Ամուսինը կնոջը սպանել է բակում, որ տան ներսը «չմխտռվի». Յուրիկ Բաբայանին ազատազրկեցին 10 տարով

Ամուսինը կնոջը սպանել է բակում, որ տան ներսը «չմխտռվի». Յուրիկ Բաբայանին ազատազրկեցին 10 տարով
Ամուսինը կնոջը սպանել է բակում, որ տան ներսը «չմխտռվի». Յուրիկ Բաբայանին ազատազրկեցին 10 տարով

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում Աղավնաձոր գյուղում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի մասին նոր մանրամասներ: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Կնոջը սպանած Աղավնաձոր գյուղի բնակիչ Յուրիկ Բաբայանին, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Ռ. Պապոյանի, մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակեց պատիժ ազատազրկման ձևով 10 տարի ժամկետով: Արագ Արձագանքման Խումբը հիշեցնում է, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, Բաբայանների սեփական տան բակում: Ամուսինը սկզբում ծեծել էր կնոջը, այնուհետեւ` սպանել: Յուրիկ Բաբայանն արարքը կատարելիս եղել էր ոգելից խմիչքի ազդեցության տակ, սակայն դատաբժշկական փորձաքննությունն աֆեկտի վիճակ չէր արձանագրել եւ Բաբայանին անմեղսունակ չէր ճանաչել: Բաբայանների հարեւանները դատաքննության ընթացքում վկայել էին ամուսինների տարիներով ձգվող անհաշտության, գրեթե ամեն օր տեղի ունեցող վիճաբանությունների մասին: Չնայած այս ամենին, ամուսինները բաժանվելու, միմյանցից անջատ ապրելու քայլին երբեւէ չէին գնացել:

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Յուրիկ Բաբայանն ու Թալին քաղաքի բնակչուհի Անահիտ Բաբայանն ամուսնացել էին 1985 թ-ին` համատեղ կյանքի ընթացքում ունեցել 3 տղա զավակ: Հարազատների եւ հարեւանների վկայությամբ մշտապես անհաշտ են ապրել: Վեճն ու կռիվն անպակաս են եղել Բաբայանների տանից: 2012թ. հունվարի 26-ին կախվելու միջոցով ինքնասպան է եղել նրանց կրտսեր որդին`Անդրանիկ Բաբայանը: Ամուսինների լարված փոխհարաբերությունն այդ դեպքից հետո ավելի է սրվել: Յուրիկ Բաբայանը որդու մահվան մեջ մեղադրել է կնոջը, իսկ վերջինս՝ ամուսնուն: Վեճն ու կռիվը, լարվածությունն օրեցօր ավելի են խորացել: Ընտանիքում տիրող անհաշտ մթնոլորտի պատճառով ավագ որդին` Գարիկ Բաբայանը և նրա կինը տեղափոխվել են բնակության Երևան քաղաք: Իսկ միջնեկ որդին` Արսեն Բաբայանը, 2012թ. մարտի 23-ին մեկնել է ՌԴ: Տանը միայնակ մնացած ամուսիններն առիթ, թե անառիթ, գրեթե ամեն օր վիճել են, ինչի մասին տեղյակ են եղել նրանց հարազատներն ու հարեւանները:

2012թ. հուլիսի 3-ին` առավոտյան ժամը 7-ի սահմաններում բարեկամ և համագյուղացի Վարդան Միքայելյանը Յուրիկ Բաբայանին հրավիրել էր խաշ ուտելու: Վերջինս ընդունել էր հրավերքը: Վ. Միքայելյանի տանը խաշ էր կերել և օգտագործել ոգելից խմիչք՝ 4 բաժակ տնական օղի: Խաշ ուտելու ընթացքում հանգուցյալ Անահիտ Բաբայանը զանգահարել և նախատել էր ամուսնուն` խաղողի այգին ջրելուց ուշանալու համար: Յուրիկ Բաբայանը ժամը 9-ի սահմաններում գնացել էր տուն: Մտնելով առաջին հարկի սենյակ՝ պառկել էր հանգստանալու, այնուհետև կնոջից պահանջել էր դաշտ գնալու հացը պատրաստել և սուրճ եփել: Կինը նրան կրկին անգամ նախատել էր ոգելից խմիչք օգտագործելու համար: Նրանք սկսել էին վիճաբանել:

