Եթե դիտորդներ չգան, Արցախում ընտրությունները կկեղծվեն, եթե եկան՝ վարակման վտանգ կա. Ըստ Բադասյանի՝ ընտրություննեը պետք է չեղարկվեն

«Մեդիալաբի» զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վտանգի պայմաններում Արցախում չեն չեղարկվել մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ 

– Եթե դիտորդներ չգան, ընտրությունների կեղծումն ակնհայտ է լինելու։ Իսկ եթե եկան՝ վարակման վտանգ է լինելու։ Երկու դեպքում էլ ընտրությունները պետք է չեղարկել։ Ընտրությունների օրը մեծ թվով մարդիկ են հավաքվելու տեղամասերում, և եթե վարակված, ինկուբացիոն շրջանում մարդիկ լինեն, տարածում է լինելու։ Պետք է ընտրությունները հետաձգվեն։

– Իսկ ինչո՞ւ չեն հետաձգում։ 

– Չեն ուզում հետաձգել, որովհետև իշխանություններն այս պահին վերարտադրվելու հնարավորություն ունեն։ Երևում է, որ Նիկոլ Փաշինյանին նույնպես ձեռնտու է վերարտադրության ձևաչափը, որովհետև կա ֆավորիտ ներկայացող երկու թեկնածու, և այդ երկու թեկնածուի դեպքում էլ դա ձեռնտու է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ հին ռեժիմին։ 

Նիկոլ Փաշինյանին դա ձեռնտու է, որովհետև Արցախում ունենալով ռևանշիստների իշխանությունն ավելի լեգիտիմ՝ ինքը դրանով արդեն ավելի է զգոնացնում ՀՀ քաղաքացիներին, որոնք նախկինների գործունեությունից դրդված պետք է ստիպված իր կողքին լինեն։ Դա հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին հանգիստ պաշտոնավարել առնվազն մինչև հաջորդ ընտրություններ, ապա նաև՝ դրանից հետո։ Կարծես թե Փաշինյանը եկել է նրա համար, որ անընդհատ փրկի ժողովրդին նախկիններից։

– Պարո՛ն Բադասյան, պաշտոնապես հայտարարվեց, որ նմուշառում է կատարվել երեք պայմանագրային զինծառայողներից, քանի որ նրանցից մեկի ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Հիմա փորձում են հասկանալ՝ վարակ կա՞ զինծառայողների շրջանում, թե՞ ոչ։ 

– Այդ զինծառայողը Էջմիածնից է վերադարձել, և նրան առանց ստուգելու սահմանից անմիջապես մեկուսացրել են։ 

– Այնուամենայնիվ, երբ կա այսպիսի վտանգ, որ վիրուսը կարող է ներթափանցել բանակ, ի՞նչ է մտածում Արցախի ղեկավարությունը, որ անտեսելով այդ ամենը՝ չի հետաձգում ընտրությունները։

– Ես կարծում եմ, որ վիրուսի՝ բանակ ներթափանցելու հարցում առաջին մտահոգությունը պետք է լինի ՀՀ իշխանությունների և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։ Եթե Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, և չեղարկվել է հանրաքվեն, ի՞նչ տարբերություն Հայաստանի և Արցախի միջև։ Սա էլ հո մանիպուլյացիոն քաղաքականություն չի, որ ասեն՝ Արցախը առանձին հանրապետություն է։ 

Դե ֆակտո մենք միասին ենք, ամեն օր տաքսիները գնում-գալիս են, շփումը մեծ է։ Սահմանին միայն ջերմությունն են ստուգում։ Այստեղից կարելի է հետևություն անել՝ կամ կորոնավիրուսը սխալ, մանիպուլյացիոն բան է, որին չպետք է հավատանք, իսկ եթե սա իրոք համաշխարհային համաճարակ է, ուրեմն Արցախը չպետք է այսպես անտարբեր լինի։

– Ամեն դեպքում հնարավո՞ր է, որ Արցախում իսկապես կորոնավիրուս չլինի, որքանո՞վ են պաշտոնական տվյալներն արժանահավատ։ 

