«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը
–Պարո՛ն Ղազարյան, վերջին շրջանում շատ է խոսվում արցախահայերի գույքային իրավունքների մասին։ Դուք երկար տարիներ զբաղվում եք արցախահայերի իրավունքներին վերաբերող գործերով։ Երբվանի՞ց եք սկսել այս ուղղությամբ աշխատել և հատկապես գույքային իրավունքների մասով ինչ աշխատանք եք իրականացրել մինչ այժմ։
– Մեր իրավաբանական գրասենյակը հիմնվել է 2008 թվականին, արցախյան գործերով սկսել է զբաղվել 2010 թվականից, մինչև հիմա շահել ենք չորս գործ, որոնք վերաբերում են արցախցիների դեմ պատերազմական հանցագործություններին, սպասում ենք 2016 թվականի դեպքերով 22 վճիռ: 2016 թվականին ներկայացրեցի մեծ թվով և՛ գույքային, և՛ պատերազմական հանցագործությունների փաստերով գանգատներ, ընթացքում էլի որոշ գործեր ներկայացրեցի, որոնցից 4-ը շահել ենք:
2020 թվականից հետո շարունակեցինք գույքային գանգատներ ներկայացնել, բայց ոչ պարբերաբար, հետո արդեն՝ անցյալ տարվա հունվարից, պայմանավորվեցինք Արտակ Բեգլարյանի «Արցախ միություն» ու Սիրանուշ Սահակյանի «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» կազմակերպությունների հետ, պարտավորվեցինք շարունակաբար արդեն գույքային իրավունքի հիմքերով գանգատներ ներկայացնել:
Այս տարվա հունիսից ես արդեն իմ ընկերությունից որոշակի ռեսուրս հատկացրեցի, որ մեր ընկերությունը առանձին, բայց պարբերաբար, արդեն ամեն օր ընդունենք Արցախից բռնի տեղահանված անձանց, ու հուլիսից մենք ամեն օր չորս ընտանիք ենք ընդունում, նրանց հետ հարցազրույց ենք անցկացնում, ապացույցներ ենք հավաքում, ամրագրում ենք, պատրաստվում ենք գանգատն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ: Արդեն մոտ երեք ամիս զբաղված եք այս աշխատանքով ամեն օր:
– Քանի՞ ընտանիք է հասցրել դիմել:
– Անցյալ տարի` 654, մեկ ընտանիքը առնվազն 2-4 հոգի, այսինքն՝ դիմողների թվով արդեն 2500-3000, այս տարի արդեն 100-ից ավելի գանգատ պատրաստ է, որ պետք է ուղարկենք, բայց ամեն օր մենք համալրում ենք դիմումների քանակը: Ամեն օր չորս գործ ընդունում ենք, եթե ռեսուրսներս բավարարեն, քանի որ համակարգը մշակված է, կարող ենք 8-12-16 ընտանիք ընդունել, արդեն 900 հոգուց ավելի մարդ մեզ մոտ գրանցված է, որ գա հարցազրույցի, փաստերը ներկայացնի:
– Ի՞նչ պահանջ է ներկայացվում այդ գանգատներով, դրանք ի՞նչ հիմքերով են կազմվում:
– Հիմնականը գույքային իրավունքի հիմքով. մարդիկ զրկվել են իրենց ունեցվածքից, դրա մեջ մտնում են անշարժ և շարժական գույք: Որպես անշարժ գույք կարող է դիտարկվել ցանկացած՝ սկսած հողամասից, վերջացրած տուն, բնակարան, մասնավոր ձեռնարկություն, նույնիսկ գեղարվեստական որևէ գործ, օրինակ՝ հուշարձան կամ գեղանկարչական գործ, իսկ եթե խոսքը տան մասին է, ապա չորս կատեգորիայի. տուն, որը կանգուն է, բայց դատարկ է, տուն, որը կանգուն է, բայց թալանված է, տուն, որն ամբողջությամբ հիմնահատակ ավերված է, նույնիսկ դրա տեղում ինչ-որ ճանապարհ կամ շենք են կառուցել, ու տուն, որտեղ ապրում են այլ անձինք՝ ադրբեջանցիներ: Մենք ունենք երկու-երեք գործ, որ Ալիևը անձամբ է տան բանալիները հանձնում այդ քաղաքացիներին, ու տվյալ տան սեփականատերը երբ տեսանյութերը տեսնում է, ասում է, որ դա իր տունն է, անգամ որևէ ձևափոխություն չի արվել:
Որոշ գանգատներ կարող են ավելի լայն կամ նեղ լինել՝ կախված փաստերից: Կարող են ներառել, օրինակ՝ գերեզմաններ այցելելու անհնարինությունը կամ պատմամշակութային նշանակություն ունեցող որևէ օբյեկտ, օրինակ՝ եկեղեցի այցելելու անհնարինությունը: Այստեղ արդեն այլ հոդված է, որ մենք վիճարկում ենք՝ անձնական կյանքի հարգման իրավունքը, բայց հիմնականում գույք ու այս ամբողջն առավել լայն շրջանակի մեջ ենք դնում՝ վերադարձի իրավունք: Քանի որ միջազգային իրավունքում առանձին նորմատիվ բնույթ չունի վերադարձի իրավունքը, դա տեղաշարժի իրավունքի հետ է ասոցացվում, իմ ասած մյուս իրավունքները՝ գույքային իրավունք կարող է լինել, անձնական կյանքի հարգման իրավունք, այդ ամբողջը վերադարձի մեջ են մտնում:
– Պարո՛ն Ղազարյան, պահանջը ուղղված է Ադրբեջանի իշխանությա՞նը:
– Այո՛, Ադրբեջանի պետությանը, դատավարական հակառակորդը պետությունն է, մասնավորապես, կառավարությունը Եվրոպական դատարանում:
– Նախադեպեր եղե՞լ են, որ գույքային գանգատի գործով հաղթանակ գրանցեք:
– Գույքայինով լավագույն դեպքը Սարգսյանի գործն է, բայց դա հին է՝ 1992-94 թվականների, Սարգսյանը ընտանիքով դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից ու 2005 թվականին, այսինքն՝ 13 տարի անց, դիմել է դատարան, դատարանն էլ 12 տարի անց վճիռ էր արձակել, ու այդ վճիռը մինչև հիմա դեռ կատարման փուլում է, որովհետև Ադրբեջանը ձգձգում է այդ վճռի կատարումը, օրինակ՝ փոխհատուցումը մինչև հիմա դեռ չի տրամադրել, ամեն տարի պատճառներ է բերում:
Կարծեմ շուտով Նախարարների կոմիտեն կսկսի սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վճիռը չկատարելու ուղղությամբ, իսկ 2020 թվականի դեպքերի հետ կապված ընդհանրապես որևէ վճիռ չկա, ու չեմ էլ կարծում, թե շուտով կլինի, որովհետև Եվրադատարանը չի շտապի վճիռ արձակել, որպեսզի չմիջամտի Ադրբեջանի ու Հայաստանի այսպես կոչված խաղաղության գործընթացին:
Եվրոպական դատարանն ունի նման մոտեցում, երբ հապաղում է որոշում կայացնել, որպեսզի հնարավորինս չեզոք մնա ընթացքի մեջ գտնվող ինչ-որ զարգացումներում: Բայց մենք համբերություն ունենք, կսպասենք, մինչև այնտեղ որոշեն, որ ժամանակն է վճիռ կայացնելու, որ դա գուցե կօգնի երկու երկրներին խաղաղության պայմանագրի գործընթացում, իրականում կօգնի, բայց Եվրոպական դատարանը աչքի է ընկնում բավականին չեզոք դիրքորոշմամբ:
– Ճի՞շտ եմ հասկանում, որ յուրաքանչյուր գանգատ անհատական մակարդակում է ներկայացվում:
– Այո՛, Եվրոպական դատարանում չկա կոլեկտիվ գանգատ, սա այն դեպքը չէ, որ կարելի է մեկ գանգատ ուղարկել, հազար հոգու անուն գրել ու ասել, որ հսկայական աշխատանք է արվել, ո՛չ: Թեև դատարանը պահանջում է ցանկ՝ բաժանելով յուրաքանչյուր մեկից հարյուր դիմողներին, բայց դրանք բոլորն անհատական գանգատներ են, այսինքն՝ յուրաքանչյուր անձի հետ անհատական պետք է աշխատել, յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստերը պետք է շարադրել, փաստարկները պետք է գրել, թեկուզ դրանք նման են, բայց նույնը չեն: Դրա համար որ ես ասում եմ՝ օրը չորս հոգի ենք ընդունում, դա արդեն մեծ աշխատանք է, որովհետև յուրաքանչյուր ընտանիքի համար մոտ երկու ժամ է անհրաժեշտ, առնվազն:
– Պարո՛ն Ղազարյան, եթե այս գանգատները ներկայացվեին պետության կողմից, այսինքն՝ պետությունը պետության դեմ, դա ավելի արդյունավե՞տ կլիներ, թե՞ տարբերություն չկա:
– Ավելի արդյունավետ կլիներ, որովհետև նախ՝ պետության ձեռքին են գտնվում ամբողջ տվյալները, երկրորդ՝ պետությունը պետության դեմ դատական գործով կայացված վճիռը շատ ավելի լայն ազդեցություն կարող է ունենալ, քան անհատական գանգատները: Ի վերջո, նրանք Եվրոպական դատարանի հետ ավելի հեշտ կարող են երկխոսության մեջ մտնել, քան անհատները, օրինակ՝ ես: Բայց գիտեք, որ երկու պետությունն էլ պայմանավորվեցին հետ կանգնել միջազգային դատավարություններից, դե ֆակտո ՀՀ կառավարությունը ձեռքերը լվացել է, որևէ դատավարական գործողություն չի արվում, համենայնդեպս, դրա մասին որևէ տեղեկություն չկա, այդ պատճառով էլ քաղաքացիները դիմում են մեզ՝ մասնավոր խմբերի, որոնք Հայաստանում շատ-շատ քիչ են:
– Հայաստանի կառավարության կողմից, համենայնդեպս, արցախահայության վերադարձի թեման փակված է, բազմիցս վարչապետի մակարդակով ասվել է այս մասին, այդ պարագայում որքանո՞վ կարելի է ձեր ներկայացրած գանգատների դրական արդյունքի ապահովումը հեռանկարային համարել:
– Իրավական սկզբունքները շատ ավելի ճշգրիտ են, քան քաղաքական ձևակերպումները: Կա իրավական սկզբունք. անձն ունեցել է գույք, հետևաբար ունի գույքային իրավունք, ու այդ իրավունքը չի կորչում նույնիսկ մահվանից հետո, նույնիսկ տարածքային իրավազորության փոփոխությունից հետո: Եթե անձի տունը Հայաստանի տարածքում է, բայց այն անցել է Ադրբեջանի տնօրինման տակ, դա չի նշանակում, թե անձը կորցրել է գույքային իրավունքը, դա ունիվերսալ կատեգորիա է:
Որքան էլ քաղաքական գործիչներն ասեն, թե այդ մասին չպետք է խոսել, որքան էլ Ալիևն այնտեղ բղավի, որ այդ տները գտնվում են Ադրբեջանի տարածքում, եթե նկատել եք, Ալիևը կամ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի ասում, որ այդ գույքը պատկանում է Ադրբեջանին, թեև դե ֆակտո իրենք վերահսկում են, բայց երբեք չեն հայտարարել, որ իրենք հայերի թողած գույքն ազգայնացրել են, հենց նման հայտարարություն արեցին կամ օրենք ընդունեցին, դա առ ոչինչ է հենց ընդունման պահից՝ իրավաբանորեն, որովհետև այդ գույքը ձեռք է բերվել բռնության շնորհիվ, այսինք՝ իրավաչափ չէ:
Վերադարձի իրավունքը մի բան է, գույքային իրավունքը՝ այլ, ճիշտ է, դրանք փոխարկվում են, դու պետք է վերադառնաս, որ կարողանաս այդ գույքից օգտվել, ինչպես Սարգսյանն է ասում՝ թույլ տվեք ես անցնեմ սահմանը, գնամ իմ տանն ապրեմ կամ իմ տան ճակատագիրը տնօրինեմ՝ փոխանակեմ, վաճառեմ: Այսինքն՝ վերադարձի նպատակն է, որ մարդ գնա իր հայրենիքում ապրի՝ անկախ նրանից, դա այլ պետության տարածքում է հայտնվել, թե ոչ, իսկ գույքային իրավունքը նույնը չէ:
Եթե մեր կառավարության ղեկավարը հայտարարում է, թե եկեք չխոսենք վերադարձի իրավունքի մասին, դա չի նշանակում, թե այդ հայտարարության ուժով մարդիկ զրկվում են իրենց գույքային իրավունքից, նույնը Ալիևի հայտարարությունների պարագայում է: Եվրոպական դատարանը ճանաչում է Արցախի Հանրապետության կադաստրի կոմիտեի տված տեղեկանքները, ինչը զայրացնում է ադրբեջանցիներին: Քանի տարի էլ անցնի, քաղաքական գործիչներն ինչ էլ հայտարարեն՝ գույքային իրավունքը շարունակում է մնալ նույնիսկ անձի մահվանից հետո:
– Պարո՛ն Ղազարյան, Արցախից բռնի տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են դիմել ձեր իրավաբանական ընկերությանը, որպեսզի նրանց հարցերով ևս զբաղվեք:
– Հայտարարությունը մենք տվել ենք, մարդիկ զանգահարում են, գրանցվում, գրանցվելու շատ պարզունակ առցանց ձև ևս կա, ընդամենը պետք է երեք տվյալ գրվի: Մարդիկ առցանց գրանցվում են, այնուհետև զանգահարում են, կամ մենք ենք զանգում, պայմանավորվում ենք, գալիս են, ու սկսում ենք աշխատանքը նրանց հետ:
Մենք նաև Մարդու իրավունքների կոմիտե ենք գանգատներ ուղարկում, որը ՄԱԿ-ի համակարգի ներսում գործող դատարան է, թեև կոմիտե է կոչվում, զուգահեռ Եվրադատարան, այստեղ մենք ընդունում ենք և՛ գույքային, և՛ գանգատներ, օրինակ՝ 2023 թվականի ռազմական գործողությունների հետևանքով տունը ռմբակոծվել է, զոհեր են եղել և այլն: Ինչո՞ւ Մարդու իրավունքների կոմիտե, որովհետև որոշել ենք այդ ատյանը ևս օգտագործել, որտեղ վաղեմության ժամկետ չկա, այսինքն՝ հին գործեր ևս կարելի է ուղարկել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















