«Շաքարային դիաբետով հիվանդների համար կորոնավիրուսով վարակվելը ճակատագրական չէ, եթե ճիշտ ժամանակին դիմում են մասնագետի»․ էնդոկրինոլոգ

«Մեդիալաբի» հարցազրույցը «Էլիտ մեդ» և «Աղաբեկյան» բժշկական կենտրոնների էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ 

– Տիկի՛ն Աղաբաբյան, ինչո՞ւ են ասում, որ շաքարային դիաբետով հիվանդները համարվում են ռիսկային խումբ կորոնավիրուսի համար։

– Ոչ միայն շաքարային դիաբետը, այլև ցանկացած քրոնիկական հիվանդություն համարվում է ռիսկային կորոնավիրուսի համար։ 

Դիաբետը նույնպես համարվում է ռիսկային, ինչո՞ւ, որովհետև դիաբետով հիվանդները ցանկացած կողմնակի հիվանդություն ավելի բարդ են տանում, կորոնավիրուսը՝ նույնպես։ 

Նախ՝ օրգանիզմը ցածր դիմադրողականություն ունի, երկրորդ՝ հիվանդությունը երկար և ավելի դժվար է ապաքինվում։ Դա է խնդիրը, ահա թե ինչու մենք պացիենտներին հորդորում ենք հետևել իրենց։ 

Ե՛վ զարկերակային ճնշում, և՛ ճարպակալում, և՛ դիաբետ ունեցողները, ցանկացած քրոնիկական հիվանդ ավելի դժվար են ապաքինվում։ 

Բայց դա չի նշանակում, որ նրանք ավելի հաճախ են վարակվում, հիվանդանում։ Ո՛չ։ Ինչպես բոլորը, այնպես էլ նրանք։ Ուղղակի հաշվի առնելով ցածր դիմադրողականությունը, հիվանդությունից բխող բազմաթիվ դժվարությունները՝ նրանք դանդաղ, դժվար են ապաքինվում։

– Շաքարային դիաբետի դեպքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ կորոնավիրուսով վարակվելու դեպքում։

– Շաքարային դիաբետը առաջացնում է օրգանիզմի բոլոր տեսակի նյութափոխանակությունների խանգարում, որի հետևանքով առաջանում են բարդություններ, ընդհուպ՝ վաղաժամ հաշմանդամություն։ 

Ցանկացած դիաբետիկ այդ խնդիրը կարող է ունենալ։ Դիաբետի ամենամեծ բարդությունը անոթային բարդությունն է, այդ հիվանդությունը առաջին հերթին ախտահարում է անոթները։ Կորոնավիրուսն էլ իր հերթին՝ որպես ՌՆԹ պարունակող վիրուս, նույնպես ախտահարում է մարդու անոթային համակարգը։ 

– Ձեր պացիենտների թվում կա՞ն կամ եղե՞լ են կորոնավիրուսով վարակակիրներ։

– Այո՛, մենք ունենք, շատ են եղել դիաբետիկներ, որոնք, փառք Աստծո, ապաքինվել են, ունենք նաև, որոնք այս պահին տարբեր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում են պառկած։ 

Եղել են նաև բուժայցելուներ, որոնք կորոնավիրուսից բուժվել են ամբուլատոր պայմաններում, ընդ որում, նրանց բուժումը բավականին հաջող ընթացք է ունեցել։ 

– Այսինքն՝ կորոնավիրուսով վարակվելը ճակատագրական չէ։

– Իհարկե ոչ։ Շաքարային դիաբետով հիվանդների համար կորոնավիրուսով վարակվելը ճակատագրական չէ։ Եթե արյան մեջ գլյուկոզը ճիշտ ձևով կոմպենսացվում է, եթե ճիշտ ժամանակին դիմում են մասնագետի, ու ամեն ինչ ժամանակին կազմակերպվում է, ոչ մի խնդիր չի կարող լինել։ 

Ընդամենը 5 տոկոսն է, որ այս վարակը ծանր է տանում, 15 տոկոսը՝ միջին ծանրության, մնացած 80 տոկոսը՝ թեթև։ Դա, կրկնում եմ, կախված է հիվանդի արդեն ունեցած բարդություններից։ 

Մենք ունենք բուժայցելուներ, որոնք դիաբետից առաջացած բարդություններ ունեն, որոնց հետ արդեն իսկ առանց վիրուսի բավական դժվար է աշխատել, առավել ևս՝ վիրուսի պայմաններում։

– Ի՞նչ խորհուրդ եք տալիս այդ խմբի մարդկանց։ 

– Բարձր գլյուկոզի մակարդակը ցանկացած վարակի նկատմամբ կախվածության մեխանիզմի հիմքն է, այսինքն՝ բարձր գլյուկոզի դեպքում, անկախ դիաբետի կարգից, ցանկացած ինֆեկցիա, առավել ևս՝ թոքաբորբը, ծանր է ընթանում, հիվանդը ծանր է տանում։ 

Այս պարագայում առաջին օգնությունը գլյուկոզի կոմպենսացումն է, քանի որ դրա բարձր մակարդակը բացասաբար է ազդում ցանկացած վարակի դեպքում։ Եվ դա կապ չունի շաքարային դիաբետի կարգի, տեսակի, անձի տարիքի հետ։ 

Առաջին քայլը գլյուկոզի մակարդակի կարգավորումն է և առաջին իսկ ախտանշանների դեպքում բժշկի դիմելը։ Այս պարագայում ինքնաբուժությունը անթույլատրելի է։ 

– Ի՞նչ կարող է լինել, երբ մարդը հենց կորոնավիրուսի ժամանակ է հայտնաբերում, որ շաքարային դիաբետ ունի։

– Այո՛, նման դեպքեր մենք ունեցել ենք։ Օտարերկրյա մեր գործընկերներից մենք ունենք ապացուցված տվյալներ, որ կորոնավիրուսն ախտահարում է ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք արտադրում են ինսուլին, և առողջ գեղձը կարող է ժամանակավոր խնդիր ունենալ։ 

Բազմաթիվ հիվանդների մոտ ունեցել ենք գլյուկոզի տրանզիտոր բարձրացումներ, բացի այդ, քանի որ այս հիվանդները ստանում են նաև «Դեքսամետազոն» դեղամիջոցը, որը նույնպես կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզը։ 

Այլ հարց է՝ արդյոք դա կորոնավիրուսից հետո կվերածվի՞ շաքարային դիաբետի և կմնա, թե՞ ոչ։ Դա արդեն հարցի մյուս կողմն է, որը մենք հետագայում կուսումնասիրենք, կտեսնենք։ Այսինքն՝ կարևոր չէ՝ որ պահից է շաքարային դիաբետը հայտնաբերվել անձի մոտ, բուժման սխեման նույնն է։ 

Ցանկացած քրոնիկական հիվանդություն ունեցող անձ ավելի դժվար է ապաքինվում, բայց դա վարակվելու հետ կապ չունի։ Այսինքն՝ եթե մարդու իմունիտետը, դիմադրողականությունը ցածր է, ավելի հեշտ ես վարակվում, այն անձը, որի դիմադրողականությունը բարձր է, կարող է նաև չվարակվել կամ ասիմպտոմ տանել։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am