«Խնդիրը Հրայր Թովմասյանը չէ, այլ ժողովրդավարության հասնելու ճանապարհը, և այդ ճանապարհին Թովմասյանը կամ ՍԴ մեկ այլ անդամ չպետք է խոչընդոտեն». փաստաբան

Կարապետ Բադալյան (Լուսանկարը՝ «Ազատություն»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Կարապետ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ԱԱԾ-ն հայտարարել է, որ հեղաշրջման փորձի մասին որևէ տեղեկություն իրենք չեն ստացել, իսկ ԱԽ քարտուղարն էլ նշել է, որ եղել է նման փորձ։ Սրան չպե՞տք է հաջորդեր անհապաղ քրեական գործի հարուցում՝ ճշմարտությունը բացահայտելու համար:

– Դա գնահատողական դատողություն է. որոշակի իրադարձություններ մարդիկ այդպես են գնահատում։ Միգուցե քննության առարկա պիտի դարձնել, ես կդժվարանամ պատասխանել։ Հիմա ինքը պետք է գնա բացատրություն տա, ցուցմունք տա, թե ինչ նկատի ունի և այլն։ 

– Իսկ այն, որ հակասություն կա ԱԱԾ հայտարարության և ԱԽ քարտուղարի հայտարարության միջև, այստեղ իշխանությունն անելիք չունի՞։

– Այդ հայտարարություններին ես այդքան լուրջ չէի վերաբերվի, որքան դուք փորձում եք այդտեղ հակասություններ տեսնել։ Սրանք իրավական ընթացակարգեր են, այլ հունով են գնում և այլ փաստաթղթերի միջոցով։ Այսինքն՝ եթե ինչ-որ փաստ կա, օրենքով սահմանված ընթացակարգ կա այդ փաստի վերաբերյալ գործ հարուցելու, քննություն իրականացնելու։ 

– Երեկ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն կատարվեց. նա հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, և որ սա քաղաքական հետապնդում է, իշխանությունը ամեն գնով ցանկանում է ազատվել իրենից։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Քրեական գործ է հարուցվել, քրեական հանցագործության հատկանիշներ կան, քննություն է ընթանում։ Եթե պարզվի, որ բավարար ապացույցներ կան, և գործը պետք է ուղարկվի դատարան, կուղարկեն դատարան, և եթե պարզվի, որ նա հանցագործություն է կատարել, դատարանը կպատժի, եթե պարզվի՝ հանցանք չի կատարել՝ կարդարացնի։

Այնպես որ, այստեղ քաղաքական հետապնդման մասին որևէ խոսք չկա։ Եթե ինչ-որ մեկը բարձր պաշտոն է զբաղեցնում, դա նրա համար քարտ բլանշ չէ ամեն ինչ անելու կամ որևէ պատասխանատվության չենթարկվելու համար։ Եթե իրեն վերագրվող արարքները ինքը կատարել է, ուրեմն թող ինքն էլ դրա համար պատասխան տա։

– Հրայր Թովմասյանը ակնարկներ արեց և ասաց, որ Արթուր Վանեցյանը ինչ գիտի, պետք է ասի՝ չակերտներ չբացելով։ Ի՞նչ էր սա նշանակում։

– Գիտեք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանակ առ ժամանակ խորհրդավոր հայտարարություններ է անում, թե ինքը ինչ-որ կարևոր տեղեկություններ ունի, թե գիտի, բայց չի ասի։

Բոլորն էլ կարող են նրան հղում անել ու ասել, որ նա մեր վերաբերյալ տեղեկություններ ունի, որը պետք է ասի, թող նրան հարցաքննեն։ Չեմ կարծում, թե այստեղ որևէ կապ կա. եթե նման կապ լիներ, իրենք էլ այդքան պատասխանատու քաղաքացիներ են, թող գնան ցուցմունք տան, հայտարարեն, թե ինչ կապ կա։ Ենթադրությունների վրա մանիպուլյացիաներ անելը ընդունելի չէ, իմ կարծիքով։ 

– Արվում են հայտարարություններ, թե սա մեր երկրի իմիջի համար վտանգավոր է, միջազգային հանրությունն էլ այդ ամենից տեղյակ է, և Հայաստանը վարկանիշի անկում կունենա։ Այս առումով կա՞ մտահոգվելու տեղ։ 

– Ճիշտ հակառակն է, մեր երկրի իմիջը վերականգնելու համար են քայլեր արվում, որ նրանք, ովքեր հանցավոր արարք են կատարել, պետք է պատասխան տան։ Դա մեր երկիրը շատ ավելի բարձր մակարդակի կբերի, քան այսօր է, որովհետև մենք ունենք ոչ լեգիտիմ ՍԴ անդամների կազմ, և դա ազդում է մեր երկրի միջազգային հեղինակության վրա։

Երբ օրինական կազմ ձևավորվի, այդ ժամանակ մեր երկրում ժողովրդավարությունը մի մեծ քայլ առաջ կանի։ Այնպես որ, իրենք մանիպուլյացիա են անում։

– Ունե՞ք այնպիսի տպավորություն, որ իշխանությունն ամեն գնով փորձում է լուծել ՍԴ խնդիրը, մասնավորապես, Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնել, թեև Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ։

– Իշխանության խնդիրը Հայաստանում այնպիսի կարգեր հաստատելն է, որ ժողովրդավարությունը մեզ մոտ շարունակական հաջողություն ունենա։

Առանց լեգիտիմ ՍԴ-ի, մենք չենք կարող նորմալ ընտրություններ ունենալ, որովհետև ընտրությունների արդյունքները միայն ՍԴ-ում կարող են վիճարկվել։ Եվ եթե ՍԴ-ն ունի լեգիտիմության խնդիր, նշանակում է՝ քո երկիրը դեռևս չունի լիարժեք ժողովրդավարություն։

Հիմա խնդիրը Հրայր Թովմասյանը չէ, այլ ժողովրդավարության հասնելու ճանապարհն է, և հիմա այդ ճանապարհին լինի Հրայր Թովմասյանը կամ ՍԴ մեկ այլ անդամ, նրանք չպետք է խոչընդոտեն Հայաստանում ժողովրդավարության կայացումը։

Վստահություն ունեմ, որ այս խնդիրը մոտ ժամանակներս վերջնականապես լուծվելու է։ Եվ վաղ կենսաթոշակի նախագիծը միակ եղանակը չէ այս խնդրին լուծում տալու։ Այնպես որ, խնդիրը լուծում պիտի ստանա։

Մանե Հարությունյան

MediaLab.am