«Հասարակությունը չի վստահում որևէ կոնկրետ հարթակի, որը զբաղված է փաստերի ճշտմամբ և կեղծ փաստերը ջրի երես հանելով». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, մեր հասարակության մեջ կարևոր խնդիր է դարձել տեղեկատվական անվտանգությունը: Ձեր կարծիքով՝ Կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ն է թերանո՞ւմ, թե՞ ընդհանուր կառավարման համակարգում կա այդ բացը:

– Ճիշտն ասած, ես նկատի ունեմ ոչ թե տեղեկատվական ազատությունը ազգային անվտանգության համատեքստում, այլ քաղաքացիների տեղեկատվական ազատությունը, որպեսզի իրենք ականատես չլինեն այն կարգի տեղեկատվական տարբեր պատերազմներին, կռիվներին, խառնաշփոթին, որը մեզ մոտ առկա է սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում: 

Այդ տեսանկյունից, կարծես թե, իշխանությունների մոտ պատասխանատվություն չկա: Տեսեք, թե իրենք ինչ բառապաշարով են իրենց դիրքորոշումները հայտնում, և ինչպես են արձագանքում, պատասխանում իրենց քաղաքական ընդդիմախոսների տարբեր հայտարարություններին: 

Դա այն ճանապարհը չէ, որով պետք է մեր քաղաքացիների տեղեկատվական ազատությունը ապահովվի: Նաև կան օրենքով նախատեսված միջոցներ, կա օրենքների որոշակի բարելավման հնարավորություն, որպեսզի մեզ մոտ այդ տեղեկատվական միջավայրը ավելի պարկեշտ ու անվտանգ դառնա: 

– Կա տեսակետ, որ մարդկանց պետք է իրազեկել կեղծ տեղեկատվության դեպքում: Մասնավորապես, վերջին շրջանում հնչում են պնդումներ, թե 5G չիպավորում են անում, կորոնավիրուսը բլեֆ է և այլն: Այս առումով արդյոք մեծ չէ՞ մեդիայի դերը, և եթե լրատվամիջոցի դերը մանիպուլյացիա անելն ու քաոս ստեղծելը չէ, ինչու են տրվում նման տեղեկատվական հոսքին: Եվ ի՞նչ անելիք ունի իշխանությունն այս հարցում:

– Այստեղ էլ իշխանությունը շատ անելիք ունի, մանավանդ կան մասնագիտացված կառույցներ, որ դրանով պետք է զբաղվեն: Ինձ թվում է՝ հիմնական խանգարող հանգամանքը, թե ինչու համապատասխան մեխանիզմները մեզ մոտ չեն աշխատում կամ արդյունավետ չեն աշխատում, այն է, որ քաղաքական ոչ քաղաքակիրթ բանավեճը դառնում է տարբեր կառույցների հիմնական զբաղմունք, և ցանկացած կեղծ տեղեկության նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է լինում քաղաքական նպատակներով ու դիրքորոշումներով: 

Դա է պատճառը, թե ինչու հասարակությունն ամբողջությամբ չի վստահում որևէ կոնկրետ հարթակի, որը զբաղված է փաստերի ճշտմամբ և կեղծ փաստերը ջրի երես հանելով: Համարյա ցանկացած այդպիսի փորձ ընկալվում է որպես մի քաղաքական ճամբարի կողմից մյուս քաղաքական ճամբարի դեմ գործողություն: 

Դա է պատճառը, որ հասարակության մի մասը կարող է վստահել մի աղբյուրին, մյուս մասը՝ մյուս աղբյուրին, բայց, ցավոք, չկա այնպիսի հարթակ, որին վստահում են բոլորը: Դա իրոք մեծ խնդիր է: 

– Կարո՞ղ ենք ասել, որ եթե նման վստահություն լիներ, այսօր հարյուրավոր քաղաքացիներ մատների արանքով չէին նայի երկրում ստեղծված կորոնավիրուսային իրավիճակին, ավելի զգուշավոր կլինեին: Այսօր շատերը կամ անտարբեր են, կամ չեն հավատում կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությանը: 

– Այո՛, քաղաքացիները, ցավոք, շատ դեպքերում ապակողմնորոշված են լինում: Եթե նույնիսկ կասկածներ ունեն որևէ տեղեկատվության նկատմամբ, իրենք հստակ կետ չեն տեսնում, որտեղ կարող են իրենց ստացած տեղեկությունը ճշտել և վստահել այդ աղբյուրին, որ եթե այդ աղբյուրը որևէ կասկածելի տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն է անում, ինքը դա անում է զուտ պրոֆեսիոնալ, ազնվության, արդարության, ճշգրտության տեսանկյունից, այլ ոչ թե որևէ քաղաքական կամ անձնական խնդիր լուծելու համար: 

