«Սկզբից անհասկանալի էր, գիտեինք՝ սովորական սուր շնչառական վարակ է, չէինք պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու». բժշկուհին՝ առաջնագծից

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատոր Լենա Նազարյանը Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին իսկ դեպքից եղել է առաջնագծում։

Դեռևս փետրվար ամսին Լենա Նազարյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ստանալով մասնագիտական պրակտիկ գիտելիքներ՝ չէր էլ կարող պատկերացնել, որ առաջիկայում տևական պայքարի մեջ է ներգրավվելու աշխարհին նոր մարտահրավեր նետած վիրուսի դեմ։

«Քանի որ գտնվում էինք ինֆեկցիոն հիվանդանոցում, առաջին իսկ օրվանից ներգրավվել եմ այս ամեն ինչի մեջ, հենց առաջին դեպքի հայտնաբերման ժամանակից եղել ենք այնտեղ։ Թեպետ փետրվար ամիսն էլ այդ առումով խառն էր, կասկածելի դեպքեր էին գալիս Չինաստանից, բայց, դե, խուճապ չկար, վախ չկար այն ժամանակ, չէինք պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կլինի, ոնց որ հիմա։ 

Ամենասկզբից անհասկանալի էր, մենք գիտեինք՝ սովորական սուր շնչառական վարակ է, հնարավոր է՝ գրիպի նման, բայց բարդություններն արդեն ընթացքում ենք տեսնում, թե ինչպես է հիվանդությունը զարգանում։ Մենք չէինք պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու։ Մենք էլ, կլինիկական օրիդինատորներ լինելով հանդերձ, արդեն աշխատում ենք որպես բժիշկներ և հերթապահում ենք որպես բժիշկ»,- նշում է Նազարյանը։

Բժշկուհին ասում է, որ ծանր և պատասխանատու է աշխատանքը։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց են գալիս հիմնականում ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդները, որոնց մոտ առկա են ուղեկցող ծանր քրոնիկական հիվանդություններ, որոնք ունեն թթվածնի կարիք։ 

Նրա խոսքով՝ քանի որ բուժանձնակազմի մեջ էլ արդեն կան վարակվածներ, բժիշկների մի մասն էլ գերհոգնել է, և մասնագետների պակաս կա, առավել դժվարացել է աշխատանքը, սակայն չեն հուսահատվում։



«Որոշ դեպքերում ստիպված ենք որոշում կայացնել, բայց, իհարկե, ունենք ավագ բժիշկներ, որոնց հետ խորհրդակցում ենք, եթե ինչ-որ բան այն չի լինում։ Չգիտեմ՝ ի՞նչ ուժ կա մեր մեջ, չգիտեմ՝ այս ամեն ինչը հաղթահարելու ցանկությո՞ւնն է, թե՞ ինչ մեզ ուժ տալիս, իրոք համարյա չենք հոգնում՝ շատ քիչ ժամանակ հանգստանալով»,- նշում է նա։

Ասում է, որ երբեք հիվանդանոցում անձնակազմի միջև այսքան մտերմություն չի հաստատվել, ինչպես հիմա։ 

«Կոլեկտիվը, անկեղծ եմ ասում, դարձել է մի ընտանիք՝ բուժքույր, մայրապետ, բժիշկ։ Ամեն մեկս մյուսի հանդեպ շատ հոգատար ենք, եթե մեկը հոգնած է, ասում ենք՝ եկեք, հանգստացեք։ Այս իրավիճակի հաղթահարման ցանկությունը մի գաղափարի շուրջ համախմբվելու, միմյանց ավելի լավ ճանաչելու առիթ տվեց»,- նշում է բժշկուհին։

Ամիսներով տուն չի գնացել, ընտանիքին կարոտել է, բայց այդ մասին մտածելու անգամ ժամանակ չունի․ «Այնքան լարված ենք, օրվա ընթացքում ժամանակ չի լինում հեռախոսով խոսելու ծնողներիս հետ»։ 

Բժշկուհին ասում է, որ չնայած գիտեին վիրուսի բարդության մասին, սակայն չէին պատկերացնում, որ վարարակիրների մոտ այդքան հաճախակի կհանդիպի։

Ասում է՝ ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ լինում է շնչարգելություն, թթվածնի խիստ պակաս արյան մեջ:

«Այս վիրուսը միանգամից բռնկուն կերպով առաջացնում է երկկողմանի ծանր թոքաբորբ, թոքային հյուսվածքի մեծ ծավալով ախտահարում, որը շատ արագ բերում է թթվածնային քաղցի, առաջացնում է դժվարաշնչություն, գլխուղեղի թթվածնի պակաս։ Հիվանդությունը ավելի ծանր են տանում հիմնականում ճարպակալում ունեցող հիվանդները, որը կապված է իրենց թոքերի ճնշվածության հետ։ Ճարպակալված մարդկանց մոտ ավելի դժվար է լինում էդ շնչառությունը»,- նշում է բժշկուհին։

Նազարյանն ասում է, որ հիվանդների չսիրած ախտանշանը համի ու հոտի կորուստն է. «Մտնում ես հիվանդի մոտ, ամենածանր ախտանշանը երևի դժվարաշնչությունն է, բայց ինքը բողոքում է, որ համ ու հոտ չի զգում»։ 

Ասում է, որ լինում են նաև հիվանդներ, որոնք ունեն թեստի դրական պատասխան և վատ ինքնազգացողություն, սակայն չեն հավատում կորոնավիրուսով վարակված լինելու փաստին։

«Ունեցել ենք հիվանդ, որի մոտ հաստատվել էր, բայց ինքը չէր հավատում, որ իր մոտ վիրուս է: Զրուցել ենք հիվանդի հետ՝ հասկացնելով, որ չհավատալով իրեն ոչ մի օգուտ չի լինելու, էստեղ ոչ մեկը շահ չունի էս վիրուսը հորինելու։ Կան մարդիկ, որոնք մտածում են, որ այս ամեն ինչը բիզնես է, բժիշկները վարձատրվում են այս վիրուսը հորինելու համար։ Ասում են՝ սովորական թոքաբորբ է, էս վիրուսը չլիներ, մենք էլի էինք հիվանդանալու։ Ունենք հոգեբանական ծառայություն, հոգեբանների հետ զրուցելուց հետո ամեն ինչ կարգավորվում է»,- ասում է Նազարյանը։

Բժշկուհին  չի կարողանում կանխատեսում անել, թե երբ այս ամենը կավարտվի, բայց հույս է հայտնում, որ կանոնների պահպանման դեպքում առաջիկա ամիսներին դեպքերը կնվազեն: «Անկեղծ ասած, չեմ կարող հստակ ասել՝ երբ կավարտվի, բայց, կարծում եմ՝ աշնանը նվազում կունենանք, գոնե աշնան սկզբի ամիսներին, համենայն դեպս, հույս ունենք»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am