«Եթե լրացուցիչ երաշխիքներ չլինեն, մենք չենք կարող վստահ լինել, որ ԱՅՈ քվեարկելով կարող ենք ունենալ անկախ ՍԴ». Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, ձեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մի շարք հարցեր է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը: Մասնավորապես, հարց է բարձրացրել, թե արդյոք գործող Սահմանադրությունը լեգիտի՞մ է, թե՞ ոչ:

Եթե ձեր կարծիքով, գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ի՞նչ պետք է անի իշխանությունն այդ պայմաններում, անտեսի՞ գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները, թե՞ փորձի այդ կարգավորումների շրջանակում հասնել փոփոխությունների: 


– Մեր համոզմունքն է, որ մենք չենք ունեցել Սահմանադրություն, որը կհամապատասխանի այդ երևույթի էությանը, այսինքն՝ կլինի քաղաքացիների պայմանավորվածությունն իրենց իրավունքների ու պետության մասին։ Այդ փաստաթուղթն ու նրա կարգավորումները ընկնում են բազմաթիվ հարաբերությունների հիմքում, ինչն ապահովում է պետական համակարգի բնականոն գործունեությունը։

Պետական համակարգը ամեն օր գործում է այդ կանոններով ու կարգավորումներով։ Եթե մենք դրա լեգիտիմության վրա կասկածներ ունենք, ապա մեծ խնդիր է որևէ հարաբերություն կարգավորել։ Ինչի՞ն պետք է հղում անենք, եթե խնդիրներ առաջանան։ 

Կարելի է հայտարարել, որ Սահմանադրությունը լեգիտիմ չէ, սակայն հարաբերությունների այդ ծավալը կարգավորելու այլ տարբերակ չկա, քան կեղծված Սահմանադրությունը։ Կարելի է ասել, որ մենք չենք ճանաչում այդ փաստաթուղթը և երբ ու ոնց ուզենք, այդպես էլ կարգավորելու ենք։ Կարելի է ճանաչել դրա լեգիտիմությունն անկախ նրանից, թե ում մոտ ինչ հարց կառաջանա։

Վերջին տարբերակը խիստ վտանգավոր է, բայց էլի տարբերակ է։ Մենք հարցն ուղղել ենք, որպեսզի հասկանանք կառավարող ուժի մոտեցումն այդ հարցին։ Դրանից շատ բան է կախված։ Չի կարելի մի օր ընդունել այդ տեքստը, դրանով առաջնորդվել, իսկ հաջորդ օրը ոտնատակ տալ։ Սկզբունքը մեկը պետք է լինի՝ կամ լեգիտիմ ես համարում, կամ՝ ոչ։

– Գործող կառավարության ընդդիմախոսները նշում են, որ կառավարող ուժի նպատակն իրեն հլու-հնազանդ, ենթարկվող դատական համակարգ ունենալն է: Չկա՞ վտանգ, որ ՍԴ-ի հարցը լուծելուց հետո նոր ՍԴ-ն կլինի կառավարող ուժից կախված և հնազանդ: Ինչ պետք է անել դրանից խուսափելու համար:

– Հարցերը, որոնք մենք ուղղել ենք կառավարող ուժի ղեկավար մարմնին, հենց այդ հանգամանքը պարզելու համար են։ Այսինքն՝ մենք բացի դատավորների անկախության վերաբերյալ օրենքով նախատեսված չափորոշիչներից, խնդրել ենք լրացուցիչ երաշխիքներ ներկայացնել, եթե հնարավոր է։

Այդպիսիք կփակեն ձեր նշած խոսակցությունները։ Իսկ եթե լրացուցիչ երաշխիքներ չլինեն, հաշվի առնելով նաև նախկինում վարվող կադրային քաղաքականությունը, մենք չենք կարող վստահ լինել, որ ԱՅՈ քվեարկելով կարող ենք ունենալ անկախ ՍԴ։

Հարցն իր էությամբ բավականին էական է, և հենց դրա համար է, որ մենք շատ վստահ պետք է լինենք քվեախցիկ մտնելիս։ Այլապես քվեախցիկին հասնելու խնդիրը հարցականի տակ կլինի։


– Դուք առաջարկում եք, որ իշխանությունը հրապարակի ապագա ՍԴ իր թեկնածուների անունները: Դա ի՞նչ խնդիր է լուծելու, որքանով դա կնպաստի ԱՅՈ-ի հաղթանակին, թե՞ ավելի խոցելի կդարձնի իշխանությունների դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ ցանկացած թեկնածու ունի նաև խոցելի կողմեր:

