«Եթե համաճարակը տարածվի հնարավոր է հանրաքվեն հետաձգվի․․․ բայց փաստ է, որ համաճարակը չի տարածվում»․ Սոֆյա Հովսեփյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Տիկի՛ն Հովսեփյան, այս օրերին քննադատություններ են հնչում այն մասին, թե ինչո՞ւ են Ծաղկաձոր տարել կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունցած անձանց։ Դուք ինչպե՞ս եք գնահատում հակահամաճարակային միջոցառումները, որքանո՞վ ենք պատրաստ դիմակայելու կորոնավիրուսին։

– Բավարարն ու ոչ բավարարը ես չպետք է գնահատեմ, այլ համաճարակաբանները։ Այն, ինչ տեսնում եմ այսօր, վստահեցնում եմ՝ համարվում է բավարար։ Դա ամբողջությամբ գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում և նրանց պատասխանատվության տակ։ Նրանք վստահեցնում են, որ բավարար է։ Իհարկե, ես կարող եմ որոշ հարցեր բարձրացնել, որոնք ակնհայտ են, երբեմն տեսնում ենք մարդկային գործոնով պայմանավորված անփութություն, որը ցանկացած ոլորտում լինում է։ Դա զուտ արժեհամակարգային, անբարեխղճության խնդիր է։

Ես կարծում եմ, այո՛, մեր առողջապահության համակարգը պատրաստ է, որովհետև փաստը ցույց է տալիս, որ ունենք պատրաստված բժիշկներ, և այն պարագաներով, որոնց անհրաժեշտությունը կա, բուժհաստատությունները հագեցած են։ Իսկ եթե մեծ համաճարակ գրանցվի, երկիրն այդ պարագայում պատրաստ չի լինի։ Եթե մեծ ու հարուստ երկրներն ունեցան խիստ անհրաժեշտություն՝ մեկ կամ երկու օրում կառուցելու հիվանդանոց, բոլորիս համար էլ տրամաբանական է, գիտենք, որ մեր երկիրը տնտեսապես այդքան հարուստ չէ, որ մեկ օրում այդ ծավալների հիվանդանոց կառուցի։ Թեև ես վստահ եմ, որ մեր երկրում խնդիրն այդքան խոր չի լինի։

– Իրանի հետ սահմանի փակումը ճի՞շտ որոշում էր։

– Այո՛, իհարկե, կասեցվում է, այսինքն՝ խոչընդոտ է առաջանում հիվանդության մուտքի համար երկիր։ Իհարկե ոչ ոք չի կարող ապահովագրված լինել, որ չի գալու առհասարակ, փաստացի արդեն եկել է, բայց ծավալների մեծացման առումով պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Ես կարծում եմ, որ մարդու կյանքը շատ ավելի կարևոր է, քան սահմանի փակման տնտեսական հետևանքները։ Բոլորս էլ գիտենք, որ եթե թեկուզ կես օր սահման է փակվում, դա տնտեսական խնդիր է։ Բայց փաստացի մարդու կյանքի ու առողջության խնդիրը մեզ համար առաջնային է։

– Դուք ահազանգել էիք, որ չնայած հայտարարվել է դպրոցներն ու մանկապարտեզները փակելու մասին, բայց որոշ մանկապարտեզների տնօրեններ աշխատակիցներին աշխատանքի էին կանչել։ Պարզվե՞ց, թե ինչ էր կատարվել։ 

– Ես արդեն պարզել էի, թե ովքեր էին այդ տնօրենները, գիտեի, թե որտեղից են եկել այդ ահազանգերը, տեղեկատվությունը տրամադրել եմ ԶԼՄ-ներին, քաղաքապետարան ու վարչական շրջաններ։ Նրանք նախ պետք է պարզեն, թե ինչու է համար 137 մանկապարտեզի տնօրինությունը, անտեսելով նախարարի հրահանգը, պահանջել աշխատանքի գալ։ Երկրորդ՝ ինչո՞ւ քաղաքապետարանը չի հրահանգել իր ենթակակառույցներին՝ չպահանջել ուսուցիչների ու դաստիարակների պարտադիր ներկայանալն աշխատանքի։ Եվ կարևոր է այս ձևաչափը, թե ի՞նչ է տեղի ունենում, որ հետագայում այս ճնշումներն ու հետապնդումները չլինեն։

Արդեն երեկվանից նախարարի հրամանով հստակեցվեց, որ աշխատանքի չգնալուց ոչ ոքի աշխատավարձը պահելու խնդիր չկա։ Եթե խնդիրը չլուծվի, ապա խիստ պետք է պատժվեն, որովհետև փաստացի խախտում են նախարարի հրամանը։

– Ինչո՞ւ են որոշ դեպքերում նման կամայական գործունեություն ծավալում կրթական հաստատությունների ղեկավարները։ 

