«Երևանի կենտրոնում տան գներն ավելի բարձր են, բայց մարդիկ սերնդեսերունդ ապրում են, ի՞նչ անեն, իրենց պապենական տունը վաճառե՞ն».տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը


Պարո՛ն Ավետիսյան, գույքահարկի բարձրացման մասին նախագիծը դժգոհություն է հարուցել։ Արդյոք գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունը որքանո՞վ էր նպատակահարմար հիմա։

– Նախ ասեմ, որ սա ընդհանուր հարկային բարեփոխում կոչվածի շարունակությունն է, որն սկսվեց նախորդ տարի՝ եկամտային հարկի համահարթեցմամբ։ 

Մենք դեռևս այն ժամանակ Դաշնակցության դիրքորոշումը հայտնեցինք և նաև հստակ հակափաստարկներ էինք բերում, որ այդպիսով վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը, որը շատ կարևոր է հատկապես այն երկրների համար, որտեղ աղքատության բարձր պահպանվող մակարդակ կա։ 

Իսկ մեր երկրում դա 25 տոկոս է։ Եվ կա նաև աշխատող աղքատների մեծ բանակ, աշխատողների մոտավորապես քառորդ մասը շարունակում է աղքատ մնալ՝ աշխատելով հանդերձ։ 

Եվ այսպիսի իրավիճակում, նաև հիմք ընդունելով մեր Սահմանադրությամբ սահմանված տնտեսական կարգը, որը պետք է լինի սոցիալական ուղղվածության, եկամտային հարկը միանշանակ պետք է լիներ իրական պրոգրեսիվ սանդղակով։ Դա կնպաստեր, որ առաջին հերթին և ավելի արագ աճեին ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները։

Եվ սրան որպես հակափաստարկ օրվա իշխանությունները այն ժամանակ բերում էին այն, որ շուտով գույքահարկով կլուծեն այդ խնդիրը, և գույքահարկը պրոգրեսիվ սանդղակով կսահմանեն։ 

Բայց ի սկզբանե հայտնի էր, որ գույքահարկի պրոգրեսիվ սանդղակ սահմանելով՝ անհնար է լուծել և լիարժեք ապահովել հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը։ Այլ կերպ ասած, գույքահարկի սանդղակի այս պրոգրեսիվությունը չի կարող փոխարինել եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակին։ 

2 միլիոն դրամ եկամուտ ստացողի եկամտային հարկը 36 տոկոսից իջեցնում են 23 տոկոս, իսկ աշխատող աղքատի մինչև 150 հազար դրամ աշխատավարձը նույնկերպ շարունակում են 23 տոկոսով հարկել, և որևէ հարկային բեռ չի նվազում այստեղ։ Այս խնդիրը շարունակելու է մնալ։

Բայցևայնպես, նաև միջազգային փորձը նայելով՝ բարձր ապահովվածություն ունեցող երկրների պրակտիկայում թե՛ եկամտային հարկը, թե՛ գույքահարկը, այո՛, ունեն պրոգրեսիվ հարկման մոտեցում և դրույքաչափեր։ Այս իմաստով, կարծում եմ, դրական է, որ անցում ենք կատարում պրոգրեսիվ հարկման, մանավանդ որ այս մոտեցման բովանդակության մեջ կա նաև շքեղությունը հարկելու մոտեցումը։ Սա դրական է և կարող է որոշակիորեն սոցիալական արդարության խնդիր լուծել։

Մյուս կողմից՝ հանվում է գույքահարկի չհարկվող շեմը, և ստացվում է, որ բոլոր գույքերն են հարկվելու, չնայած իշխանություններն ասում են, որ ցածրարժեք գույքը քիչ է հարկվելու։ 

Բայց այստեղ խնդիրը չափը չէ, այլ այն, որ չհարկվող շեմը հանվում է։ Իմ կարծիքով՝ ներկա սոցիալական իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է պահպանել այդ չհարկվող շեմը։ Եվ շատ կարևոր է, որ նաև նկատի ունենանք հարկման բազայի ձևավորումը։ 

Տեսեք՝ պրոգրեսիվ գույքահարկ՝ առաջին հայացքից նպատակի տեսանկյունից դրական է, սոցիալական արդարության տեսանկյունից ընկալելի մոտեցում, բայց երբ խորանում ենք մեխանիզմների մեջ, առաջին հերթին չհարկվող շեմը հանվում է։ Երկրորդ՝ հարկման բազայի հիմքում դրվում է կադաստրային արժեքը, որի որոշիչներից է նաև տարածաշրջանը, որտեղ գտնվում է գույքը։

– Ա՛յ հենց այդ հարցն են շատերը բարձրացնում։ Մարդիկ հարուստ չեն, բայց Երևանի կենտրոնում ունեն բնակարան, արդեն ավելի շատ հարկ պետք է վճարեն։

– Այո՛, Երևանի կենտրոնում բնակարան ունեցողի գույքահարկը բարձրանալու է, այնինչ շատ մարդիկ տարիներ առաջ իրենց պապերից ու ծնողներից են ժառանգել այդ գույքը։ Այսինքն՝ ինչ է ստացվում՝ այդ մարդուն ստիպե՞նք, որ իր պապենական տունը վաճառի, գնա ծայրամասո՞ւմ ապրի։ Առանց այն էլ այդ մարդկանց ունեցվածքը դա է։ Այդ մարդկանց թվում քիչ չեն նրանք, ովքեր այսօր աղքատության նպաստով են ապրում, չնայած Երևանի կենտրոնում են, կամ իրենց եկամուտները բավարար չեն նույնիսկ նվազագույն ծախսերը հոգալու համար։

