«Արգելոցը դառել է խրախճանքի վայր». բնապահպանները փորձում են գործի դնել «լծակներն ու հնարավորությունները»` անօրենության դեմ

Էկոլոգիական «Հասարակական Դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը նամակով դիմել է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին` կոչ անելով օգտագործել բոլոր լծակներն ու հնարավորությունները` «Խոսրովի արգելոցում» տիրող անօրենությունը կանխելու համար:
«Հարգելի պարոն Մանվելյան, մենք բոլորս դիտեցինք այս զարհուրելի կադրերը, Խոսրովի արգելոցի տարածքում: Այն բոլոր խոստումները, որոշումները, որոնք լսեցիք բնապահպանության նախարարից, փաստորեն բացարձակ չեն իրականացվում: Արգելոցը դառել է խրախճանքի վայր, որտեղ մեր մեծահարուստները ազատ մուտք և ելք ունեն:
Դիմում ենք Ձեզ, որպես վայրի բնության պահպանության Հայաստանյան գրասենյակի տնօրեն, պահանջով օգտագործել Ձեր բոլոր լծակները և հնարավորությունները, մեր երկրին պատիվ չբերող խայտառակությունը և անօրինկանությունը կանխելու համա: Էկոլոգիական հասարակական դաշինքը պատրաստ է Ձեզ սատար կանգնել, այս գործում, ներգրավելով նաև այլ բնապահպանկան միջազգային կառույցների , որոնք պատասխանատու են Վայրի բնության պահպանության խնդրում»,-իր նամակում գրել է Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ այսօր բնապահպանների տարածած տեսանյութում, լուսանկարներում եւ հաղորդագրության մեջ բարձրաձայնվում է արգելոցում տիրող խայտառակ վիճակի մասին: Մասնավորապես արգելոցում բնապահպանները գտել են Կարմիր գրքում գրանցված, մորթված Բեզոարյան այծի մարմնի մասեր, կենդանիների մնացորդներ, մորթի, աղիքներ եւ այլն:

«Մեր մուտքը արգելումա նախարարը, բայց ներսում դրած ջնջխում են Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներին, է’ նախարար, պարզից էլ պարզա, որ մեր դեմ ես մուտքը փակում, բայց որքա՞ն կարող եք կոծկել այս պատժելի հանցագործությունները,-ասում է հայտնի բնապահպան Մարիամ Սուխուդյանը եւ շարունակում,-«Պատասխան եք տալու»:

© Medialab.am