– Եթե թեկնածուներն ունենալու են խոցելի կողմեր, ապա այդպիսիք չեն վերանալու նաև հանրաքվեից հետո։ Շատ անարդար կլինի քաղաքացիների նկատմամբ, եթե կոչ անեն գնալ ԱՅՈ քվեարկել, հավաստիացնելով, որ վստահության արժանի ու անկախ դատարան ենք ունենալու, իսկ հետո որպես ՍԴ դատավոր ներկայացնեն բազում խոցելի կողմերով թեկնածուների։ Պետք է մարդիկ հասկանան՝ ինչպիսի ՍԴ ենք ունենալու ԱՅՈ քվեարկելու դեպքում։ 

Դա հենց կառավարող ուժին է ձեռնտու, եթե նպատակներն իրոք հռչակվածներն են։ Եթե կառավարության թեկնածուներն ունենալու են այնքան խոցելի կողմեր, որ հիմա նրանց անունների հրապարակումը կարող է խնդիր առաջացնել ԱՅՈ-ի հաղթանակի համար, ուրեմն ես միանշանակ չեմ գնա հանրաքվեի։ 

Դա մեծ խնդիր է։ Միաժամանակ, ես չեմ գնա ՈՉ քվեարկելու այն պատճառով, որովհետև դա ևս չի նպաստի անկախ դատարան ունենալու մեր օրակարգին։ Այդ հարցն ուղղակի ինձ չի առնչվի, դրանով ես իմ խնդիրները չեմ կարող լուծել։


-Եթե հանրաքվեի ժամանակ ԱՅՈ-ն հաղթի, և ձևավորվի նոր ՍԴ, արդյոք դա բավարա՞ր է դատական համակարգի անկախությունն ապահովելու համար: Ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն հանրաքվեին: Ընդհանրապես, դատական համակարգում առկա մարդկային ռեսուրսների պայմաններում հնարավոր կլինի՞ ձևավորել անկախ դատական համակարգ:

– Ո՛չ, հանրաքվեի դրված հարցը մեկն է՝ նախկին կանոններով ընտրված դատավորները դադարեցնո՞ւմ են իրենց գործունեությունը, թե՞ շարունակում են պաշտոնավարել։ Դա չի կարող ընդհանուր արդարադատության համակարգի հարց լուծել։ Դա կլուծի ՍԴ յոթ անդամների հարցը։ 

Ավելի վատ չի լինի, բայց մտավախություն կա, որ կարող է անկախության առումով առանձնակի տեղաշարժ էլ չլինել։ Լավագույն դեպքում դա կարող է օգնել, որ դատական համակարգում նախանշված ռեֆորմներին ՍԴ-ն չդիմադրի։ 

Այդ առումով գուցե ինչ-որ նպաստավոր դաշտ ստեղծվի։ Իսկ դատական ռեֆորմների համար կառավարող ուժը նախաձեռնել էր վեթինգի գործընթաց, որը կարծես միայն նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչներն էին մերժում որպես անհրաժեշտ ու լավ գործիք։

– Շատերը նշում են, որ հանրաքվեն նաև կառավարող ուժի վստահության հանրաքվե է: Եթե հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ թվով ԱՅՈ ձայներ չապահովվեն, ո՞րը պետք է լինի կառավարող ուժի հաջորդ քայլը: Նրանք պետք է հրաժարակա՞ն տան, թե՞ մտածեն այլ քայլերի մասին:

– Բնականոն զարգացման ճանապարհն ընկած պետություններում գուցե հենց այդպես էլ լիներ՝ կառավարությունը հրաժարական տար։ Այդպիսի գործընթացների մենք ականատես ենք եղել Մեծ Բրիտանիայում։ Բրեքզիթի հետ կապված գործընթացում երկու կառավարություն հրաժարական տվեց, և նոր ընտրություններ կազմակերպվեցին։ Մեր դեպքում կասկածում եմ, թե գործընթացը կարող է զարգացման նման սցենար ունենալ։ 

Կառավարող ուժը չի կարող այս հարցում սխալվել։ Անկախ նրանից՝ հրաժարական կտան, թե չէ, դա կլինի իրենց կառավարման վերջի սկիզբը։ Դրա համար պետք է բավականին համոզիչ լինեն քարոզչության շրջանում, ամեն ինչ անեն՝ քաղաքացիներին համոզելու, որ այս ճանապարհը ճիշտ է։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am