«Մենք կքաջալերվինք, երբ մեզի կըսին՝ ասիկա քու հայրենիքդ է». սիրիահայերի անմոռանալի լահմաջոն Երևանի կենտրոնում

«Մենք կքաջալերվինք, երբ մեզի կըսին՝ ասիկա քու հայրենիքդ է». սիրիահայերի անմոռանալի լահմաջոն Երևանի կենտրոնում
«Մենք կքաջալերվինք, երբ մեզի կըսին՝ ասիկա քու հայրենիքդ է». սիրիահայերի անմոռանալի լահմաջոն Երևանի կենտրոնում

Խոհարարի ճերմակ գլխարկ ու խալաթ հագած երիտասարդը փայտե տախտակի վրա է փռում խմորի շերտերը, վրան հավասար հաստությամբ տարածում արևելյան համեմունքներով խմորված մսի խճողակը ու վարպետորեն այն տեղադրում ջերմությունից կարմրած վառարանում:
Սիրիական լահմաջոյի ախորժալի բուրմունքը տարածվում է Խորենացու փողոցի այն անկյունում, որտեղ մեծ եռուզեռով աշխատում է Հալեպից Հայաստան տեղափոխված Ջաբախճուրյանների ընտանիքը: Զաքյան-Խորենացի փողոցների շրջադարձում` շենքերի արանքում գտնվող լահմաջոյանոցում, երբեմն արաբական երաժշտության ներքո Հայաստան տեղափոխված սիրիահայերը սիրում են հավաքվել հարազատ բույրերի ու խոսակցությունների շուրջ:

«Վեց ամիս է, ինչ եկած եմ Հայաստան: Սկիզբը 2 ամիս աշխատեցի մի ռեստորանում` որպես խոհարար, այնուհետև հասկցա, որ երկար ժամանակ պետք է մնանք ընտանիքով ու չեմ կըրնա հոն աշխատել: Ապրելու համար բավարար չէր, ու որոշեցինք այս տարածքը վարձով վերցնել, աշխատցնել»,- ասում է 25-ամյա Կայծակ Ջաբախճուրյանը:

Նա իր ծնողների և քրոջ հետ հայրենիք է գաղթել Սիրիայի սկսված պատերազմի և երկրում տիրող ծայրահեղ վիճակի հետևանքով:

Ջաբախճուրյանները այնտեղ են թողել իրենց 15 տարվա ստեղծած կարողությունը` տուն, ավտոմեքենա, 3 սեփական խանութներ:

«Մենք Սիրիայում 15 տարի աս գործով կզբաղվեինք, լահմաջո կպատրաստեինք, մեր խանութներն ունեինք, աշխատողներն ալ: Մեր սեփականությունն էր հոն ամեն ինչ,- ասում է Կայծակը՝ հերթական լահմաջոն տեղադրելով վառարանում: – Շատ դժվար է ամեն ինչ թողել, գալ ու նորեն սկսիլ: Բայց պիտի աշխատես, ջանք պիտի դնես, որ ստացվի»:

Հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի, և հայերի քաջալերությունը կօգնի իրենց գործն առաջ տանելու:

Ջաբախճուրյաններն թեև այժմ միայն լահմաջո և արաբական հաց են թխում, սակայն հույս ունեն հետագայում պատրաստել նաև պիցցա, հավի սենդվիչ, սպանախ, ղաուրմա, պանրով լահմաջո և այլն:

Ջաբախճուրյաննեըը

Իր գոյության կարճ ժամանակահատվածում` մոտ 3 ամիս, սիրիական համեմունքներով բուրող լահմաջոյանոցը բազմաթիվ հաճախորդների է գրավել:

Հաճախորդները հավատացնում են. «Մի անգամ լահմաջոն փորձելուց հետո չես կարող կանգ առնել»:

20 լահմաջո պատվիրած միջին տարիքի կին այցելուն «Մեդիալաբին» ասում է, որ երկրորդ անգամ է այցելում Ջաբախճուրյանների լահմաջոյանոց և ավելացնում. «Իսկական լահմաջոյի համը այստեղ առաջին անգամ զգացի»:

«Սիրիահայերը հիմա ավելի շատ կուգան մեր լահմաջոն փորձելու, բայց աստեղի հայերը, որ առաջին անգամ եկան-համտեսեցին, երկրորդ անգամ էլ եկան, կըսեն՝ իսկական համով լահմաջո կերանք, ասիկա մեզի համար ուրախություն է: Մենք շատ կուրախանանք, որ աստեղի հայերը կուգան, կհավնին»,- ասում է Կայծակի մայրը՝ Սալբի Ջաբախճուրյանը:

Սալբին նշում է, որ թեև Հայաստանում ամեն ինչ թանկ է՝ սկսած սննդից, իրենք հույսը չեն կորցնում, որ գործը հաջողությամբ կընթանա:

