«Խանութ գնում էինք այբբենական կարգով, ազգանվան տառերով, ներսում ունեինք 20 րոպե ժամանակ». Ինչպես Մավրիկիում 39 օրում հաղթեցին կորոնավիրուսին

Հարավարևելյան Աֆրիկայում գտնվող Մավրիկի կղզի-պետությունում բնակվող լուսանկարիչ Քեթլին Մինեյրին (Khatleen Minerve) ապշել է, երբ մտերիմ հայ ընկերուհու՝ լուսանկարիչ Էմմա Գրիգորյանի հետ զրույցում հարց է տվել կորոնավիրուսի համավարակի Հայաստանի իրավիճակի, տեմպերի և գրանցված նոր դեպքերի մասին։ 

Նա նշում է, որ Մավրիկիում առաջին դեպքերն արձանագրվել են մարտի 18-ին, այսինքն՝ Հայաստանից շատ ավելի ուշ, սակայն շնորհիվ համալիր միջոցառումների և սահմանափակումների, այսօր իր երկրում ոչ մի նոր դեպք և վարակակիր այլևս չկան։ 

«Մայիսի 18-ին խոսում էի ընկերուհուս հետ, և ասաց, որ Հայաստանում միայն այդ օրը ավելի քան 300 կորոնավիրուսի նոր դեպք է արձանագրվել, սարսափելի է: Ես հասկանում եմ, որ մարդիկ ուզում են շփվել, բայց դա շատ անպատասխանատու քայլ է, սա արտակարգ իրավիճակ է։ Ես կարծում եմ՝ շատ բան է կախված կառավարությունից, ղեկավարությունը պետք է իշխանությունը իր ձեռքը վերցնի և այնպես անի, որ մարդիկ լսեն և հետևեն»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Մավրիկին համարվում է Աֆրիկայի ամենագրավիչ երկրներից մեկը՝ շնորհիվ կլիմայի, բնության, օվկիանոսի։ Այն գտնվում է Մադասկարի աջ ափին։ Այս կղզին, կարելի է ասել, շնչում և ապրում է զբոսաշրջությամբ։ Սակայն երկրում առաջին դեպքերի հետ մեկտեղ այնպիսի խստացումներ դրվեցին և սահմանները փակվեցին, որ հնարավոր եղավ երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում իրավիճակը լիովին վերահսկողության տակ առնել։ 

Մավրիկիում առաջին դեպքը գրանցվել է մարտի 18-ին։ Ինչպես պատմում է Քեթլին Մինեյրը, վարակակիրը եկել էր Լոնդոնից և չէր հետևել տանը մնալու կանոններին, դուրս էր եկել և շփվել էր բարեկամների, ընկերների, ծանոթների հետ։ 

Մարտի 18-ից հետո դեպքերն աճում են կղզում։ Ընդհանուր դեպքերի քանակը հասնում է 322-ի, գրանցվում է 10 մահ, սակայն ապրիլի 26-ից հետո նոր դեպքեր չեն արձանագրվել։

Քեթլին Մինեյրը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ կղզում վարակի տարածումը հնարավոր է եղել կանխել՝ շնորհիվ կառավարության ընդունած խստագույն կանոնների և դրանց հետևելու արդյունքում։



«Մենք հիմա վիրուսից ազատ ենք»,- ուրախությամբ ասում է Քեթլին Մինեյրը։

Նշում է, որ սկզբում մարդիկ լուրջ չէին վերաբերվում և շփվում էին իրենց հարազատների, ընտանիքի անդամների հետ, ոմանք գնում էին լողափ, չէին կրում դիմակներ և վարակվում էին։

Ինչպես Մինեյրն է ասում՝ վարակի տարածումը կանխելու համար կառավարությունը խիստ մեթոդների է անցնում։

«Առաջին բանը, որ արվեց՝ ասվեց մնալ տանը, որևէ մեկն իրավունք չուներ դուրս գալու, ամեն ինչ փակվեց, փակեցին սուպերմարկետները, շատ խիստ մոտեցում էր։

Քեթլինը նշում է, որ շուրջ մեկ շաբաթ փակ են լինում խանութները, երբ համոզվում են, որ սուպերմարկետները կարող են ապահով լինել հաճախորդների համար, բացվում են։

Մինչ օրս տնից դուրս գալու համար պարտադիր է դիմակ և ձեռնոց կրելը, առանց դրա չի թույլատրվում տնից դուրս գալ։ Խանութներ գնալու համար մինչ օրս գործում են խիստ սահմանափակումներ։