– Հին սովորույթի համաձայն են գործում, որովհետև այդպես է եղել նախկինում՝ երբ արձակուրդ է եղել, ուսուցիչը պարտադիր պետք է գար, որ աշխատավարձ ստանար։ Հաշվի չեն առնում ռիսկեր, երկրում փոխված իրավիճակ, ճգնաժամ և այլն։

Արդեն քննարկվո՞ւմ է այն հարցը, թե կորոնավիրուսի պատճառով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն հնարավոր է հետաձգվի։ Դուք ինչ եք կարծում, պե՞տք է հետաձգվի։

– Իհարկե, եթե համաճարակը տարածվի հնարավոր է հանրաքվեն հետաձգվի․․․ Բայց փաստ է, որ համաճարակը չի տարածվում։ Եվ եթե որոշակի խնդիրներ առաջանան, մեզ համար կարևորը քաղաքացին է։ Բայց այս պահին նման քննարկումներ ու մտավախություն չկան։

– Բայց իշխանությունը կարծես պասիվ է ԱՅՈ-ի քարոզչության հարցում։

– Բնական է, որ պասիվ պետք է լինի, որովհետև այս պահին, երբ դպրոցներն ենք փակում, մի փոքր եսասիրություն կլինի գնալ մեծ խմբերով քարոզչության։ Ընդամենը կազմակերպչական հարցեր կան, որոնք իրականացնում ենք, թեկուզ բուկլետների տարածումը։

-Արդյոք սա բացասաբար չի՞ ազդի հանրաքվեի վրա մասնակցության առումով։

– Որևէ կերպ չի ազդի, որովհետև եթե մենք մեկ շաբաթ ուշադիր ու զգուշավոր մոտենանք, թույլ չտանք, որ վարակը տարածվի, ապա մեկ շաբաթ հետո արդեն քարոզարշավ կանենք։

– Կան կանխատեսումներ, թե ԱՅՈ-ի համար անհրաժեշտ 650 հազար ձայնը գուցե չհավաքվի, մասնակցությունը ցածր լինի։

– Դա ընդդիմության երազանքն է, բայց այդպես չի լինի։ Ես վստահ եմ, որ այդ 650 հազար ձայնից ավելի էլ կլինի, որովհետև մարզերում մարդկանց հետաքրքրվածությունից ու վերաբերմունքից ակնհայտ է, որ կմասնակցեն։ Այն, ինչի մասին մենք խոսում ենք, մարզերում մարդիկ հիմնականում կիսում են մեր տեսակետը։ 

Ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե Սահմանադրական դատարանը ոչ մի դեր չունի մարդու կյանքում, փորձում է այս լոզունգը վերցնել ու առաջ գնալ։ Եվ եթե նրանք կարծում են, որ Սահմանադրական դատարանը պետք է կենցաղային հարց լուծեր, արժեհամակարգային ու արժանապատվության խնդիրները պետք է ոտնահարեր, ապա սխալվում են։ 

Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Սահմանադրական դատարանի ելակետային դերը որն է։ Եթե այն որևէ դեր չունի մարդկանց կյանքում, ապա կարող է մարդկանց գրպաններից չվճարվել ու չգործել։ 

Այսինքն՝ մարդիկ հստակ հասկացե՞լ են, թե ինչ խնդիր է լուծվում այս հանրաքվեով։

– Իհարկե, իսկ ինչո՞ւ եք մտածում, որ չպետք է հասկանային։

– Պարզապես միշտ եղել է տեսակետ, որ համապետական ընտրություններին ավելի շատ մարդ է մասնակցում, իսկ հանրաքվեներով մարդիկ հետաքրքրված չեն։

– Իհարկե, մարդիկ հանրաքվեների հանդեպ անտարբեր են եղել, որովհետև նախորդ հանրաքվեները միշտ եղել են կեղծ, բռնի ուժով, գումարով ու ստիպողաբար։ Իսկ այսօրվա հանրաքվեն հիմնված է գիտակցության վրա։ Եվ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները գիտակցաբար կմոտենան հարցին։

– Նաև տեսակետներ կան, թե սա Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն է իրականում, որ իշխանությունը փորձում է չափել իր ուժերը։

– Ես չեմ պատրաստվում ամեն բամբասանք մեկնաբանել։ Եթե նրանք այդպես են կարծում, չարաչար սխալվում են։ Նիկոլ Փաշինյանն իր վստահության հանրաքվեն արդեն 2018 թվականին ապացուցել է։ Եվ նրանք թող չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ։ Գիտե՞ք ամբողջ խնդիրն որն է, երբ փորձում են ամեն կերպ ոսկին ցեխոտել։ Ոսկին, ինչքան էլ ցեխոտվի, միևնույն է՝ իր փայլը պահելու է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am