Որոշ աշխատանքային գործիքներ այստեղ չկան, իսկ եթե կան, որակապես զիջում են: Այդ իսկ պատճառով Ջաբախճուրյանները պատվիրել են Սիրիայից, որպեսզի կարողանան զարգացնել իրենց աշխատանքը:

«Ես տեսա, որ հոս մարդիկ կան՝ կյանքեն դժգոհ են, ինծի կըսեն՝ ինչո՞ւ հոս եկար, ուրիշ տեղ երթայիր: Մարդիկ ալ կան, կըսեն՝ ասիկա քո երկիրդ է, ո՞ւր պիտի երթայիր, ադիկա մեզի ուժ կուտա: Մենք կքաջալերվինք, ավելի հանգիստ կզգանք մեզի, երբ մեզի կըսեն՝ ասիկա քու հայրենիքդ է, ճիշտ ըրիր, որ եկար»,- ասում է տիկին Ջաբախճուրյանը, և նրա աչքերը լցվում են արցունքով:

Նա նշում է, որ իրենք Հայաստանը շատ են սիրում և բազմիցս են այցելել շրջագայելու:

«Սփյուռքին մեջ ամեն սփյուռքահայ, երբ նեղության կհանդիպի, աչքը միշտ մայր հայրենիքին կդարձնի: Երբ որ մենք նեղություն կզգանք, կուզենք Հայաստան գալ»:

Հայաստան մշտական տեղափոխվելուց հետո նրանց միակ մտահոգությունը աշխատանք գտնելն էր: Եվ քանի որ Ջաբախճուրյանները նույն աշխատանքով զբաղվել էին Հալեպում, որոշեցին այն բացել նաև Երևանում:

Իսկ նրանց դուստրը՝ Մեղրիկ Ջաբախճուրյանը, աշխատում է Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում՝ որպես աշխարհագրության և արաբերենի ուսուցչուհի սիրիահայ երեխաների համար:

Ընտանիքի հայրը՝ Գրիգոր Ջաբախճուրյանը, պատմում է, որ Սիրիայում մնալն արդեն կյանքի անվտանգության խնդիր էր իրենց համար: Թեև շատ հարազատներ ունեն, որոնք դեռ մնացել են Սիրիայում, պատերազմական իրավիճակը գնալով ահագնանում է:

«Կարողանում ենք խոսել անոնց հետ, երբ կապ կըլլա, օր կա՝ կըլլա, օր ալ կա՝ չի բռնում: Հիմա հոն ամեն բան շատ վատ է, ամեն բան թանկ է, մարդիկ կեսօրեն ետք ժամը 3-են տուներնին կքաշվին, կվախնան, չեն ուզեր դուրսը մնալ, որովհետև լիքն են գող, ավազակներ: Մարդ կա՝ կուզե Հայաստան գալ, բայց դրամ չունե, չի կրնար գալ»,-ասում է Գրիգորը:

Նա հիշում է նախկին օրերը, թե ինչ անհոգ էին ապրում Սիրիայում, երբ չկային ներքաղաքական խնդիրները, որոնք պատերազմի պատճառ դարձան:

Իսկ որդին՝ Կայծակը, կարոտում է Հալեպի իր աշխատավայրը, հայ և արաբ ընկերներին, որոնք իր կյանքի անբաժանելի մասն էին: Չնայած դրան՝ ուրախ է, որ Հայաստանում նույնպես լավ ընկերներ ունի թե՛ սիրիահայերի և թե՛ բնիկ հայերի շրջանում:

«Ավելի դյուրին է հոս ժողովրդի հետ, կհասկնան քեզի, ազնիվ են, ընկերական հետդ: Արևելահայերեն ու արևմտահայերեն տարբերություններ կան, բայց կհասկնանք իրարու»,- ասում է Կայծակը:

Նա նկատում է, որ Հայաստանում ապրող մարդիկ շատ խնդիրներ ունեն, որ քիչ են ժպտում, բայց ազնիվ սիրտ ունեն: Նա հորդորում է բոլորին՝ փոքրիկ նեղություններից կյանքը չկործանել ու հույսով լցված լինել:

«Ես ալ շատ նեղություն տեսա, խանութներս թողեցի Սիրիա, եկա, թանկանոց գործիքներ գնեցի, գործի դրեցի, բայց ձգեցի, եկա: Ու չըսի՝ գործ չկա, աս չկա, ան չկա, դժվարություն կա: Ուրեմն դուն ծույլ ես, դուն աշխատասեր մեկը չես, որ ատանկ կըսես: Դուն պետք է աշխատիս, ջանք թափիս, որ ստացվի: Արդեն սկսած ենք, հույս ունիմ, որ ամեն ինչ լավ կըլլա, առաջ կերթանք»,- հավելում է Կայծակը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am