– Եթե Արցախում ընդհանրապես կորոնավիրուս չլինի, ուրեմն ընդհանրապես, աշխարհում խայտառակ կլինենք, կասեն՝ էդ ի՞նչ է եղել, որ Արցախում ոչ ոք չի վարակվել։ 

Իհարկե, եթե վարակված է ամբողջ Հայաստանը, բնականաբար, կան կասկածներ, որ Արցախում էլ կա, բայց թաքցնում են։ Օրեր առաջ Քարվաճառում հայտնաբերվել է կորոնավիրուսի մի դեպք, որը մինչ օրս չի հրապարակվում։ Առանձին վայրերում կան կասկածներ և մեկուսացվածներ, մասնավորապես, Շուշիում, որ դեռ չի հրապարակվում։ 

– Եթե նույնիսկ չհաստատվի կորոնավիրուսով վարակվածության փաստ Արցախում, դուք կարծում եք, որ ընտրությունները պետք է հետաձգվե՞ն։

– Կարող է ընտրություններից 5 օր հետո անմիջապես հրապարակեն Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը և հայտարարեն արտակարգ դրություն։ Դրանից հետո չի կարելի ընդվզել, բողոքարկել ընտրությունների արդյունքները։ 

Օրինակ՝ դիտորդները չեն գա այստեղ, գիտեք, որ 1000-ից ավելի դիտորդներ պետք է գային Հայաստանից և միջազգային կազմակերպություններից, կգան ընդամենը 100-120 հոգի, կտեղակայվեն 10-20 տեղամասում, բայց ավելի քան 280 տեղամասում չեն կարող դիտորդները տեղակայվել, և քանի որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ դիտորդները կտեղակայվեն պատշաճ ժամանակաշրջանում՝ ընտրատեղամասերի բացվելուց մինչև փակվելը, ընդհուպ մինչև քվեների հաշվարկը, եթե չգան՝ ուրեմն կկեղծեն, կնկարեն, իսկ եթե գան՝ կմեծանա վարակի աստիճանը։ 

Ուրեմն ո՞րն է կարևոր՝ մարդու առողջությո՞ւնը, թե՞ ընտրությունը։ Ես գտնում եմ, որ կարևորը մարդու առողջությունն է, հիմնարար ազատությունը։ Դրա համար մենք դեռևս ամսի 19-ին հայտարարել ենք այդ մասին, հիմնավորել ենք և առաջարկել ենք կառավարությանը հետաձգել, բայց մեր հրապարակումից կես ժամ անց կառավարությունը պատասխանել է, որ ընտրությունը չի հետաձգվելու։ 

Ե՛վ նոր իշխանությունը, և՛ անձամբ Նիկոլ Փաշինյանը սրա մասին ոչինչ չեն խոսում, բայց կարո՞ղ է, չէ, վիրուսն այստեղ տարածվի, քանի որ չի վերահսկվում, և քանի որ մուտքը դեպի Հայաստան այստեղ ազատ է, Հայաստանում վարակվածների թիվն ավելի մեծանա։ Այսօր չկա, բայց վաղը լինելու է, հիմա արդեն Սյունիքում կա, վաղը հնարավոր է՝ այստեղ լինի։ Իսկ ընտրության օրը յուրաքանչյուր ընտրատեղամասում կարող է լինել հազար մարդ, ավելի քան 50-60 ընտրատեղամասում 1000 մարդուց ավելի է ներկայանալու, և լինելու են կուտակումներ, փակ տարածքում վարակն արագ կտարածվի։ 

Հիմա Հայաստանում մարդկանց հրահանգավորված է մեկուսանալ, տնից դուրս չգալ, իսկ այստեղ՝ մեկ ընտրատեղամասում հազար հոգի, վարակվելու հավանականությունը մեծանում է։ 

Այս ամենից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում նախկին ռեժիմի շահերը համընկնում են։ Անձամբ Նիկոլ Փաշինյանին ուղերձ եմ հղում, որ ինքը հետևի այս գործընթացին, պետք է անհապաղ հետաձգվեն ընտրությունները։

Մանե Հարությունյան

MediaLab.am