Մանկատան պատերից դուրս. հաստատությունն ավարտածների համար կյանքի գույներն այնքան էլ պայծառ չեն

Վանաձորի մանկատունը տարեկան միջինը 6-8 սան է ավարտում: Նրանցից միայն մեկն է բնակարան ստանում:
Մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանն ասում է, որ վերջին երեք տարվա շրջանավարտների համար գնվել է ընդամենը 3 բնակարան:
«Մյուսներն ապրում են ծանոթների, բարեկամների տներում, բանակ են գնում կամ վարձով տուն ճարում, մինչև տուն ստանան»,- ասում է նա:
Մանկատունն ավարտելուն պես այս երեխաների առջև ծառանում են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական անլուծելի հարցերից մինչև շրջապատում ճիշտ դրսևորվելը:

Վանաձորի Դիմաց թաղամասի կիսաքանդ փողոցների արանքում կանգնած է հինգհարկանի բազմաբնակարանը, որտեղ էլ արդեն երկու տարի է՝ տեղավորվել ու կյանքի ինքնուրույն քայլերն են անում Ղարաղազարյան քույրերը՝ Սիման ու Թեհմինեն:

«Դուրս գալուց հետո ինձ կարողացա այնպես դրսևորել, որ իմ մասին վատ բաներ չխոսեն, կարողացա ուրիշի ազդեցության տակ չընկնել: Դա շատ կարևոր ա ինձ համար: Մենակ ենք ապրում, հազար մարդ կա, ամենքը կմոտենան, կուզենան իրանց ազդեցության տակ գցել»,- ասում է Թեհմինեն:

ՀՀ կառավարությունը քույրերից կրտսերին՝ Սիմային, ապահովել է բնակարանով. 23-ամյա Թեհմինեն դեռ սպասում է:

«Կարող ա քույրս ամուսնանա, ես ո՞ւր պիտի գնամ, ճիշտն իմ տունն ունենալն ա»,- ասում է:

Սակայն բնակարանն ստանալուց հետո էլ խնդիրները չեն պակասել. այն գազիֆիկացված չէ, էլեկտրական փոքրիկ վառարանը հազիվ իրեն է տաքացնում, իսկ մանրահատակի անցքերից սառը օդ է փչում:

«Ամսական 7000 դրամ կոմունալ վճարումներ եմ անում, տրանսպորտի ծախսերը հոգում, հագուստի և ուտելիքի համար մնում է 20.000 դրամ, քիչ է, չէ՞»,- վստահորեն հարցնում է Թեհմինեն, ով մանկատունն ավարտելուց ու կարի ֆաբրիկայում աշխատելուց հետո մի քանի ամիս անգործ է մնացել, մինչև տեղավորվել է ռեստորանում. մանկատան տնօրենն է աջակցել:

«Մանկատնից հետո Դիմացում ինչքան խանութ կար, գնացել, աշխատանքի տեղ եմ հարցրել: Հետո քույրս գնաց, փռում աշխատեց, գիշերները մնում էր, շատ դժվար էր, ասի՝ ավելի լավ ա դուրս գաս. մեղք էր: Հետո գնաց խանութում աշխատեց, մաքրում էր խանութը՝ տեխնիկական աշխատող: Օրը 1000-1500 դրամ էր բերում: Այդպես մի կերպ գոյատևեցինք»,- մանկատունն ավարտելուց հետո կյանքի դժվարությունների հաղթահարման մասին է պատմում Թեհմինեն:

Վանաձորի «Մերիդա» ՍՊԸ տնօրեն Մարինե Գրիգորյանն էլ նշում է, որ այս երեխաներին առաջնահերթ անհրաժեշտ է հոգեբանական օգնություն:

«Պետք է հոգեբանորեն պատրաստել կյանքին, ինքնուրույնությանը, հարաբերություն ստեղծել ու շարունակ սովորեցնել է պետք»,- ասում է Մ. Գրիգորյանը:

Նրա ղեկավարած կենտրոնում մանկատան 4-5 երեխաներ ամեն տարի անվճար սեղանի ձևավորում, խոհարարություն են սովորում: Սակայն նրանցից ոչ ոք աշխատանք չի գտել:

«Անհույս վիճակ է: Քաղաքում ինչքան գործատու կա, բոլորի մոտ մտել եմ, աշխատատեղի համար հարցրել եմ, չկա: Եթե սենց շարունակվի, էդ երեխեքը կկորչեն»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ավելացնում է, որ մանկատունն ավարտած երեխաներն ինքնին խոցելի են՝ չունեն աշխատանք, դրսևորվելու հնարավորություն, պետությունն էլ պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում նրանց խնդիրների նկատմամբ:

«Ավարտելուց հետո, ըստ էության, կյանքին ինտեգրվելու, առկա մարտահրավերներին դիմակայելու առումով պետությունը որևէ մեխանիզմ այս երեխաներին չի առաջարկում»,- ասում է Սաքունցը:

Ըստ նրա՝ եթե այսօր նույնիսկ ընտանիք ունեցող անհատն աշխատանքի խնդիր ունի, առավել ևս մանկատան երեխայի հնարավորությունները սահմանափակ են:

«Չկա սոցիալական միկրոշրջապատը, ում կարող է օգնության դիմել մանկատան երեխան, չկան այն ինստիտուցիոնալ մոտեցումները, որ նրան ինքնադրսևորման հնարավորություն տան»,- ավելացնում է իրավապաշտպանը:

Թեև ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնից «Մեդիալաբին» տեղեկացրին, որ քրեական հանցագործների շարքում մանկատան սաներ չկան, այնուամենայնիվ, ըստ Սաքունցի, առկա իրավիճակում աշխատանքային թրաֆիքինգի կամ քրեական տարբեր հանցագործությունների, այդ թվում` մարմնավաճառությամբ զբաղվելու ռիսկերը մանկատան սաների շրջանում մեծանում են:

«Այդ առումով նրանք խոցելի են»,- բացատրում է իրավապաշտպանը:

Վանաձորցի Արմենուհի Ղուկասյանն էլ ամուսնու և երեխայի հետ վարձով է ապրում մեկսենյականոց բնակարանում:

Արմենուհին Վանաձորի մանկատան նախկին սաներից է:

ՀՀ կառավարությունը դեռևս նրան բնակարան չի տրամադրել. նորաստեղծ ընտանիքն ստիպված արդեն երկու տարի վարձով է ապրում՝ ամսական տանտիրոջը վճարելով 10.000 դրամ:

«Դեռ սպասում ենք, հա´մ հույսով են անում, հա´մ չեն տալիս, հույս էլ չկա արդեն, երկու տարի է»,- նեղսրտում է Արմենուհին՝ ավելացնելով, որ հեշտ չէ Վանաձորի պայմաններում բնակարան վարձել՝ այն էլ երեխայի համար նախատեսված ծախսերը հոգալու պայմաններում:

«Ամեն ինչի գինը բարձրացել է, հազիվ է հերիքում»,- ասում է:

Արմենուհու ամուսինը Ղարաբաղում սահմանապահ է աշխատում. նորաստեղծ ընտանիքի հոգսերն էլ տեղավորվում են նրա ստացած 100.000 դրամ ամսական աշխատավարձի մեջ:

«Իմ երեխային երբեք չեմ հեռացնի ինձնից, ինչքան էլ պայմաններս վատ լինեն»,- ասում է երիտասարդ մայրը:

Նա հանգիստ է իր կյանքի համար. լավ մարդու է հանդիպել:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am