«Մենք կարող ենք գնալ խանութ՝ այբբենական կարգով՝ մեր ազգանվան տառերով, օրինակ՝ իմ ազգանունը սկսվում է «Մ» տառով, ես կարող եմ գնալ միայն երեքշաբթի և ուրբաթ։ Այլ մարդիկ, օրինակ՝ երկուշաբթի և հինգշաբթի։ Սուպերմարկետի առաջ գրված է՝ «Չկա դիմակ, չկա մուտք»։ Ունես միայն 20 րոպե՝ գնումներ կատարելու համար։ Դու պետք է արագ վերցնես այն, ինչ պետք է, և դուրս գաս»։

Ասում է, որ երեխաներին ընդհանրապես չի թույլատրվում մտնել խանութ, ծերերը՝ նույնպես, նախընտրելի է, որ չգնան։ Խանութների առջև կան վերահսկողներ, որոնք ջերմաչափում են իրականացնում։

Երկրում արգելված էր երեկոյան ժամը 8-ից հետո առհասարա փողոց դուրս գալ։ Ոստիկանական ուժերի կողմից փողոցներում խիստ հսկողություն էր իրականացվում։

«Ոստիկանությունը ստուգում է նույնականացման քարտը և ուղեցույց տալիս։ Դու կարող ես գնել ամեն ինչ, բայց 3 հատից ոչ ավելի:Կառավարությունը ևս կարիքի մեջ գտնվող մարդկանց համար ուտելիք է առաքում»,- ընդգծում է Քեթլին Մինեյրը։

Թեպետ կանոնները և սահմանափակումները շատ խիստ են, և մարդիկ ուրախ չեն այդ առիթով, սակայն, ինչպես Մինեյրն է ասում, մարդիկ գնահատում են, որ այժմ ապահով են և առողջ։ 

Քեթլին Մինեյրը պատմում է, որ իր եղբոր կինը երեխա է ունեցել, երբ կորոնավիրուսը ամբողջ թափով էր ընթանում։ Եղբորը չեն թույլատրել ներկա լինել ծննդաբերությանը։  Նրան թույլ չեն տվել տեսնել կնոջն ու երեխային, միայն այն բանից հետո են թույլատրել, երբ կորոնավիրուսի թեստ են վերցրել եղբորից, կնոջից և երեխայից։

«Անգամ, երբ նրանք տուն գնացին, ընտանիքի անդամներից ոչ մեկին թույլ չեն տվել այցելել: Այդքան խիստ էր կանոնը։ Եվ ես չեմ տեսել իմ եղբոր երեխային ծնվելուց ի վեր: Միայն տեսազանգով եմ տեսել: Անցել է ավելի քան մեկ ամիս: Ես կհանդիպեմ նրան, երբ ապահով լինի իրավիճակը»,- նշում է նա։

Քեթլին Մինեյրը նշում է, որ մինչ այժմ շատ հանրային վայրեր, բիզնեսներ չեն գործում։ «Որոշ ռեստորաններ, որոնք թույլտվություն ունեն, աշխատում են։ Պետք է վստահ լինեն, որ բոլոր աշխատողներն ապահով են և ունեն բավական տարածք՝ սոցիալական հեռավորություն պահպանելու համար։ Շատ ռեստորաններ ունեն առաքման ծառայություն։ Փակ են լողափերը, փակ են մարզասրահները և այլն։ Ամբողջ աշխարհում մինչև չկարգավորվի իրավիճակը, մենք պետք է պահպանենք կանոնները, կրենք դիմակ և ձեռնոց»։

Մինեյրը նշում է, որ հանրային տրանսպորտը գործում է, սակայն այստեղ ևս կան կանոններ, պետք է պահպանվի սոցիալական հեռավորությունը։ Այն աթոռներին, որոնց վրա չի կարելի նստել, գրառմամբ նշված է նստարանի վրա։

«Կարծում եմ՝ այս կանոնները կարևոր էին, շատ մարդիկ կորցնում են աշխատանքը, տուրիստներ նույնպես չկան, որը մեր երկրի համար տնտեսական կարևոր նախապայման է։ Սա դժվար ժամանակ է, մարդիկ ուրախ չեն այս մեթոդների կիրառումից, բայց նրանք առողջ են։ Դա աշխատեց»։ 

Տեսնելով Մավրիկիի հաջողված փորձը՝ Մինեյրը Հայաստանում բնակվող մարդկանց հորդորում է տնից դուրս չգալ և ռիսկի տակ չդնել առողջությունը:

«Դուք ունեք շատ լավ ուտելիքի առաքման ծառայություն, եթե ամեն ինչ ձեզ առաքվի, պետք չի տնից դուրս գալ, պետք չի գնալ ռեստորան, ընտանիքի անդամներին տեսնել, տան անդամներին ռիսկի տակ դնել, պետք է համբերել 1-2 ամիս, մնացեք տանը, որից հետո բոլորը ազատ կլինեն։ Եվ կտեսնեք, որ որևէ դեպք չի լինի, ինչքան շուտ դուք դա անենք, այնքան շուտ վիրուսից ազատ կլինեք»,- նշում է Մինեյրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am