Մարդկանց տրամադրությունն ընկել է, գինին չի սպառվում․ Գինեգործները Կառավարությանն առաջարկում են գնալ շոկային լուծումների

«Մեդիալաբի» հարցազրույցը Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ։

– Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ վիճակում են Հայաստանի գինեգործները։ Ճգնաժամը որքանո՞վ է ազդել նրանց վրա։

– Շատ վատ է դրությունը՝ արտահանման կորուստ ունենք, նվազել է մոտ 50 տոկոսով, ներքին շուկայում ունենք 60-70 տոկոս նվազում, սեզոնը մոտենում է, մթերման հետ կապված խնդիրներ են առաջանում, տարաները լիքն են, տեղ չկա, որ մթերվի, գումարներ չեն գալիս, նախորդ վարկերը չեն երկարացնում։ Ընդամենը  2-3 ամսով վարկային արձակուրդ տվեցին, բայց դա ամբողջ ծանրությունը տեղափոխեց օգոստոս-սեպտեմբեր ամիսների վրա։ Մի խոսքով, վատ է վիճակը, լավ չի։ 

– Ինչի՞ հաշվին է սպառումը նվազել։ 

– Նախ՝ գնողունակությունն է ընկել, մարդկանց տրամադրությունն է ընկել, չկան հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, չկան տուրիստական հոսքեր։ Մարդիկ քիչ են հաճախում խանութներ, փաբերը, բարերը չկան։ Մի խոսքով, սպառումը շատ կտրուկ ընկել է։

– Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում ելքը այս վիճակից։ Կառավարությունն ինչպե՞ս կարող է աջակցել ոլորտին։

– Կառավարությունը երկու քարի արանքում է, ի՞նչ անի Կառավարությունը։ Երկու մեծ հարց կա՝ տնտեսություն և գյուղացիություն։ Կառավարությունը հիմա վարկերը երկարաժամկետ է տրամադրում ու առանց տոկոսի, դա թույլ է տալիս, որ մենք մթերենք, բայց ամենամեծ հարցն այն է՝ որտե՞ղ մթերենք, եթե չունենք անհրաժեշտ տարաներ, ինչո՞ւ մթերենք, եթե նախորդ տարվանը դեռ կա, և չգիտենք՝ ինչ անենք դա։

Ամբողջ խնդիրը Ռուսաստանի մեջ է․ ՌԴ-ն մեր գինիների սպառման 70 տոկոսն է ապահովում, կոնյակների՝ 90 տոկոսը։ Արդեն շուրջ երկու շաբաթ է՝ սկսվել է ակտիվացումը, տեղից շարժվում է։ Եթե այս տեմպերով գնաց, մենք տարին կփակենք – 20 տոկոսով, այսինքն՝ 20 տոկոս կորուստ կունենանք։ Եվրոպական շուկաները մի քիչ շուտ են ակտիվացել, ինչը խոստումնալից է։

Այստեղ Կառավարությունն անելիք չունի։ Մի երկու բան պետք է խնդրենք, որ անի այս Կառավարությունը։

– Ի՞նչ խնդրեք։ 

– Նախկին վարկային ռեսուրսները չեն երկարացվել և ընդամենը բանկերին թույլ է տվել կամ խրախուսել է, որ բանկերը վարկային արձակուրդ տան։ Գոնե պետական վարկերի մասով, որ մասնավոր միջոցներ չեն, երկարացնի անցած տարվա տված վարկերը, որոնց վերջնաժամկետն ավարտվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Գոնե երեք-չորս ամսով որ երկարացնեին, նախատոնական գնումների շնորհիվ բեռը կքչանար։

Կառավարությունը պետք է բիզնեսի այլընտրանքային դաշտեր ստեղծի, օրինակ՝ թույլ տա, որ կոնյակի սպիրտ կարողանանք սարքել, որը երեք տարի հետո վաճառենք, որովհետև դա մեծերի մենաշնորհն է։ Հիմա շատ լավ պայմանով Կառավարությունը վարկ է առաջարկում՝ այգի տնկելու համար 7-8 տարով վարկ՝ առանց տոկոսի։ Բայց, միաժամանակ, Կառավարությունը պետք է մի քիչ ճկուն լինի վարկերի մեջ, որ կարողանանք նոր այգիներ տնկել։

