«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
– Պարո՛ն Աբովյան, այսօր ևս Կառավարության շենքի դիմաց «Մուլտի գրուպի» տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բացել իրենց աշխատատեղերը: Իշխանությունը կլսի՞ քաղաքացիների բողոքի ձայնը, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը:
– Եկեք ևս մեկ անգամ ֆիքսենք, որ այն, ինչ կատարվում է ԲՀԿ-ի ու, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի շուրջ, քաղաքական հետապնդում է: Տնտեսական այս տեռորն ունի բացառապես քաղաքական բնույթ, որից տառապում են այն մարդիկ, որոնք աշխատում են այդ հիմնարկներում: Բողոքի ձայնը կհասնի տեղ, թե ոչ՝ չգիտեմ, բայց իմ խորին համոզմամբ՝ իշխանությունները խորապես թքած ունեն Հայաստանի քաղաքացիների շահերի վրա: Մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ քաղաքական դրդապատճառներով միտումնավոր գործազուրկ են դառնում հազարավոր մարդիկ, ու հարց է ծագում, թե ինչի՞ համար է դա արվում, երբ այդ հիմնարկները որևէ կապ չունեն այն շինծու քրեական գործի հետ, որի շրջանակներում Գագիկ Ծառուկյանն այսօր կալանավորված է:
Իշխանությունը հարց է լուծում. այստեղ ոչ միայն Ծառուկյանի կամ «Բարգավաճի» խնդիրն է, այլ այն, թե ո՞ւմ համար են ավելի շատ տեղ բացում Հայաստանի իշխանությունները՝ փակելով այդ ձեռնարկությունները, էլ չեմ ասում տնտեսական սանկցիաների հետևանքով մարդկանց վատ վիճակի մասին: Հիշում եք, չէ՞, որ այս իշխանության ղեկավարներն ասում էին, թե հարուստները «հացին կակա են ասելու», հիմա իրենք այնպես են արել, որ սովորական քաղաքացիներն են «հացին կակա ասում»: Հակապետական, ապօրինի գործունեություն է տեղի ունեցողը:
– Ի՞նչ մեծ նպատակ նկատի ունեք, որ ասում եք՝ հարցը միայն Գագիկ Ծառուկյանը չէ:
– Կատարվողը վաղ թե ուշ բոլորի դռանն է չոքելու, նույնիսկ այն մարդկանց, որոնք իրենց քվեն այս իշխանությանն են տվել: Հիշեցնեմ, որ նույն Ծառուկյանի հիմնարկում աշխատող մարդիկ ասում էին, որ իրենց քվեն տվել են իշխանությանը, իշխանությունն էլ իրենց դուրս է շպրտում: Սա մի կողմից ապացույց է, որ մեր կողմից ոչ մի ադմինիստրատիվ ռեսուրս չի օգտագործվել, այսինքն՝ մենք չենք ստիպել մարդկանց գնան մեզ ձայն տան՝ ի տարբերություն պետական ապարատի, որտեղ աշխատողներին շարքով ցուցակագրել ու տարել են ընտրության: Մեծ նպատակը Հայաստանի տնտեսության կազմաքանդումն ու չեզոքացումն է այն քաղաքական ուժի, որը հանդես էր գալիս հանրային համերաշխության, ազգային արժեքների, Հայաստանի անվտանգության դրույթների ձևավորման ու պաշտպանության դիրքերից:
– Պարո՛ն Աբովյան, ձեր գնահատմամբ՝ այս գործընթացը բացառապես քաղաքակա՞ն շարժառիթներ ունի, թե՞ կարող են առկա լինել նաև անձնական գործոններ։ Նման տեսակետներ ևս հնչում են։
– Դա էլեմենտներից մեկն է, դա չի բացառվում: Տարան էն խեղճ առյուծին սպանեցին, դրա քաղաքական դրդապատճառը ո՞րն է: Ամեն ինչ էլ կա՝ դրդապատճառների փունջ է, անձնական վրեժ, արտաքին պատվերի սպասարկում, որովհետև տարօրինակ զուգադիպություն չէ այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021-2023 թվականներին հայտարարում էր, որ Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որ թույլ չտա, որ Հայաստանն ունենա տնտեսական անկախություն: Այն, ինչ տեսնում ենք, դա է ցույց տալիս:
– Նորընտիր խորհրդարանի աշխատանքները մեկնարկել են, ձեր քաղաքական թիմը ԱԺ-ում ներկայացված չէ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս խորհրդարանից:
– Նախ պետք է նշեմ, որ խորհրդարանը ապալեգիտիմ է, ու բոլոր որոշումները, որոնք ընդունվելու են այստեղ, լինելու են ապալեգիտիմ, ընդ որում՝ ապալեգիտիմության մասին խոսում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Իշխանությունից որևէ ակնկալիք չունեմ, բացի նրանից, որ շարունակելու են սպասարկել թուրքերի ու ադրբեջանցիների շահերը: Ընդդիմությանն էլ շնորհակալություն եմ հայտնում, որ երկու խմբակցության պատգամավորներն էլ իրենց գրեթե բոլոր ելույթներում նշում են այն բանդիտիզմը, որն իրականացվում է ԲՀԿ-ի հանդեպ՝ թե՛ ձայները գողանալու, թե՛ Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու մասով: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս խորհրդարանը առհասարակ կկարողանա երկար ձգել, որովհետև այն ապալեգիտիմ է, ինչպես ասացի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















