«Մեդիալաբի» հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ
– Պարո՛ն Սանդիկով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց հայկական ատոմակայանի վրա հարձակվելու մասին։ Ինչ էր դա ձեր կարծիքով՝ վախեցնելու փո՞րձ, թե՞․․․
– Ես դա համարում եմ անհեռատես քայլ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից։ Ոլորտին անտեղյակ մարդը նույնիսկ գիտակցում է, որ դա ոչ միայն հարված է տվյալ երկրին, այլ նաև ամբողջ տարածաշրջանն է վտանգի տակ դնում։ Ի վերջո, դա կարող էր սպառնալիք լինել նաև իր եղբայրական Թուրքիայի համար։
Հետևաբար, ես կարծում եմ, որ սա իրենց համար քաղաքական առումով շատ վտանգավոր քայլ էր, որովհետև մենք մեր դիվանագիտական խողովակներով ամբողջ միջազգային հանրությանը նաև տեղեկացրել ու բարձրաձայնել ենք այդ խնդիրը։
Կարծում եմ՝ դա կունենա հետևանքներ նաև երկարաժամկետ տեսլականով․ Ադրբեջանի հետ հետագա երկկողմ հարաբերություններ կառուցող պետությունը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ կրիտիկական պահերին այդ երկիրը նման հռետորաբանությամբ սպառնում է պայթեցնել այլ երկրի տարածքում գործող ատոմակայաններ։ Կարծում եմ՝ դրա հետևանքները մենք շատ ու շատ անգամ կլսենք։
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ միջազգային արձագանքը։
– Շատ հետաքրքիր պահ կա այս հարցում․ մեր դաշնակից երկրները հանդես են եկել խաղաղության կոչով և երկու կողմին էլ կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները, ապա դադարեցնել լարումը։
Ի հակադրումն դրա՝ Թուրքիան, որը համարվում է Ադրբեջանի դաշնակիցը, հանդես է եկել իրավիճակը սրող, ապակայունացնող, փաստացի պատերազմական վիճակում գտնվող կողմերից մեկին աջակցություն հայտնելու նախաձեռնությամբ։ Իսկ դա իրավիճակը է՛լ ավելի լարող է ու է՛լ ավելի սրող։
Այս հարցը երկարաժամկետ տեսլականում նույնպես կարող է արձագանք ունենալ։ Այստեղ կարևորը այն չէ՝ մեկ օր առա՞ջ, թե՞ մեկ օր հետո լսեցինք հայտարարությունները․․․ դատելով Ֆեյսբուքի դիմաց, բազմոցին նստած հրամանատարների մեկնաբանություններից՝ պետք է կարծել, թե ասել կուզի, որ ՀԱՊԿ-ի զորակազմը պետք է անմիջապես արձագանքեր ու ամբողջ կազմով կանգնած լիներ Տավուշի մարզի ամբողջ երկայնքով, մեզ հետ ուս ուսի տված պայքար մղեր։
Բայց կառույցին փոքր-ինչ տեղյակ մարդը գիտի, որ դրա համար կան պատշաճ պաշտոնական գործընթացներ՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի, որից հետո դաշինքի մեջ մտնող երկրները իրավունք ունեն որոշակի գործողություններ իրականացնել իրենց գործընկերոջը ռազմական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ այս լարված իրավիճակում ո՛չ տեղն է, ո՛չ էլ ժամանակն է նստել քննարկել, թե մեկ օր առա՞ջ լսեցինք այս հայտարարությունը, թե՞ մեկ օր հետո, հռետորաբանությունը մեզ դո՞ւր եկավ, թե՞ ոչ, բավականաչափ բոցաշո՞ւնչ էր հանրության պահանջը բավարարելու համար, թե՞ ոչ։
Մեր բանակային կորպուսը ինքն իրենով, նույնիսկ ամբողջ զինված ուժերը չներգրաված, կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրը, և այդ պատճառով կարծում եմ՝ առանձնապես կարիք չկա գոռգոռալ մեր դաշնակից երկրների օգնությանը ապավինող կոչերով։
– ՀԱՊԿ-ի հայտարարության բովանդակության վերաբերյալ որոշ շրջանակներ տարակուսանք հայտնեցին՝ նշելով, որ այն վերացական մի տեքստ էր ուղղված կողմերին և չէր պաշտպանում անդամ երկրին՝ Հայաստանին։ Դուք ի՞նչ կարծիքի եք։
– Այդ մտահոգ զանգվածի սպասելիքները հավանաբար այն էին, որ ՀԱՊԿ բոլոր երկրների զինված ուժերը մարտական կեցվածքով կանգնած լինեին Տավուշի սահմանին։ Էլի եմ ասում՝ մեր կարողությունները թե՛ այս պահին, թե՛ հեռանկարում ամբողջությամբ բավարարում են առանց այդ երկրների օգնության։ Իսկ ընդհանուր փիլիսոփայությունը այն է, որ մեր դաշնակից երկրները կոչ են արել երկու երկրներին միաժամանակ, առանց մեղադրանքի ու խաղաղության ուղերձներով։
– Այս օրերին որոշ շրջանակների կողմից նաև միտում կա հաղթանակը վերագրել ռազմական ստորաբաժանումների ղեկավար առանձին անհատների՝ տարանջատելով քաղաքական ղեկավարությանը։ Արդյոք այդպես կարո՞ղ է լինել։
– Պատասխանեմ հարցով՝ իսկ արդյոք արժի՞ մեր նյարդերը ծախսել նման սին ու նման մակարդակի քննարկումներ ունենալու համար։ Կարծում եմ՝ բոլորիս համար գաղտնիք չէ, որ վերջին երկու տարվա ընթացքում հատկապես մեր զինված ուժերի համալրվածությունը՝ թե՛ նյութատեխնիկական, թե՛ զինվորներին անհրաժեշտ կենցաղային առումով, շեշտակի աճ է եղել։ Թե՛ մեր բանակը, թե՛ երկիրը այս վերջին երկու տարիներին շեշտակի առաջընթաց են ունեցել, և, կարծում եմ, մեր այսօրվա հաջողություններում դա մեծ դեր ունի։
– Պարո՛ն Սանդիկով, այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարված վիճակին և ասել, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը։ Ինչ եք կարծում, կարո՞ղ է սա ազդել, որ լարվածությունը թուլանա։
– Անկեղծ ասած, չեմ հետևել, չեմ տեսել՝ կոնկրետ ինչ է ասել ՌԴ նախագահը, զերծ կմնայի արտահայտությունները մեկնաբանելուց։ Կարծում եմ՝ բոլոր կողմերն էլ օր առաջ շահագրգռված են, որ լարվածությունը թուլանա, և ես համոզված եմ, որ Հայաստանը նախաձեռնող կամ նախահարձակ չէ հակամարտությունում։
Եթե մեր ինքնիշխանության վրա որևէ մեկը փորձում է ոտնձգություն կատարել, ստանում է համարժեք շատ ուժգին պատասխան։ Ոչ ոք այս պահին չի ուզում լայնամասշտաբ պատերազմ, որը հղի է բազմաթիվ հետևանքներով։ Եթե խնդիրը ունի գոնե 1 տոկոս դիվանագիտական ճանապարհով լուծման տարբերակ, ուրեմն մենք պետք է ապավինենք այդ 1 տոկոսին։
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am