«Եթե ստորադաս է մեր հանրային գերակա շահին, պետք է ստիպել իր ձեռքով այդ տունը քանդել կամ ձեռքից խլվի, տրվի մանկապարտեզի կամ մանկատան». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, այսօր Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Երևանում ապօրինի առանձնատներ կառուցելու հարցին՝ նշելով, որ Երևանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: 

Նա Ռուստամ Բադասյանին հանձնարարել է այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու լուծումներ գտնել: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, իրավական ինչպիսի՞ կարգավորում է այն ենթադրում։

– Եթե Կառավարության նիստին որոշում է կայացվում, որպեսզի պարզվի՝ Երևան քաղաքում ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը ո՛ր փուլում է, կամ, ընդհանրապես, ապօրինի շինարարության ինչպիսի պատկեր մենք ունենք, պետք է գնալ սկզբից՝ հասկանալու, թե ընդհանրապես ինչպե՛ս են այդ հողամասերը հայտնվել այդ ինքնակամ շինություն ստեղծողների ձեռքին: Որովհետև ակնհայտ է, որ այդտեղ գոյություն է ունեցել կոռուպցիոն սխեմա, հակառակ պարագայում որևէ ձևով չէր կարող պատահել, որ այդ տարածքներում այդ մասշտաբներով, այդ ծավալներով այդպիսի հողազավթումներ իրականացվեին։ 

Այսինքն՝ մարդկանց տրվեր հնարավորություն՝ առանց քաղաքաշինական նորմերի, առանց տվյալ պահին գործող համապատասխան իրավական կարգավորումների, առանց տվյալ պահին գործող համապատասխան իրավանորմերի, շինթույլտվությունների, սեփականության իրավունքի ձեռքբերման պայմաններում կառուցել միլիոնավոր դոլարների հասնող առանձնատներ, նոր դրանից հետո դիմել համայնքի ղեկավարությանը, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարան, այդ տարածքները օրինականացնելու խնդրով։ 

Այստեղ ակնհայտ է, որ կոռուպցիոն մեխանիզմ է գործել։ Այսինքն՝ ի՞նչ են պայմանավորվել այն ժամանակվա իշխանությունները տվյալ դեպքում այդ շինությունների սեփականատերերի հետ՝ դուք դրեք կառուցեք, մենք հետո կօրինականացնենք։ 

Հիմա այս ամբողջ ցիկլը պետք է բացահայտել՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։ Դաշտը պետք է մանրամասն ուսումնասիրվի, թե ընդհանրապես արդյոք պահպանվել են քաղաքաշինական նորմերը, Երևանի գլխավոր հատակագծի պահանջները, արդյոք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով արգելված հողամասերը չեն զավթվել։ 

Սա Հողային օրենսգրքի այն նորմն է, որով արգելվում է որոշակի կատեգորիաների հողամասերի վաճառք։ Ընդհանրապես պետք է պարզել՝ արդյոք Մոնումենտի այգին ենթակա էր որևէ ձևով քարտեզագրման և կացնային վերաբերմունքի, այսինքն՝ ծառը կտրենք, տեղը ասֆալտ փռենք։ 

Եվ եթե մենք խնդիր ենք ուզում լուծել, այն պետք է մակերեսային չլինի, որ ասենք՝ սրա տունը դուրներս չի գալիս, եկեք ստուգենք սրա փաստաթղթերը, տեսնենք՝ օրինական է, թե օրինական չէ։ Ընդհանրապես պետք է կոնցեպտուալ, հայեցակարգային մոտեցում ցուցաբերել։ Ենթադրենք որոշեցինք, որ ապօրինի է, ի՞նչ ենք անելու, քանդելո՞ւ ենք։ 

Նման քաղաքական որոշում կա՞, նման համաձայնություն կա՞։ Եթե կա, ուրեմն բռավո, ես ծափահարում եմ, եթե վերականգնում են նախկին անտառը։ 

Ուզում եմ հասկանալ՝ մենք սրանով ի՛նչ խնդիր ենք ուզում լուծում։ Եկան, ուսումնասիրեցին դատախազությունը, իրավապահ մարմինները, բոլոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ միլիոնավոր դոլարների այդ բոլոր շինությունները ապօրինի են։ 