Բացի այդ, պետք է ցուցաբերել սելեկտիվ մոտեցում, վարկերի ծախսման ազատություն թույլատրել։ Մենք մտածում էինք՝ երեք ամիս կլինի, ստացանք օգնություն Կառավարությունից, վճարեցինք այդ երեք ամսվա ծախսերը, բայց ճգնաժամը երկարում է։ Ցավոտ է, բայց Կառավարությունը պետք է սելեկցիա կատարի՝ շատ թույլերին ու անորակ արտադրողներին չօգնի։

Շոկային մոտեցումներ են պետք։ Իսկ Կառավարությունն էլ ռեսուրս չունի, որ բոլորին օգնի։ Ցանկացած ճգնաժամ ունի մաքրող հատկություն։

– Պարո՛ն Հարությունյան, Կառավարությունից շատ են հնչում հայտարարություններ, որ ճգնաժամը պետք է օգտագործել նոր հնարավորությունների համար։ Դուք գինեգործության ոլորտում ի՞նչ նոր հնարավորություններ եք տեսնում։

– Դա բացարձակ ճշմարտություն է․ բոլոր ճգնաժամերի ժամանակ հարուստները հարստացել են, աղքատները՝ աղքատացել, ուժեղները ուժեղացել են, թույլերը՝ թուլացել։ Այս պարագայում պետությունը պետք է կարողանա այնպես անել, որ հարուստների ու աղքատների միջից ստեղծի միջին խավ և օգնի, որ այդ խավը չկործանվի։

Ճգնաժամի ամենալուրջ մարտահրավերը սա է, որովհետև, տեսեք՝ բանկերը հարստանում են, միլիոնատերերն ավելի են հարստանում են, իսկ ցանկացած պետության արդարության կոնցեպտի հիմքում միջին խավն է, որի փրկության համար պետք է ամեն ինչ անել։ Հենց միջին խավն է, որ ստեղծում է բուֆեր, որ կարողանում է ճկուն լուծումներ գտնել, միջին խավն է, որ գտնվում է ազնիվ ու մաքուր դաշտում։ 

Հայաստանը մինչ այժմ ապրել է երեք ճգնաժամ, և բոլոր այդ ճգնաժամերի ժամանակ կար համակարգային կոռուպցիա, և փողերը գնում էին որոշակի մարդկանց գրպանները։ Այս ճգնաժամի լավն այն է, որ համակարգային կոռուպցիա չկա, և Կառավարության ձեռքերն ազատ են, ունի լեգիտիմություն, բայց ուղղակի քաղաքական դաշտը հիմա շատ սպեկուլյատիվ է, ցանկացած քայլ ուղղվում է Կառավարության դեմ։

Մինչդեռ ցանկացած ճգնաժամ ենթադրում է ծանր սոցիալական լուծումներ, որովհետև հնարավոր չէ բոլոր շերտերի համար լավ որոշումներ կայացվեն։ Հիմա քաղաքական դաշտը, որ այսքան հիվանդ է ու հետևանք է 30 տարվա կրիմինալ համակարգի, օգտագործելու է ներքևի շերտերին, որ ամենախոցելի են, մղի քաղաքական պայքարի, ստիպի Կառավարության ռեսուրսներն ուղղել այլ ուղղությամբ։ Սա է մեր ողբերգությունը։

Մենք այլևս չենք ունենա հնարավորություն նման լեգիտիմ Կառավարություն ունենալու, և այս Կառավարությունը չպետք է մտածի հաջորդ ընտրություններում դրական արդյունքի մասին ու գնա կոշտ, կտրուկ, ճիշտ, շոկային լուծումների։ Այդ լուծումներից էր, օրինակ՝ գույքահարկի փոփոխությունը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am