«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը
– Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ, անդրադառնալով բջջային հեռախոսների IMEI-ների գրանցման թեմային, պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մեկս այսօր գաղտնիք չունի, որ բոլոր տվյալները հայտնի են ու պահվում են ինչ-որ տեղ: Զարմանք արտահայտեց, որ այդ մասին չեն խոսում, դժգոհություն չկա, բայց երբ հարցը հասավ պետությանը, դժգոհողները շատացան: Քանի որ «դժգոհողներից» մեկն էլ դուք էիք, պարո՛ն Մարտիրոսյան, կխնդրեմ արձագանքեք Փաշինյանի այս հայտարարությանը:
– Առնվազն ես ու մի քանի հազար հոգի Հայաստանում ձայն հանում են, բոլորն էլ մտահոգված են նրանով, որ, օրինակ՝ կորպորացիաները հավաքում են ավելորդ տվյալներ: Սա թեմա է, որն ամբողջ աշխարհում ակտուալ է, ճիշտ է, Հայաստանում այդքան էլ ակտուալ չէ, քանի որ այդ կորպորացիաները հայկական չեն, ու որքան էլ դու Երևանում տանը նստած բողոքես, որ Meta-ն քո տվյալները հավաքում է, Meta-ին դա ո՛չ տաք է, ո՛չ սառը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես տվյալների հավաքմանը. արդյոք բոլորի տվյալները բոլորի մոտ կա՞ն, իհարկե որոշ չափով դա այդպես է, բայց փաստն այն է, որ երբ ես օգտվում եմ սմարթֆոնից ու գրանցվում եմ Meta-ում, ես կարող եմ, օրինակ՝ Ֆեյսբուքում կամ Ինստագրամում չգրանցվել, ես կարող եմ լինել մարդ, որը համարում է, որ Meta-ն շատ տվյալներ է հավաքում, ինչն իրականում այդպես է, ու ուղղակի հրաժարվել այդ ծառայությունից:
Երբ Հայաստանը որպես պետություն հավաքում է բոլորի տվյալները, կապ չունի, թե ինչի մասին է խոսքը, չեմ ուզում կոնկրետ այս դեպքի հետ կապված խոսել, այլ ընդհանրապես, այստեղ ես ընտրության հնարավորություն չունեմ: Սա շատ մեծ տարբերություն է, որովհետև այդ տվյալները փաստացի, օրենքի ուժով պարտադրված հավաքվում են:
Երկրորդ հարցն այն է, թե հետո ինչպե՞ս կարող են օգտագործվել այդ տվյալները: Երբ ես իմ տվյալները տալիս եմ Meta-ին, ես հասկանում եմ, որ իմ տվյալները կարող են, օրինակ՝ վաճառվել մարքեթինգային ընկերությունների ու շատ հավանական է՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին: Ես արդեն՝ որպես մարդ, քաղաքացի, կարող եմ գնահատել՝ արդյոք ուզո՞ւմ եմ, որ իմ տվյալները լինեն ԱՄՆ հատուկ ծառայությունների մոտ, եթե ես առհասարակ ոչ մի խնդիր չունեմ իրենց հետ, ես կարող եմ որոշել, որ իմ տվյալները նրանք կարող են ունենալ: Կամայական ուժային կառույցի մոտ առկա տվյալները մարդուն դարձնում են տեսական թիրախ, խնդիրն այն է, որ որքան մոտ է քո մարմնին այդ հատուկ ծառայությունը, այնքան դու ավելի վտանգված ես:
Ենթադրենք Բելգիայի հատուկ ծառայություններն ու Հայաստանի հատուկ ծառայությունները ինձ համար շատ տարբեր երևույթներ են. Առաջինի հետ ես կարող եմ կյանքում երբեք չառնչվել, մաքսիմում ինձ վիզայից զրկեն՝ համարելով, որ ինչ-որ բան այն չէ: Հայաստանի դեպքում՝ հատկապես, եթե դու մարդ ես, որը կառավարության հետ խնդիրներ ունի, օրինակ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ ես, լրագրող ես և այլն, դու կարող ես թիրախավորվել:
Հաջորդ խնդիրն այն է, որ Հայաստանում տվյալները միշտ չէ որ պատշաճ կերպով են պահվում, ու նույնիսկ երբ բացահայտվում է, որ պատշաճ կերպով չեն պահվում, դու չես տեսնում նույն եռանդով օրենքի պատասխանը, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Եվրամիությունում է:
Մենք բազմիցս ականատես ենք եղել պետական տվյալների արտահոսքերի, բայց երբեք չենք տեսել, որ ինչ-որ մեկը դրա համար պատասխանատվություն կրի: Մեկ-մեկ այդ տվյալները նաև օգտագործվում են բավական տարօրինակ ձևով: Ընդամենը վերջին օրինակը նշեմ, երբ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը «Զվարթնոցից» հրապարակվեց, ինձ համար դա շատ տարօրինակ երևույթ է, ու ես կարող եմ մտածել, որ մի օր էլ կարող են որոշել այս տվյալները հրապարակել՝ առանց որևէ հանրային կամ իրավական հետևանքների: Հետևաբար շատ մեծ է տարբերությունը՝ իմ տվյալները հավաքում է ՏիկՏոկը, թե մեր իրավապահ մարմինները:
– Պարո՛ն Մարտիրոսյան, իսկ ընդհանուր առմամբ, այս օրենքի նախագծի հիմնավորումը որքանո՞վ է ձեզ համար ընդունելի, որովհետև պնդում են, թե սա արվում է մաքսանենգության դեմն առնելու համար:
– Այս օրենքի նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, բարեբախտաբար արդեն քննարկումներ են սկսվել, ու ենթադրում եմ, որ էլի կլինեն: Երբ բոլորին վերաբերող օրենքի նախագիծ է շրջանառվում, այն չի կարող առանց հանրային լայն քննարկման մտնել Ազգային ժողով:
Ձեռնարկվող այս միջոցը կասկածներ է առաջացնում, որովհետև այս մեթոդը լայն տարածում չունի աշխարհում: Բացի այս, եթե նրանք խոսում են մաքսանենգությունը կանխելու մասին, ապա պետք է հստակ տվյալներ ներկայացնեն՝ ի՞նչ ծավալների մասին է խոսքը, արդյոք այլ մեթոդներ կիրառվե՞լ են, որովհետև մենք գիտենք, որ, օրինակ՝ խանութներում կանխիկ ու ոչ կանխիկ դեպքերում հեռախոսը տարբեր գնով է վաճառվում, կարելի է սկսել այդտեղից:
Ես ինքս դեմ եմ այս նախագծին, բայց եթե այս օրենքն ընդունվելու է, ապա պետք է այնպես անել, որ վտանգները հնարավորինս քիչ լինեն, արդեն որոշակի շարժ կա: Առնվազն կա խմբագրված տարբերակ, որը, հուսամ, էլի կխմբագրվի, որովհետև այս վիճակում այդքան էլ հասկանալի չէ, բայց մեկնաբանությունը հետևյալն էր, որ գրանցվելու է միայն հեռախոսի IMEI-ն, այսինքն՝ դրան չեն կցվելու մարդու անձնագրային տվյալներն ու SIM քարտը, ինչը, բնականաբար, կտրուկ նվազեցնում է ռիսկերը:
Նախագիծն՝ այստեղ
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