Ի՞նչ ենք անելու, քանդելո՞ւ ենք, ստիպելու ենք քանդի տեղը ծա՞ռ տնկի։ Եվ ամենակարևոր խնդիրը՝ այստեղ այնքան կարևոր չէ գործադիր իշխանության նիստում արված հայտարարությունները, որքան ՏԻՄ-ի։ Վերջիվերջո, մեր օրենսդրությունը սահմանազատում է ՏԻՄ-երին գործադիր իշխանությունից. և այստեղ ավելի շատ անելիք ունի Երևանի քաղաքապետարանը։ 

Եվ եթե Երևանի քաղաքապետարանը կհանգի հետևության, որ գործող իրավանորմերը բավարար չեն իր իրավասությունների շրջանակներում լուծում տալու խնդրին, նոր հասկանանք՝ ի՛նչ լուծում է անհրաժեշտ։ 

– Ի՞նչ լուծում է անհրաժեշտ։

– Կա խնդիր, ուսումնասիրության արդյունքում խնդիրը չպետք է անձնավորվի, համալիր պետք է դիտարկվի, և երկրորդ՝ ընտրովի մոտեցում չպետք է ցուցաբերվի։ Արդյունքում պարզվեց՝ բոլորը ապօրինի են, կա՞ քաղաքական որոշում չօրինականացնելու, եթե չկա, ի՛նչ ենք անելու այդ ապօրինի շինությունների հետ։

– Օրինականացնելը և պետությանը մեծ գումար վճարելը արդյոք տարբերակ չէ՞։

– Եթե այսպես թե այնպես խոսքը գնում է օրինականացման մասին, եթե քաղաքաշինական նորմերն ապահովված են, բնականաբար, ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացում կադաստրային արժեքով այդ գումարները պետք է մուծվեն համայնքային բյուջե։ 

Իսկ եթե պարզվեց, որ քաղաքաշինական նորմերին չեն համապատասխանում, հողհատկացումների արդյունքում խաթարվել է Երևանի գլխավոր հատակագծի նկարագիրը, արդյունքում՝ հանրային գերակա շահը ստվերվել է։ 

Իսկ հանրային գերակա շահն այն էր, որ Երևան քաղաքը զրկվել է Մոնումենտի այգուց։ Եկել են մի քանի հոգի, զավթել են և դղյակներ են այդտեղ կառուցել։ 

Հիմա հարցը հետևյալն է. մենք քաղաքական որոշում կայացնում ենք դրանք օրինականացնելո՞ւ, թե՞ վերականգնում ենք քաղաքի նախկին տեսքը։ Կամ եթե չեք վերականգնում տեսքը, ի՛նչ արդյունք ենք արձանագրում։ Արձանագրո՞ւմ ենք, որ խաթարվել են Երևան քաղաքի տեսքը, Երևանի հատակագիծը, քաղաքաշինական նորմերը՝ այս հարցերի պատասխանը պետք է տրվի։ 

– Վարչապետն ասաց, որ եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ պետք է կիրառենք և գնանք առաջ։ Դա ի՞նչ ազդեցություն կունենա։

– Ես մնում եմ իմ կարծիքին, որ ՀՀ-ում գործող բոլոր իրավական կարգավորումները բավարար են և տալիս են հնարավորություն քաղաքական կամքի առկայության պայմաններում վերացնելու ցանկացած խախտում, ընդամենը պետք է քաղաքական որոշում կայացնել։ 

Եվ անկախ նրանից՝ ումն է, ինչն է, երբ է կառուցվել, ինչ կոռուպցիոն ռիսկի արդյունքում է կառուցվել, նախ կոռուպցիոն ռիսկի համար պատասխանատվության ենթարկենք, և երկրորդ՝ եթե հակասում է Երևան քաղաքի ճարտարապետությանը, հատակագծին և ընդհանրապես մեր ապագային և ստորադաս է մեր հանրային գերակա շահին, պետք է ստիպել իր ձեռքով այդ տունը քանդել, կամ ձեռքից խլվի, տրվի մանկապարտեզի կամ մանկատան, որ հասկանան։ Ես սրա կողմնակիցն եմ։

Մանե Հարությունյան

MediaLab.am