«Վարչապետը նման մեղադրանք հնչեցնելիս պետք է նաև պատրաստ լիներ օրինակներ նշել, հասցեական խոսել»․ Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, վարչապետը երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ լրատվական դաշտը կատաղած է։ Իսկապե՞ս նման երևույթ կա։

– Չգիտեմ՝ որքանով է կատաղած, չգիտեմ՝ որքանով է դա առհասարական տեղին բառ։ Կարծում եմ՝ դա վարչապետի կիրառելու բառ չէ, իհարկե, և նա իր էմոցիոնալ ելույթներում կիրառում է բառեր, որոնք հարիր չեն այդ պաշտոնին։ Հասկանալի է, որ վերջին տասնամյակների ընթացքում լրատվամիջոցները բևեռացել են ու բաժանվել քաղաքական ու տնտեսական ճամբարների և սպասարկում են իրենց քաղաքական հովանավորների շահերը, հետևաբար օգտվում են քաղաքական գումարներից։ 

– Վարչապետը «կատաղած» բառը գործածել է՝ թերևս ակնարկելով իր թիմի, ընտանիքի նկատմամբ հակաքարոզչությունը, որի մասին բազմիցս նաև խոսել է։ 

– Միևնույն է՝ շատ կոպիտ բառ է, շատ ավելի կոռեկտ կարելի էր գնահատականները տալ և դրանով եզրափակել։ 

– Ավելանում են լրատվամիջոցների դեմ զրպարտության, վիրավորանքի մասին հայցերը։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

– Դա, իմ կարծիքով, հետևանք է իմ վկայակոչած ԶԼՄ-ների բևեռացման, և նախևառաջ տարբեր քաղաքական ուժերի շահերը սպասարկելու հետ է կապված։ Մեծ հաշվով, քաղաքական պայքարը վաղուց տեղափոխվել է լրատվամիջոցների դաշտ, և այստեղ ցանկացած միջոցներ են կիրառվում։ Միջոցների մեջ խտրականություն չի դրվում։ 

Կարծում եմ՝ սրա մեղավորները քաղաքական ուժերի ղեկավարներն են, որոնք չեն ուզում սաստել, այլ հակառակը՝ որոշ դեպքերում խրախուսում են, որպեսզի ընդդիմախոսներին ոչ միայն քննադատեն, այլ նաև վարկաբեկեն ցանկացած միջոցներով։ Բնական է, որ այս պայմաններում և՛ դատական հայցերի քանակն է ավելանում, և՛ դրա հետ մեկտեղ լրատվամիջոցների սոցիալական առաքելությունն է մղվում հետին պլան։ Այդ պայմաններում լրատվամիջոցների հեղինակությունն է ընկնում է, և նրանց նկատմամբ վստահությունն է ընկնում։ Սա խիստ մտահոգիչ երևույթ է։

– Նա հայտարարեց, որ լրագրողների 70 տոկոսը և լրատվամիջոցների 99 տոկոսը իշխանություններից փող են ստացել։ Ի՞նչ եք կարծում, կա՞ն հիմքեր նման հայտարարություն անելու համար։

– Դա մեծ գաղտնիք չէ։ Մենք գիտենք, որ սփյուռքի նախարարությունից, մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետն է այդպիսի գումարներ հատկացրել լրատվամիջոցներին տարբեր պայմանագրերի շղարշի տակ։ Կարծում եմ՝ վարչապետը նման մեղադրանք հնչեցնելիս պետք է նաև պատրաստ լիներ օրինակներ նշել, հասցեական խոսել։ 

Եվ հիմա երևի ժամանակն է հրապարակել իմ թվարկած նախարարությունների, քաղաքապետարանի ֆինանսավորումն ստացած լրատվամիջոցների ցանկը։ Ես չեմ կարող ասել, թե վարչապետի մատնանշած թվերը որքանով են սխալ կամ ճիշտ, բայց որ լրատվամիջոցները պետական ատյաններից, նախկին իշխանավորներից սնվել են՝ դրանում կասկած չկա։

– Դուք ասում եք՝ լրատվամիջոցները հանրային շահը չեն ներկայացնում, չեն կատարում իրենց սոցիալական առաքելությունը, ներկայացնում են քաղաքական շահեր։ Կա՞ այս իրավիճակից ելք։ 

– Այստեղ համալիր մոտեցման անհրաժեշտություն կա՝ օրենսդրական փոփոխությունների, ինքնակարգավորման ինստիտուտի զարգացման, լրատվամիջոցների լսարանի մեդիագրագիտության բարձրացման։ Այս հարցերում իհարկե շատ կարևոր է ոչ միայն լրագրողական կազմակերպությունների, այլ՝ նախևառաջ որակյալ լրատվամիջոցների դերը, որոնք իրենց լսարանին պետք է որակյալ տեղեկատվությամբ ապահովեն՝ երկրորդ պլան մղելով ֆեյք լուրերը, մանիպուլյացիաները և այլն։

– Պարո՛ն Մելիքյան, դուք ձեր գործունեության ընթացքում լսե՞լ եք, որ այս կամ այն լրագրողը այսինչից այսքան գումար է վերցրել՝ այս կամ այն նյութը գրելու համար։ 

– Իհարկե, քրեական գործեր էլ կան հարուցված։ Գումարի շորթման փաստեր են ֆիքսվել, քրեական գործեր են հարուցվել։

– Հասկանալի է՝ դրանք մանր դեպքեր են եղել, խոշոր լրատվամիջոցների մասին է խոսքը։ 

– Կայացած լրատվամիջոցները՝ միգուցե ոչ, իհարկե։ Բայց մյուս կողմից էլ՝ կարելի է խոսել քողարկված ֆինանսավորման մասին։ Այդ ֆինանսավորման դրսևորումներից մեկը նախարարությունների, քաղաքապետարանի կողմից յուրային լրատվամիջոցներին ֆինանսավորելն է՝ ինչ-ինչ պայմանագրերի քողի ներքո։

– Ի՞նչ եք կարծում՝ վարչապետը և իր ղեկավարած լրատվամիջոցը մաքո՞ւր են եղել, որ ինքը հիմա այդպես խոսում է։

– Այդ հարցը երևի թե պետք է ուղղել հենց վարչապետին։ Ես, համենայնդեպս, փաստ չունեմ, որ «Հայկական ժամանակը» այն տարիներին ինչ-ինչ ֆինանսական գործարքների մեջ է եղել։ Ու քանի որ փաստեր չկան, դժվար է որևէ բան ասել այդ մասին։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am

MediaLab.am