– Լրատվամիջոցները, որոնք տրվում են այդպիսի մանիպուլյացիաների, կեղծ լուրերի, նրանց նպատակը հենց այդպիսի մանիպուլյատիվ լրատվության տարածո՞ւմն է, թե՞ լրատվամիջոցի կարևորությունն ու դերը չեն հասկանում:

– Այստեղ տարբեր մոտիվացիաներ կարող են լինել: Իրենց ողջ պատմության ընթացքում լրատվամիջոցները միշտ վազում են սենսացիաների հետևից՝ անկախ նրանից, թե որքանով է այդ սենսացիոն լուրը համապատասխանում իրականությանը: 

Այսինքն՝ ինչ-որ տեղ լայն իմաստով լրատվամիջոցին բնորոշ երևույթ է դա: Հաղթահարել, որ լրատվամիջոցներն ընդհանրապես որևէ սենսացիոն, նաև կեղծ բովանդակություն ունեցող լուրը բացարձակապես դադարեն տարածել, հնարավոր չէ, դա լինելու է: Դրա համար այսօր, երբ կան տեղեկատվության տարբեր ու բազմազան աղբյուրներ, անհրաժեշտ է ունենալ այնպիսի հարթակներ, որտեղ կարելի է ստուգել ցանկացած տեղեկություն: 

Մարդը կարող է ուղղակի որպես բամբասանք ընկալել որևէ սենսացիոն լուր, դրանից ուրախանա, տրամադրությունը բարձրանա, բայց դա չի նշանակում, որ ինքը պարտադիր պետք է հավատա այդ լուրին: Այսինքն՝ այդ կարգի լուրի տարածումն ինքն իրենով այդքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում: 

Վտանգն այն է, որ չկան աղբյուրներ, որտեղ կարելի է վտահությամբ համոզված լինել, որ գոնե այստեղ միայն ստուգված ու պատասխանատու տեղեկություն եմ ստանում, և ճշմարտությունը գտնում եմ: Այ սա է մեզ մոտ խնդիրը: Որ տեղեկատվական հոսքերը բազմազան են, դա միշտ էլ այդպես է եղել և բոլոր տեղերում է այդպես, բացի տոտալիտար պետություններից: 

Բայց մեր ցանկությունը չէ, որպեսզի մենք էլ հայտնվենք տեղեկատվության տեսանկյունից տոտալիտար միջավայրում: Բայց ունենալ վստահելի, որակյալ լրատվամիջոցներ, այնպիսի աղբյուրներ, որտեղ կարելի է ցանկացած տեղեկատվություն ստուգել և ստանալ համոզիչ մեկնաբանություն, դրա անհրաժեշտության խնդիրն է մեզ մոտ:

– Չե՞ք կարծում, որ Կառավարությանը կից տեղեկատվական ՊՈԱԿ-ը հենց պետք է այդ կեղծ տեղեկատվություններին արձագանքեր: Ասենք՝ կարդում ենք, որ ինչ-որ տեղ մեկը մահացել է, փող են տվել, որ գրվի, թե պատճառը կորոնավիրուսն է: Արդյոք նման կեղծ տեղեկատվություններին հակազդելու մեխանիզմներ չպե՞տք է ունենար այդ ՊՈԱԿ-ը:

– Այո՛, ես կարծում եմ, որ ՊՈԱԿ-ը պետք է փաստերի ստուգումն ընկալի ոչ թե որպես քաղաքական գործունեություն, այլ որպես հասարակության համար ծառայություն: Այդ կարգի ծառայությունը պետք է ազատ լիներ ինչ-որ քաղաքական շահերից: Այդ խնդիրը ՊՈԱԿ-ը նախկինում չի լուծել, այսօր մասամբ բարելավվել է գործունեությունը, բայց միաժամանակ ինքն ավելի շատ լուծում է օրվա կառավարության խնդիրները, քան սպասարկում է հասարակությանը: 

Այդ ուղղությամբ պետք է վերաիմաստավորվի այդ կառույցի գործունեությունը, և դրանով հենց կառավարությունը պետք է շահագրգռված լինի, որովհետև, ի վերջո, մանավանդ այդպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսին մենք ունենք այս վարակի պայմաններում, ուղղակի անհրաժեշտ է հասարակությանն ապահովել այդ կարգի տեղեկատվական ծառայություններով:

Դա երկրի կայունության համար է անհրաժեշտ և ավելի արդյունավետ կդարձնի ամբողջ կառավարության գործունեությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am