– Այսինքն՝ մի իրավիճակ կարող է առաջանալ, որ մարդիկ սկսեն վաճառե՞լ կենտրոնում գտնվող իրենց բնակարանները։

– Այո՛, որովհետև եթե մարդը չկարողանա գույքահարկի պարտականությունները կատարել, կա՛մ պարտքեր պետք է կուտակի, որը, ի վերջո, հանգեցնելու է սեփականության վաճառքի, կա՛մ ի սկզբանե պետք է որոշում կայացնի ստիպված գույքը վաճառել։ Այո՛, այս մասով կա սոցիալական արդարության խնդիրը։

Մյուս խնդիրն այն է, որ չի բացառվում, որ լինեն բազմաթիվ քաղաքացիներ, որոնք Երևանում կամ Երևանից դուրս իրենց պապենական առանձնատներն ունեն։ Հայ մարդն ընդհանուր առմամբ սիրում է տուն կառուցել։ Եվ մեր շրջապատում շատերն են տարիներ շարունակ քարը քարին դնում, ամեն սերունդ մի բան ավելացնում է, արդյունքում՝ ստացվում է մեծ տուն ու տարածք։ Բայց դա այդ մարդկանց պապենական տունն է։ Այսինքն՝ այս մանրուքների մեջ է հիմնական խնդիրը։

Իսկ ինչպե՞ս պետք էր լուծել գույքահարկի արդար համակարգ ունենալու հարցը՝ շքեղության հա՞րկ սահմանել, թե՞ այլ լուծումներ էլ կան։ Իշխանությունները պատճառաբանում են, որ տարիներ շարունակ գույքի կադաստրային արժեքները ցածր են եղել, և գանձվող հարկը կհաշվարկվի ոչ թե տվյալ գույքի կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։

– Նախ՝ ես կարծում եմ, որպեսզի մենք կարողանանք տարբերակված մոտեցում ունենալ, առաջին հերթին պետք է չհարկվող շեմ լինի։ Երկրորդ՝ շատ կարևոր է հաշվի առնել անշարժ գույքի կառուցման ժամանակագրությունը։ Այսինքն՝ պրոֆեսիոնալ մոտեցում ու լուծումներ հաստատ կան։

Այսինքն՝ բարձր գույքահարկ սահմանել ինչ-որ թվականից սկսած կառուցված շքեղ տների վրա՞։

– Այո, նոր կառուցված ու որոշակի ստանդարտներով։ Կադաստրային արժեքի որոշման տարբեր գործոններ էլ կան, բացի գտնվելու տարածաշրջանից և շուկայական գնից։

Որոշակիորեն կադաստրային արժեքը պետք է ֆիլտրվի իմ ասած գործոններով։ Այսինքն՝ եթե այդ մարդու պապենական տունն է, և որևէ կերպ դա նոր կառուցված դղյակ ու շեղքություն չէ, ապա մոտեցումը պետք է ավելի մեղմ լինի։

Գաղտնիք չէ, որ Երևանի կենտրոնում տան գներն ավելի բարձր են։ Բայց մարդիկ սերնդեսերունդ ապրում են այդ տներում, հիմա ի՞նչ անեն, իրենց պապենական տունը վաճառե՞ն, որովհետև այսօր ծայրը ծայրին հասցնելով իրենց սոցիալական հոգսը չեն կարողանում հոգալ։ Այս հարցը պետք է լուծվի։

Սկզբունքն այստեղ պետք է լինի այն, որ նման քաղաքացիների համար իրենց գույքի գույքահարկը չպետք է աստղաբաշխական թվերով բարձրանա, տրամաբանական բարձրացում պետք է լինի։

Այո՛, տարբերություն պետք է լինի կենտրոնի ու ծայրամասի միջև, բայց ոչ այն ձևով, որով այս սկզբունքն է։ Տարբերակված մոտեցումը պետք է այդ խնդիրները լուծի, հակառակ դեպքում կառաջանա սոցիալական դժգոհություն, որովհետև մարդիկ նաև իրենց մանկությամբ ու հիշողություններով են կապված իրենց տների հետ։

Իսկ որ բարձրարժեք գույքերը պետք է հարկվեն էապես բարձր, ես կարծում եմ՝ և՛ սոցիալապես է արդար, նաև ճիշտ է։

Եթե մարդը որոշել է թանկարժեք առանձնատուն ունենալ և ապրել դղյակում, շատ լավ, նորմալ է։ Հասարակության մեջ պետք է լինեն նաև հարուստ մարդիկ, ինչը շատ նորմալ է, բայց նրանք շատ պետք է վճարեն։

Սկզբունքը ողջունելի է, և ճիշտ կլիներ, որ կառավարությունը այս սկզբունքը կիրառեր՝ շատից՝ շատ, քչից՝ քիչ։ Այսինքն՝ շատից վերցնում ենք շատ, քչից վերցնում ենք քիչ, և, այո՛, դա սոցիալական արդարության սկզբունքի ներքո է։

Ես կարծում եմ՝ հետագա քննարկումների ընթացքում առնվազն պետք է հույս ունենանք, որ լուծումներ կգտնեն, որպեսզի նորից չստացվի, որ մի խնդիր լուծեցինք, փոխարենը մի քանի խնդիրներ առաջացրեցինք։

Ռոզա Հովհաննիսյան

Medialab.am