, որպեսզի կարողանա վերլուծել և համադրել պաշտոնյաների հայտարարագրերը, նաև բարեվարքության վերաբերյալ հայտարարություն է տալիս գործող դատավորի կամ պաշտոնի նշանակվող դատավորի հետ կապված։ Սա նոր գործառույթ է, որովհետև պաշտոնյայի բարեվարքությունը, նրա շահերի բախման իրավիճակը, էթիկայի կանոններին համապատասխանությունն ու համատեղելիության պահանջները, ինչպես նաև գործադիր մարմնում էթիկայի հանձնաժողովների որոշումների օրինականությունը ստուգում է հենց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Նախկինում կար այս կառույցը որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, բայց օրենսդրական այնքան քիչ լծակներ ուներ, որ ըստ էության նրա գոյությունը սիմվոլիկ էր։ Ուղղակի վերցնում էր հայտարարագրեր, համադրում կամ հրապարակում էր, բայց որևէ լծակ չուներ, օրինակ՝ բանկային ակտիվները կամ կադաստրի տվյալները վերցնելու, որպեսզի տեսներ՝ արդյոք պաշտոնյայի՝ շարժական կամ անշարժ գույքի պաշտոնական տվյալները համապատասխանո՞ւմ են փաստացի գոյություն ունեցող տվյալներին։

– Այսինքն՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները լիազորություն ունե՞ն այդ ամենը վեր հանել ու հանձնել իրավապահներին։ Գործընթացն ինչպե՞ս է իրականացվելու։

– Երբ կլինեն կասկածներ նրանց արարքներում հանցագործության հատկանիշների մասին, հանձնաժողովը կդիմի իրավապահներին։ Եթե կլինի էթիկայի կանոնների խախտում, իրենք են վարույթը հարուցելու ու որոշելու, որ նա կայացրել է ոչ էթիկական վարքագիծ, եթե շահերի բախում է, գնահատելու են, որ տվյալ պաշտոնյան այս կամ այն որոշումը կայացնելիս կամ գործողությունը կատարելիս գտնվել է շահերի բախման իրավիճակում։ Այսինքն՝ միայն այն դեպքերում, երբ մենք արդեն գործ ունենք հանցագործության հատկանիշների հետ, որը կապված է նրա գույքի, եկամուտների աղբյուրների օրինականության հետ, այս դեպքում նրանք դիմում են դատախազություն։

– Որքանո՞վ կարող է հանրությունը վստահել այս հանձնաժողովին, ի վերջո, հանձնաժողովի անդամներից երեքը խորհրդարանական երեք խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուներ են։ Բացառվո՞ւմ է քաղաքական պատվերի գործոնը նրանց աշխատանքում։

– Հանրությունը գնահատական կտա և իր վերաբերմունքը կձևավորի նրանց աշխատանքի արդյունքում։ Չեմ կարող ասել, որ միանշանակ արդեն կա վստահություն դեռ չձևավորված կառույցի նկատմամբ։ Երեք թեկնածուն առաջադրվել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից, մյուս երկուսը՝ Կառավարության ու Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Բայց նշանակվելու պահից նրանք քաղաքականապես անկախ են և առաջնորդվելու են միայն օրենքով։ Եթե կբացահայտվի, որ որևէ որոշում կայացնելիս հանձնաժողովի անդամն առաջնորդվել է իրեն նշանակողի շահերով, սա նշանակում է, որ նույնկերպ, ինչպես մյուս հանրային պաշտոնյաներն են պատասխանատու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը ևս պատասխանատու է։ Եթե իր մոտ կա շահերի բախում, դա նրա՝ պաշտոնից հեռացման հիմք է։

– Նախկինում կոռուպցիայի դեմ պայքարի համար տարբեր հանձնաժողովներ են գործել, մեծ գումարներ են ծախսվել, բայց գրեթե զրո արդյունք։ Կա՞ն հստակ երաշխիքներ, որ այս մարմինն արդյունավետ է գործելու։ Եվ, ի վերջո, կոռուպցիայի դեմ պայքարելու համար հանձնաժողովնե՞րն են կարևոր, թե՞ կամքը։

– Այս հանձնաժողովն իրականացնելու է երկու գործառույթ՝ հակակոռուպցիոն կրթություն և կանխարգելում։ Երբ ասում եք՝ նախկինում միլիոններ են ծախսվել, դա երևի ծախսվել է վարչապետին կից հակակոռուպցիոն խորհրդի վրա։ Քանի որ այդ խորհրդի անունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ էր, մարդիկ ակնկալում էին, թե այդ խորհուրդը գնալու է, գտնելու ու բացահայտելու է կոռուպցիոն դեպքեր և պաշտոնյաների է դատապարտելու։ Բայց այդ խորհրդի իմաստն ընդամենն այն էր, որ քննարկելու էր հակակոռուպցիոն քաղաքականությունը, այս կամ այն ոլորտում կոռուպցիոն ռիսկերը։ Անունը սխալ էր դրված, հետևաբար մարդկանց մոտ սխալ ակնկալիք էր ձևավորվել։ Հիմա էլ կա վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն ընդամենը քաղաքականություն է մշակում և դիտարկող մարմին է, բայց ոչ ավելին։

– Այսինքն՝ նախկինում չի՞ եղել բացահայտող մարմին, այդ գործառույթը իրավապահներն են արել, հիմա դա՞ է փոխվում։

– Այո՛, նախկինում բացահայտող մարմինը պետք է լիներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը չուներ այդ գործառույթների ծավալը։ Միայն մնում էր հույսները դնել իրավապահ մարմինների և Քրեական օրենսգրքի հոդվածների վրա, որոնք իրենց բնույթով կոռուպցիայի դեմ էին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և այլն։ Բայց հիմա, քանի որ և՛ օրենսդրական հիմքն է բարելավվել, և՛ նաև ինստիտուցիոնալ, ստեղծում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում 2020-2021 թվականներին կձևավորվի հակակոռուպցիոն կոմիտեն, որն իրավապահ մարմին է լինելու և որն իր մեջ ներառելու է բոլոր իրավապահ մարմինների քննչական գործառույթները։

– Եվ արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործերը կհանձնի հակակոռուպցիոն կոմիտեի՞ն։

– Այո՛, և մենք արդեն կունենանք կոնկրետ պատասխանատու մարմին։ Հիմա պատասխանատվությունը ցրված է տարբեր իրավապահ մարմինների միջև։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մենք կպահանջենք կրթություն և կանխարգելում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հետաքննություններ, բացահայտումներ և քրեական գործերի հարուցում բոլոր այն դեպքերով, երբ կան հանցագործության տարրեր։

– Նախկին պաշտոնյաների վրա տարածվելո՞ւ են այս միջոցառումները։

– Ըստ էության, այն դառնում է իրավահաջորդ մարմին, և 2012 թվականից սկսած բոլոր գործերի քննությունը դրա իրավասության շրջանակներում է։ Բացառությունը միայն այն է, որ 2017 թվականին է ապօրինի հարստացման քրեականացման օրենքն ուժի մեջ մտել, ապօրինի հարստացման հոդվածով իրավապահ մարմինները չեն կարող հետ գնալ 2015-2016 թվականներ։ Բայց եթե, օրինակ՝ հարկերի վճարումից խուսափելու կամ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր են, վաղեմություն չկա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am