Սահմանադրության իրականացումը մղոններով հե՞տ. Հայաստանում նշում են Սահմանադրության օրը

Սահմանադրության իրականացումը մղոններով հե՞տ. Հայաստանում նշում են Սահմանադրության օրը
Սահմանադրության իրականացումը մղոններով հե՞տ. Հայաստանում նշում են Սահմանադրության օրը

Այսօր Հայաստանը նշում է ՀՀ Սահմանադրության օրը. ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, ապա փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին` համապետական հանրաքվեով։
Այդ կապակցությամբ այսօր ամբողջ Հայաստանում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, ուղերձով է հանդես եկել նաև Սերժ Սարգսյանը:

Նա իր խոսքում, շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի կապակցությամբ, մասնավորապես նշել է, թե «Սահմանադրության ընդունման և դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել»:

«Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը: Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել: Այսօր մենք մեր քայլերով, մեր հետևողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը»,- ասել է Սարգսյանը:

Սարգսյանը նաև նշել է, թե ՀՀ քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պետք է մտնեն յուրաքանչյուր տուն և հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պետք է դառնան ոչ միայն Սահմանադրության, այլև կյանքի նորմ: «Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան և իշխանությունների քաղաքական կամքը, և ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը»:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, սակայն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե բովանդակության առումով ՀՀ Սահմանադրությունը համապատասխանում է իրավական պետության չափանիշներին, բայց ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ դրա կատարումը։

«Սահմանադրության իրականացումը մղոններով հետ է մնում այն պահանջներից, որոնք դրված են Սահմանադրության տեքստում։ Մեր սահմանադրական իրականությունը չափազանց տարբերվում է սահմանադրական պահանջներից։ Այդ տարբերության վերացումն այսօր ամենահիմնական հրամայականն է։ Իրավական պետության ամենագլխավոր պահանջը կաշկանդվածությունն է իրավունքով՝ առաջին հերթին պետական մարմինների կաշկանդվածությունը»,- ասել է Պողոսյանը:

Սահմանադրագետը նշել է նաև, թե ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք չկա, պարզապես ամենահիմնական խնդիրը եղածը կյանքի կոչելն է։

«Իսկ սա կախված է թե իշխանությունների գործողություններից և թե հասարակությունից»,- ասել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրության առաջին կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սահմանադրություն ունենալու հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս մինչև Հայաստանի անկախության հռչակումը:

Հայաստանի անկախության մասին հռչակագրին համապատասխան` ՀՀ Սահմանադրություն մշակելու նպատակով Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդը 1990 թ. նոյեմբերի 5-ին ստեղծեց 20 մարդուց բաղկացած սահմանադրական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև կառավարության անդամներ, դատական և դատախազության համակարգի ղեկավարներ, իրավաբան գիտնականներ:

Հանձնաժողովի նախագահն էր ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հանձնաժողովը գործեց չորս ու կես տարի: 1994-ի հունիսին ԳԽ-ն իրականացրել է սահմանադրության վեց այլընտրանքային նախագծերի հիմնադիր քննարկումներ, որոնք տևել են օրեր, հեռարձակվել ռադիոյով, հեռուստատեսությամբ:

Քննարկումների արդյունքում ԳԽ-ն հանձնաժողովին հանձնարարեց լրամշակել իր կողմից հիմք ընդունված նախագիծը, և սահմանադրական հանձաժողովը համալրվեց սահմանադրության նախագծեր առաջադրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, իսկ հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը:

1995-ի մայիսին վերսկսված սահմանադրական քննարկումների արդյունքում ԳԽ-ն ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց հանձնաժողովի մշակած Սահմանադրության նախագծին, և այն դրվեց հանրաքվեի:

Հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, հանրապետության տարածքն ընդգրկող 150 ընտրատարածքային հանձնաժողովների տվյալների համաձայն, ընտրական իրավունքից օգտվող 2 մլն 189 հազար 804 ՀՀ քաղաքացիներից հանրաքվեին մասնակցեց 1 մլն 217 հազար 531քաղաքի, որոնցից 828 հազար 370-ը «այո» ասացին Սահմանադրությանը:

Հետագայում Սահմանադրությունը երկու անգամ փոփոխելու փորձ արվեց. առաջին անգամ` 2003-ին, փորձը տապալվեց անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով, և ապա փոփոխություններն իրականացվեցին 2005-ին:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հանրաքվեի դնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջարկը` Ռոբերտ Քոչարյանը 2005-ի հոկտեմբերի 3-ին հրամանագիր ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվե նշանակելու մասին:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեն նշանակվեց է 2005 թվականի նոյեմբերի 27-ին։

Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների` այդ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 514 հազար 545 քաղաքացի, որոնցից 1 մլն 411 հազար 711-ը «այո» էին ասել Սահմանադրության փոփոխություններին: Մինչդեռ, չնայած այս արդյունքներին, սահմանադրական հանրաքվեն անցավ բավական լարված մթնոլորտում` բազմաթիվ քաղաքական ուժեր բոյկոտեցին այն, իսկ հանրաքվեից հետո շատերը հայտարարեցին, որ հանրաքվեն անցել է կեղծիքներով և լցոնումներով:

Փորձագետները նշում են, որ Սահմանադրության փոփոխություններով ավելացվել են վարչապետի լիազորությունները`ԱԺ-ի և մասամբ նաև` նախագահի լիազորությունների հաշվին: Նաև կարծիքներ են հնչում, որ նոր Սահմանադրության մեջ որոշակիորեն լղոզվել են մարդու համընդհանուր իրավունքները:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am