Կորոնավիրուսի պայմաններում կանգ է առել Եվրամիության երկրներից հայերի հարկադիր վերադարձի գործընթացը. Միգրացիոն ծառայության պետ

Լուսանկարը՝ «Հետք»

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում կանգ է առել Եվրամիության անդամ երկրներից հայերի հարկադիր վերադարձի գործընթացը։ Այս փուլում կտրուկ նվազել են նաև Եվրամիության անդամ երկրներից ստացվող ռեադմիսիոն հայցերը։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Քանի որ հարկադիր վերադարձի հոսքը հիմնականում Եվրամիության անդամ երկրներից է, մենք աշխատել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որ հենց առողջապահական նկատառումներով հնարավորինս պակասեցնեն ու դադարեցնեն գործընթացը։ 

Եվ մեծ մասամբ ընդառաջել են մեզ։ Եղել են որոշ դեպքեր, երբ որոշ երկրներ իրենց քաղաքացիներին պետք է Հայաստանից տանեին, և այդ ընթացքում վերադարձրել են մեր քաղաքացիներին։ Մի քանի դեպքեր են եղել, իսկ ընդհանուր այս ընթացքում շատ լավ համագործակցել ենք իրենց հետ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հարկադիր վերադարձվողների համար աջակցության պետական ծրագիր է իրականացվում։ 

Ապրիլ ամսին Կառավարությունը հաստատել է աջակցության ծրագիրը, ըստ որի՝ եթե անձը հարկադիր վերադարձվում է Հայաստան, ու այստեղ ընդհանրապես բնակության վայր չունի, Միգրացիոն ծառայությունը վեց ամսով ամսական 60 հազար դրամ բնակարանի վարձավճարի փոխհատուցում է տրամադրում այդ անձանց։ 

«Այդ ծրագիրն արդեն մի քանի շահառու ունի, շահառուները դեռ քիչ են, քանի որ, ինչպես ասացի, այս փուլում մարդիկ չեն վերադարձվում։ Մենք այս ծրագրի մասին արդեն տեղեկացրել ենք եվրոպացի գործընկերներին, որ նրանք էլ տեղերում տեղեկացնեն քաղաքացիներին, որ իմանան՝ Հայաստան վերադառնալով իրենց կացարանի հարցը գոնե ժամանակավորապես լուծվում է»,- նշում է Արմեն Ղազարյանը։

Այս ծրագրից այս տարի կարող է օգտվել 40 ընտանիք, քանի որ, ըստ մասնագետի, կացարանի կարիք ունենում է հիմնականում հարկադիր վերադարձողների 10 տոկոսը։ 

Վերջին տարիներին աճել է Եվրամիության անդամ երկրներից ստացվող ռեադմիսիոն հայցերի թիվը։ Հարկադիր վերադարձվողների վիճակագրություն որպես այդպիսին չկա, հիմք են ընդունվում ռեադմիսիոն հայցերը։

2019 թվականին ՀՀ միգրացիոն ծառայությունը ԵՄ անդամ երկրներից ստացել է 870 ռեադմիսիոն հայց։ Հայկական կողմը դրական է պատասխանել դրանց 87.20 %-ին։ 

2018 թվականին ԵՄ անդամ երկրներից 989 ռեադմիսիոն հայց է ստացվել՝ 1995 անձի վերաբերյալ: Հաստատվել է հայցերի 82.92%-ը:

2017 թվականին ԵՄ անդամ երկներից ստացվել էր 869 ռեադմիսիոն հայց՝ 1743 անձանց վերաբերյալ: Հայցերի 82.24% տոկոսին հայկական կողմը դրական պատասխան է տվել:

Այս տարվա վիճակագրությունը, հայտնի պատճառներով, դեռ չկա, ռեադմիսիոն հայցեր ևս գրեթե չկան այս փուլում։

«Մենք եվրոպական երկրների մեծ մասի հետ աշխատում ենք էլեկտրոնային համակարգով, ռեադմիսիոն հայցերը հիմա կտրուկ նվազել են, համակարգում հայցեր գրեթե չեն մնացել։ Բայց մեր կոմունիկացիան եվրոպացի գործընկերների հետ անընդհատ կա։ Նրանք ասում են, որ սահմանները բացվելու դեպքում էլի կան դեպքեր, որ մարդիկ պետք է վերադարձվեն։ Դեռևս թվային տվյալներ չեմ կարող ասել, որովհետև դա կիմանանք այն դեպքում, երբ ռեադմիսիոն հայցերը մուտքագրվեն համակարգ»,- ասում է նա։

Արմեն Ղազարյանն ընդգծում է, որ միգրացիան այն ոլորտն է, որի վրա մեծ ազդեցություն է թողել Covid-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակը։ 

«Միգրացիոն գրեթե բոլոր գործընթացներն ու ոլորտներն իրենց վրա զգացել են այդ ազդեցությունը։ Մուտքը դեպի երկիր օտարերկրացիների մասով սահմանափակվել է, ՀՀ քաղաքացիների մասով չի կարող սահմանափակվել, որովհետև մենք այս առումով ունենք սահմանադրական կարգավորում։ Փախստականության, ապաստանի, աշխատանքային միգրացիայի ոլորտները հիմնականում կանգնած են։ Իսկ վերադարձի ոլորտն ակտիվանում է՝ երկրի քաղաքացիները հետ են գալիս»,- ասում է մասնագետը։

Արտակարգ դրության պայմաններում մեծ է եղել այն ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք տարբեր երկրներից ցանկացել են վերադառնալ Հայաստան։ Նրանց վերադարձը կազմակերպվել է տարբեր չարտերային չվերթերի միջոցով։

«Հետաքրքիր ֆենոմենն այն էր, որ այս վերադարձի հոսքը կամավոր էր։ Մարդիկ իրենք իրենց կամքով վեր էին կենում ու գալիս էին, կամ պետության կազմակերպված վերադարձ էր, որը նույնպես կամավոր էր»,- նշում է Ղազարյանը եւ հավելում, որ կամավոր վերադարձի հիմնական հոսքը Ռուսաստանից է եղել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am