«Պահանջատիրությունը հնարավորություն է տալիս հայերին դուրս գալու զոհի կերպարից». Արտակ Շաքարյան

«Պահանջատիրությունը հնարավորություն է տալիս հայերին դուրս գալու զոհի կերպարից». Արտակ Շաքարյան
«Պահանջատիրությունը հնարավորություն է տալիս հայերին դուրս գալու զոհի կերպարից». Արտակ Շաքարյան

Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի’ հայ-թուրքական արձանագրություններն աշխուժություն մտցրին հայ-թուրքական հարաբերություններում, և հայ հասարակությունը նորովի նայեց այդ հարաբերություններին:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական աղմկահարույց արձանագրությունները, որոնք հետևեցին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությանը», ստորագրվեցին Ցյուրիխում 2009-ի հոկտեմբերին 10-ին: Սակայն բազում քննադատությունների թիրախ դարձած արձանագրությունները ոչ միայն չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում, այլև Թուրքիային հավելյալ մանևրելու հնարավորություն տվեցին:

Շաքարյանը նշում է, որ արձանագրություններից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման փուլում մի նոր շրջադարձ ի հայտ եկավ՝ հայ հասարակությունը սկսեց պահանջել ոչ միայն ճանաչում, այլև՝ հատուցում:

«Այդ պահանջատիրական էմոցիաները հատկապես հայ-թուրքական հարաբերությունների ձախողումից մեծ թափ առան: Ես կարծում եմ, որ հատուցման պահանջատիրությունը հնարավորություն է տալիս հայերին դուրս գալու զոհի կերպարից, այն է՝ խնդրել բոլորին, որ պարզապես ճանաչեն, և հատուցման պահանջատիրոջ կերպար է ստեղծում»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետը:

Շաքարյանը նույնպես կարծում է, որ 2015 թվականը Ցեղասպանության ճանաչման առումով չի կարող սահմանագիծ լինել, ընդհակառակը, նրա դիտարկմամբ’ Հայաստանը պետք է այդ խորհրդանշական տարելիցն օգտագործի ճանաչման գործընթացը նոր փուլ մտցնելու և նոր ռազմավարություն մշակելու համար:

Ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի թերացումը թուրքագետը համարում է այն, որ մենք հիմնականում փորձում ենք խոսել ներքին լսարանի հետ:

«Մենք փորձում ենք խոսել միայն ներքին լսարանի հետ, մենք փորձում ենք համոզել միայն ներքին լսարանին և գնում ենք միայն մեկ, այն է՝ պատմագիտական ուղղությամբ, մինչդեռ այսօր աշխարհում քարոզչական մեթոդները բավական շատ են, և պատմագիտության հետ մեկտեղ պետք է ավելի լայն սպեկտրով աշխատել՝ պատմություն, իրավաբանություն, մշակույթ, կինոգործիչներ, թատերական ներկայացումներ, երգարվեստ և այլն, որպեսզի տարբեր կողմերից հարվածները տեղան թե´ Թուրքիայի, թե´ միջազգային հանրության վրա, որպեսզի ճանաչման հասարակական պահանջն ստեղծվի»,- «Մեդիալաբին» ասում է Շաքարյանը:

Նրա խոսքով’ Ցեղասպանության ճանաչումը նախևառաջ ենթադրում է թուրք հասարակության վերաբերմունքի փոփոխություն:

© Medialab.am