Եթե դու շփման գոտուց դուրս ես բերում քո դիտորդական առաքելությունը, Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն պիտի չանես. Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում տեղի ունեցած ընտրությունները: Թեև այդքան կոչեր հնչեցին, որ պետք է հետաձգել ընտրությունները, բայց դրանք անցկացվեցին, ու հիմա դեռ պետք է երկրորդ փուլ էլ անցկացվի: Կարո՞ղ ենք ասել, որ, ըստ էության, կրկին կորոնավիրուսի տարածման լուրջ վտանգի առջև ենք կանգնած: 

– Ես այն մարդկանցից եմ, որ այդ վտանգների մասին խոսել է: Այո՛, շատ վտանգավոր էր Արցախում ընտրություններ անցկացնել, որովհետև կորոնավիրուսի տարածումը ուժեղանում է Հայաստանում: 

Նաև ես կանխատեսել էի երկրորդ փուլ և ասել էի, որ երկրորդ փուլը կավելացնի կորոնավիրուսի տարածման վտանգն Արցախում: Բայց ընտրություններից դեռ մոտ 10 օր առաջ Արցախում քաղաքական որոշում կայացվեց, որ ընտրությունները պետք է անցկացվեն, ընտրությունները հետաձգելու վերաբերյալ հորդորները չլսվեցին: 

Այդուհանդերձ, ինչ վերաբերում է բուն ընտրություններին, այստեղ ակնհայտ դրական արդյունքներ կան՝ կապված նրա հետ, որ թեկնածուների թիվը բավական մեծ էր, նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն էին շատ: Մենք ականատես եղանք մեծ քաղաքական պրոցեսի, ինչը Արցախի համար դրական է: 

Առաջին անգամ է, որ այսպես մեծ թվով թեկնածուներ էին, այդ մասշտաբի քննարկումներ, դիսկուսիաներ եղան: Երկրորդ՝ մենք տեսանք, որ ընտրությունների օրը մեծ խախտումներ, մեծ բռնություններ չեն եղել: 

Այո՛, դիտորդական առաքելություններն ինչ-որ դիտողություններ անում են, դա նորմալ է, բայց որքան ես հասկացա, բռնության փաստեր, լցոնումներ, այսինքն՝ մեծ խախտումներ չեն եղել: Պարզ է, որ սա շատ դրական է: 

Քաղաքական բազմակարծությունն ապահովված էր, թեկնածուները բանավիճեցին, հանդիպումներ ունեցան ընտրողների հետ: Ավելին, փաստը, որ երկրորդ փուլ է տեղի ունենալու, նշանակում է, որ կանխորոշված չէր, թե ով պետք է հաղթի ընտրություններում: Դա ևս շատ դրական էր:

Իմ կարծիքով՝ ընդհանուր պրոցեսը, եթե աչք փակենք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, դրական էր: Սրան ավելացնենք նաև, որ ընտրություններին շատ ակտիվ էին քաղաքացիները: 

70 տոկոսից ավելի մասնակցությունը բավականին լուրջ թիվ է: Որքան ես եմ հասկանում, տարբեր թեկնածուների միջև քաղաքական բանավեճերը, մոտեցումները, առաջին հերթին՝ Արցախի հարցի լուծման վերաբերյալ, հուզում են հասարակությանը: 

Եվ շատ դրական է, որ Արցախի փոքր խորհրդարանում 5 խմբակցություն է ձևավորվելու: Պատկերացրեք՝ 35 հոգանոց խորհրդարանում կլինի 5 խմբակցություն, ինչը կապահովի բազմակարծություն: Հաղթող քաղաքական ուժը ստացել է 40 տոկոս, այլ ոչ թե 70-80 տոկոս:

Հիմա մնում է սպասել դիտորդական առաքելությունների հաշվետվություններին, տեսնենք, թե ի՛նչ կարգի խախտումներ են եղել, ի՛նչ անենք, որ երկրորդ փուլում դրանք չկրկնվեն: 

– Շատերը նշում են, որ երկրորդ փուլ կազմակերպելով ՝վարակի տարածման առումով դարձյալ վտանգվելու է բանակը՝ հաշվի առնելով զինծառայողների քվեարկությունը, նորից այդքան բնակիչներ գալու են ընտրատեղամաս։ Հնարավո՞ր է, որ սա վիրուսի բռնկում առաջացնի։ 

– Հույս ունեմ, որ այն քայլերը, որ իշխանություններն արեցին, օգուտ կտան։ Գիտեք՝ Հայաստանի հետ սահմանը փակեցին, Հայաստանից Արցախ մտնողները ստուգվում են և այլն։ 

Ընտրությունների օրը տեսաք, որ ամեն մեկին ձեռնոց, դիմակ էին տալիս, առանձին գրիչ։ Ես համոզված եմ, որ այդ կանխարգելիչ միջոցառումները կշարունակվեն, բայց նաև կիսում եմ այն կարծիքը, որ վտանգ կա։ Ե՛վ արդեն անցկացված ընտրություններից հետո կարող է բռնկում լինել, և՛ երկրորդ փուլից հետո։ 

Պետք է շատ իրատեսորեն նայենք իրավիճակին, Աստված տա, որ այդ կանխարգելիչ քայլերը կանխեն վարակի տարածումը։ 

– Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն էր տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ և նշել, որ ԵՄ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը, որ չի ճանաչում սահմանադրական ու իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ 

Հետո նաև նման հայտարարություն տարածեց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչպե՞ս եք գնահատում, որ իրար հերթ չտալով նման հայտարարություններ են տարածվում։

– Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը ևս մոտ ժամանակներս հայտարարություն կանի։ Չպետք է մոռանալ, որ Արցախի նախկին ընտրությունները նույնպես չէին ճանաչվում և՛ ԵՄ-ի կողմից, և՛ ԵԽ-ի, և՛ ԵԱՀԿ-ի կողմից։ 

Դա տեղի է ունենում մի շարք պատճառներով, նաև այն պատճառով, որ իրենք ասում են՝ բանակցություններ են ընթանում, կա գլխավոր ֆորմատ, և ցանկացած այլ զարգացում չեն ընդունում։ 

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ պետք չէ Արցախում այս ընտրությունները դիտել որպես Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող քայլ։ 

Դա նորմալ է, քանի որ միջազգային կազմակերպությունները հակված են լուծում ստանալ Մինսկի խմբի շրջանակում՝ բանակցությունների միջոցով։ Այնպես որ, նորություն չեն այդպիսի հայտարարությունները։ 

Ուղղակի ես ԵԱՀԿ-ին մի առաջարկ ունեմ անելու, որ այս հայտարարության հետ միասին թող հակամարտության գոտի վերադարձնեն Կասպշիկի գլխավորած դիտորդական խումբը։ 

Եթե դու շփման գոտուց դուրս ես բերում քո դիտորդական առաքելությունը, էդ դեպքում պետք չի Արցախում ընտրությունների վերաբերյալ հայտարարություն անել։ 

Պարզ է, որ վատ է, որ միջազգային դիտորդները չէին կարող գալ կորոնավիրուսի պատճառով, քանի որ տարբեր դիտորդներ, եթե նույնիսկ չճանաչված դիտորդներ են, բայց հայտնի պատգամավորներ են տարբեր երկրներից գալիս, դա ավելի լեգիտիմացնում էր ընտրությունները, բայց ինձ համար այդ ֆորմալ մասը այնքան էլ կարևոր չէ կորոնավիրուսի ֆոնին։

Մանե Հարությունյան

MediaLab.am