Դատավարության ընթացքում ամբաստանյալը հայտարարեց, որ թեեւ ծեծելու միտք ունեցել է, բայց չի ցանկացել սպանել կնոջը: Նա անընդհատ պնդում էր, որ Անահիտն ինքն է իրեն դրդել այդ քայլին: Սրանք թույլ արդարացումներ էին, եթե հաշվի առնենք, որ ամբաստանյալը հենց սպանելու դիտավորությամբ էլ կնոջը դուրս է հանել բակ, երբ կինը ցանկացել է փախչել ու թաքնվել տան երկրորդ հարկի սենյակում, ամուսինը քաշել և աստիճաններից նրան վայր է գցել գետնին, հետո բետոնի կտորով հարվածել գլխին: Համոզվելու համար, որ վերջնականապես սպանել է նրան, բաղնիքում պահած մահակը վերցրել և դրանով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և մարմնի այլ մասերին:

Ինչու՞ էր ամուսինը կնոջ հետ հաշվեհարդար տեսնելու համար նրան քարշ տալով հասցրել տան բակ: Յուրիկ Բաբայանի պատասխանը հետեւյալն էր՝ որ տան ներսը «չմխտռվի»: Այսինքն ամբաստանյալը բավական սթափ էր դատել եւ չէր ցանկացել, որ տունն արյունոտվի: Կնոջը դաժանաբար սպանելուց հետո ոտքերից քաշել, տարել էր ավելի զով վայր, որ վրան արև չընկնի, գլխին պարկ էր գցել, հետո փոխել հագուստները, գնացել խանութ, գնել երկու շիշ գարեջուր եւ այն խմելով` գնացել էր ոստիկանություն: Ճանապարհին հանդիպած հարեւաններին, որոնք շտապելիս են եղել իր տուն` հայտնել էր, որ սպանել է Անահիտին:

Հարեւանների ահազանգով Եղեգնաձորի ոստիկանության բաժնի աշխատակիցները շտապել էին Աղավնաձոր գյուղ եւ ճանապարհին հանդիպելով Յուրիկ Բաբայանին` նրան բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Դատաքննության ընթացքում կատարվածից արդեն ուշքի եկած Յուրիկ Բաբայանը պնդում էր, որ ինքն անգամ մրջյուն չի տրորել եւ որ կինն է մեղավոր կատարվածում, ինքը 27 տարի լռել է, սակայն այդ օրը համբերության բաժակը լցվել էր ու էլ չի կարողացել համբերել:

Դատարանն արժանահավատ չէր համարել ամբաստանյալ Յուրիկ Բաբայանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքն այն մասով, որ կնոջը ծեծելու պահին չի ցանկացել նրան սպանել, արարքը կատարել է հոգեկան խանգարված վիճակում՝ պահի ազդեցության տակ և չի գիտակցել կատարածը: Դատարանը գտել էր, որ ամբաստանյալը գտնվելով միջին աստիճանի հարբածության վիճակում` Ա.Բաբայանին սպանել է գիտակցաբար, ինչը հիմնավորվել է ինչպես դեպքի պահին նրա կատարած գործողություններով, մասնավորապես՝ սենյակը չարյունոտելու և կնոջը սպանելու նպատակով նրան տանից դուրս հանելով, աստիճաններից վայր գցելուց և բետոնի կտորով գլխին հարվածելուց հետո լոգարանից բերած փայտե մահակով նրա գլխին հարվածելով, և մինչև վերջին պահը՝ մահը, կնոջը լռեցնելու ցանկությամբ, այնպես էլ հիմնավորվել է ամբաստանյալի կողմից դեռևս դեպքից առաջ կնոջը սպանելու ցանկություն ունենալու հանգամանքով, ինչի մասին համաձայն վկաների, մասնավորապես Անուշ Գրիգորյանի և Հայկուշ Պողոսյանի ցուցմունքների, ամբաստանյալը բարձրաձայնել էր:

Յուրիկ Բաբայանը կատարել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որը որակվում է որպես սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, և կատարած հանցավոր արարքի համար ամբաստանյալը ենթակա է պատժի` ազատազրկում 10 տարի ժամկետով:

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am:

Երանուհի Սողոյան

Հետաքննող լրագրող

ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